Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հետո եկան իմ հետեւից…»

Հուլիս 08,2022 10:00

«Սկզբից նրանք եկան կոմունիստների հետեւից, եւ ես լռում էի, որովհետեւ կոմունիստ չէի: Հետո նրանք եկան արհմիությունների անդամների հետեւից, եւ ես լռում էի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Հետո նրանք եկան հրեաների հետեւից, ես լռում էի, որովհետեւ հրեա չէի: Հետո նրանք եկան իմ հետեւից, եւ չմնաց մեկը, որ կարող էր ինձ պաշտպանել»: Այս բազմիցս կրկնված, կարելի է անգամ ասել՝ «մաշված» մեջբերումը պատկանում է գերմանացի բողոքական քահանա Մարտին Նիմյոլերին: Դա մեջբերում է քարոզից, որը քահանան կարդացել էր 1946 թվականին, եւ խոսքը, բնականաբար, նացիստների հանցագործությունների մասին է:

Բայց ոչ բոլորը գիտեն այն համատեքստը, որում այդ քրեստոմատիկ ձեւակերպումն արտասանվել էր: Ամբողջ խնդիրն այն է, որ Նիմյոլերն ինքը ժամանակին նացիստ էր, հակակոմունիստ եւ հակասեմիտ: Հետեւաբար, նա ոչ միայն «լռում էր», երբ գալիս էին կոմունիստների, արհմիության անդամների եւ հրեաների հետեւից, այլեւ, գուցե հոգով ուրախանում էր: 1933 թվականին իշխանության եկած Հիտլերի մեջ նա տեսնում էր «ազգային-պահպանողական» մի գործչի, որը վերջ կտար Վայմարյան հանրապետության քաոսին, իսկ այդ քաոսի մեջ Նիմյոլերը մեղադրում էր առաջին հերթին «ձախերին» եւ հրեաներին: Նա դարձավ նացիստական կուսակցության անդամ, եւ այդ հանգամանքը սկզբնական շրջանում չէր խանգարում իր եկեղեցական ծառայությանը: Բայց հետո «խանգարեց». տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է գնում, քահանան իր քարոզներից մեկի ժամանակ ասաց, որ պետք է ենթարկվել Աստծուն եւ ոչ թե մարդուն: Հիտլերին դա, իհարկե, դուր չեկավ, որից հետո, «եկեղեցու գերակայության դեմ պայքարի» շրջանակներում, քահանային ազատազրկեցին 7 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածից վերջին 4 տարին նա անցկացրեց Դախաու համակենտրոնացման ճամբարում: Ազատություն ստանալուց հետո Նիմյոլերը սկսեց խոսել «ազգովի ապաշխարելու» մասին, եւ հենց այդ համատեքստում է, որ հանդես եկավ մեջբերված հայտնի բանաձեւով:

