Լրահոս
Օրվա լրահոսը

Ռախմանինովի անվան մրցույթի 4 հայ դափնեկիրներից մեկը Երեւանում է

Հուլիս 09,2022 12:30

Հարցազրույց ռուսաստանցի դաշնակահարուհի Եվա Գեւորգյանի հետ

Ռուսաստանցի դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ 4 տարի առաջ՝ 14 տարեկանում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կատարելով Շոպենի երկրորդ կոնցերտը։ Պատանի դաշնակահարուհին արդեն այդ տարիքում մասնակից էր ոչ թե մի քանի, այլ բազմաթիվ միջազգային մրցույթների եւ համարվում էր Young Yamaha Artist տիտղոսի միակ կրողը աշխարհում։

Եվա Գեւորգյանը դարձյալ Երեւանում է, այս անգամ՝ վերջերս Մոսկվայում կայացած Ռախմանինովի անվան միջազգային մրցույթից անմիջապես հետո։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 8-ին նա, կրկին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հանդես կգա Ռախմանինովի երկրորդ կոնցերտի մեկնաբանմամբ, այս անգամ՝ գերմանացի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ։ «Առավոտը» գլխավոր փորձի ընդմիջմանը զրուցեց դաշնակահարուհու հետ։

– Նախ շնորհավորում ենք հեղինակավոր այդ մրցույթում երրորդ  մրցանակին արժանանալու համար եւ քանի որ դուք արդեն մի քանի տասնյակ մրցույթների դափնեկիր եք, այդ թվում՝ Վան Կլիբերնի, Շոպենի, Շումանի անվան, բոլորը հնարավոր չէ թվարկել, հետաքրքիր է՝ հիշո՞ւմ եք ձեր առաջին մրցույթը։

– Վեցուկես տարեկան էի, մասնակցում էի Չեխիայում անցկացվող «Ամադեուս» միջազգային մրցույթին։ YouTube-ում մի տեսանյութ կա, որտեղ ես կարմիր շրջազգեստով Մոցարտ եմ նվագում ու ոտքերս ոտնակին չեն հասնում, դրա պատճառով տպավորություն է, թե անընդհատ հարվածում եմ գործիքին։ Մոցարտից բացի, նվագեցի Բեթհովենի երկրորդ սոնատը ու գրավեցի 2-րդ տեղը, ինչի առիթով շատ տխրեցի, նույնիսկ լաց եղա։ Ինքս ինձ խոստացա, որ եթե մասնակցեմ միջազգային մրցույթների, ապա միայն առաջին մրցանակներ պետք է ստանամ։ Իսկ ընդհանրապես մասնակցել եմ 50 միջազգային մրցույթի, այդ թվում՝ Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Իտալիայում եւ այլն, արժանանալով առաջին մրցանակի կամ Գրան պրիի։ Ռախմանինովի անվան մրցույթում, որն անցկացվում էր 3 անվանակարգերով՝ «Դաշնակահարներ», «Կոմպոզիտորներ» եւ «Դիրիժորներ», 3-րդ մրցանակի արժանացանք միանգամից երեք դաշնակահար, երեքն էլ «յան»-ով վերջացող ազգանվամբ՝ Իլյա Պապոյան, Կոնստանտին Խաչիկյան եւ ես։ Դիրիժորների մրցապայքարում հաղթողը դարձյալ «յան»-ով վերջացող ազգանվամբ էր՝ Գուրգեն Պետրոսյան, իսկ «Կոմպոզիտորներ» անվանակարգում «յան»-ով վերջացող ազգանուն ուղղակի չկար…


– Ո՞ր տարիքում եք առաջին անգամ նվագել նվագախմբի հետ։

– Տասը տարեկան էի, Իվանովոյի ֆիլհարմոնիայում Հայդնի կոնցերտ եմ նվագել։ Հիշում եմ՝ բոլորը շատ բարի էին իմ հանդեպ։ Մատներս ստեղնաշարին դրած սպասում էի իմ մեկնարկին։ Հետո ինձ բացատրեցին, որ այդպես պետք չէ սպասել։ Հիմա երբ հիշում եմ՝ շատ եմ զվարճանում։

Ես սիրում եմ նվագել նվագախմբի ընկերակցությամբ։ Երբեմն ինձ հարցնում են՝ ո՞րն եմ նախընտրում՝ ելույթներ նվագախմբի՞ հետ, թե՞ ընդհանրապես սոլո, ժպտալով պատասխանում եմ՝ այլ կերպ։ Իհարկե, նվագախմբի հետ համերգներիս մեծ աջակցություն եմ զգում նվագախմբի երաժիշտների կողմից, իսկ երբ միայնակ ես բեմում, ապավինում ես միայն քեզ։

Երեւանյան գլխավոր փորձի ժամանակ

– Կա՞ն ստեղծագործություններ, որոնք տեխնիկապես բարդ են ձեզ համար եւ չեք անդրադառնում դրանց։

– Համաշխարհային երաժշտական գրականությունից, այսինքն դասականներից՝ ոչ, բայց այսօր շատ բարդ ժամանակակից երաժշտություն կա։ Հիշում եմ՝ մրցույթներից մեկում երբ հանդես եկա ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր Ուիլյամ Բոլկոմի «Թիթեռներ, կոլիբրիներ» ստեղծագործության մեկնաբանմամբ, որտեղ պարզապես լսելի է թիթեռների թեւերի դողը, կարծես մատներիս տակ զգում էի այդ դողը։ Ցանկանում եմ ավելի շատ ժամանակակից երաժշտություն ներառել իմ նվագացանկում։

– Հասցրել եք մենահամերգներ ունենալ աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Իսրայելում, Մալթայում եւ այլուր, մասնակցել հեղինակավոր փառատոների, ելույթներ ունեցել հայտնի այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Դալլասի, Լյուցերնի, Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախմբերը, Վարշավայի ֆիլհարմոնիկը եւ այլն, համագործակցելով անվանի դիրիժորների հետ…

– Հատկապես կառանձնացնեմ ելույթներս Վալերի Գերգիեւի, Անդրեյ Բորեյկոյի, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոստերի, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

– Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ ձեր համագործակցությունը Վալերի Գերգիեւի հետ։

– 15 տարեկան էի, երբ առաջին անգամ հրավեր ստացա Վալերի Աբիսարովիչի կողմից։ Բնականաբար, անհամբեր սպասում էի այդ հանդիպմանը։ Եկավ օրը, գնացի փորձի, նվագախմբի հետ փորձեցինք Ռախմանինովի Ռապսոդիան՝ Պագանինիի թեմաներով, փորձը վարում էր նրա օգնականը։ Իսկ մաեստրո Գերգիեւը պարտերում նստած հետեւում էր։  Երբ ավարտեցի, նա կանգնեց ու ծափահարեց։ Ես դա ամբողջ կյանքում կհիշեմ։

– Կա՞ որեւէ ստեղծագործություն, որը հաճախ «հնչում» է ձեր մտքում, ուղեկցելով ամենուր։

– Կա։ Ռախմանինովի կոնցերտի 2-րդ մասը հաճախ է հնչում իմ գլխում եւ երբեմն թվում է, թե այն ցմահ է այնտեղ նստել։

– Լսո՞ւմ եք այլ ժանրի երաժշտություն, ասենք՝ փոփ։

– Շատ հազվադեպ։ Իրականում ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Երբեմն լսում եմ Բիթլների, Queen խմբի երգերը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Thank you Yeva and good luck!
    Please remember also “S.Rachmaninoff Elegie op 3 no 1”
    https://www.youtube.com/watch?v=sTUxrPJfpqk

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031