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը: Պետք չէ ուրախանալ որեւէ մարդու քաղաքական հետապնդմամբ՝ անկախ նրանից՝ ձեզ դո՞ւր է գալիս այդ մարդու կերպարը թե ոչ, դուք կիսո՞ւմ եք, թե չեք կիսում նրա քաղաքական հայացքները: Ինձ համար անընդունելի էին 1994 թվականից ի վեր մեր երկրում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, այդ թվում՝ 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների (որոնց մեջ նաեւ՝ Փաշինյանի) հետապնդումները, նույնչափ մերժելի է այսօր Հրայր Թովմասյանի, դաշնակցականների, Մամիկոն Ասլանյանի, Ավետիք Չալաբյանի հետապնդումը: Այսօր կան մարդիկ, որոնք այս՝ վերջին բռնաճնշումների առթիվ հրճվում են, նրանք կարծում են, որ վրեժխնդիր են եղել «նախկին հանցագործներից»: Բայց այդ ուրախությունը պատրանքային է: Երբ դու քաղաքական կամ անձնական նախասիրություններից ելնելով խրախուսում ես, որ իշխանությունն իրեն կամայականություններ թույլ տա, դրա վերջը լավ չի լինում: Ո՛չ «սեւերն» են դրանից շահում, ո՛չ «սպիտակները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հոդվածի թեմայով ասեմ, որ այստեղ եւ մեր խնդիրներն են ներկայացված, եւ այդ խնդիրների լուծումները: Առաջինը, պետք է լինել սկզբունքային ճշտի կողմնակիցը եւ եթե ընդունում ես, որ սխալ գաղափարի ջատագովն էիր, հիմարություն եւ ամոթ չի ճանաչել սեփական սխալներն եւ նույնքան սկզբունքորեն ընդունել նոր եւ ճիշտ գաղափարը, բայց ոչ մի երաշխիք չկա, որ սա էլ սխալ չի դուրս գա: Սկզբունքայնությունը գաղափարի ջատագով լինելը չի, այլ ճշտի կոշմնակից լինելն է, որի համար մարդը գիտակցորեն անցավ համակենտրոնացման ճամբարներներով: Երկրորդը, մեր մեծագույն դարավոր սխալների եւ համապատասխանաբար դժբախտությունների աղբյուրը՝ դա բարեկամին թե թշնամուն աստվածացնելն է, արդյունքում, մենք մեր պապերի հետ անցել են դժոխքով եւ պետք չի մեր թոռներին նույն ճանապարհով ուղեկցենք, նոր երջանկության ճանապարհ կառուցենք, դրա համար պետք է ապաշխարհենք, ինչպե՞ս, բացի մեզնից ու մեր Արարչից ոչ ոք մեր ճակատագրի հեղինակը չի կարող լինել, համապատասխանաբար, մեծագույն մեղքը եւ մեր դժբախտությունների աղբյուրը՝ բացի մեր երկուսից էլի ինչ որ մեկին լավ կամ վատ ճանաչելն է՝ ամերիկան լավն ա, ֆրանսիան լավն ա, ռուսաստանը վատն ա, թուրքերը վատն են, էշություն, լավն ու վատը միայն մենք ենք երկուսով՝ բայց քանի որ մեր Արարիչը ապրիորի վատը չի կարող լինել եւ միայն լավն ա, մնում է վատն ու լավը մենք մեր մեջ գտնենք: Այստեղ չկան դավաճաններ ու թալանչիներ ու պուպուշներ՝ քանի դեռ մի դավաճան կամ թալանչի կա մեր մեջ, մենք հիվանդ ենք, դավաճանթալանչիները կարող են վարակել պուպուշներին եւ ապուշացնել նրանց:) Մեր լեքսիկոնից հանենք սրան նրան փնովել, խոսենք, թե մենք ինչ ենք արել եւ ինչ չենք արել մեր թոռների համար նոր բարձրակարգ ճանապարհ կառուցելու համար:
    Ճանապարհը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, իսկ բավարարը՝ դա երբ ընտրական համակարգը ընտրում է որպես ղեկավար ազգի լավագույններից լավագույնին, իսկ դրա համար ազգին պետք է սովորեցնել բոլոր հարցերում ընտրել լավագույններից լավագույնին: Նախանձը, թույնը պետք է համարվեն նույնքան մեղք, ինչ դավաճանթալանչին, իրար հարիֆցնելն ու քցելը նույնքան մեղք, ինչ դավաճանթալանչին ու լիքը վատ բաներ պետք է մեր միջից վերացնենք եւ մենք կդառնանք առողջ բարձր դիմադրողականությամբ առանց բարդույթների ազգ: Այդ ժամանակ մենք մեր Արարչի հետ կդառնանք ներդաշնակ, համակարծիք եւ սուրբ, իսկ սրբերը աստվածային զորություն ունեն եւ մեր դեմ խաղ չկա: Կրոնը՝ դա Արարչի հետ խոսելու լեզուն է, վերհիշենք մեր աստվածային լեզուն եւ տարածենք այն աշխարհով մեկ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031