Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ենթադրաբար ինքնասպանություն գործած զինծառայողն այն նույն զորամասից էր, որտեղից վատ բարքերի պատճառով զինվոր էր փախել

Հուլիս 15,2022 13:40

Հուլիսի 14-ին մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի  ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրած զինծառայող Արսեն Մանուկյանը Aravot.am-ի տեղեկություններով Կապանի զորամասի զինծառայող էր: Այն նույն զորամասի, որտեղից այս տարեսկզբին նորակոչիկ էր փախել՝ պատմելով զորամասի վատ բարքերի մասին: Հիշեցնենք, որ այդ փախած զինծառայողի տատիկը զինվորական ոստիկանությանը թոռանը հանձնեց պայմանով, որ նրան այլեւս չեն ուղարկի այդ նույն զորամաս:

Արսեն Մանուկյանին, նրա քրոջն ու ավագ եղբորը՝ Զավենին, որը պայմանագրային զինծառայող է, 44-օրյա պատերազմի մասնակից՝ Վարդենիսում բնութագրում են որպես հրաշալի երիտասարդների, որոնք նաեւ շատ խելացի են:

Aravot.am-ը զրուցեց Արսենի քրոջ՝ Մարիամ Մանուկյանի հետ:

«Ինքը միշտ մեզ զանգել է շատ ուրախ: Վերջին անգամ երկուշաբթի ենք խոսել, ամեն ինչ լավ էր, ուրախ, զվարթ, կատակներով մեզ հետ խոսել էր: Թե ինչ եղավ, որ այդպես եղավ: Մենք Արսենի հետ խոսելուց էլ կզգայինք, եթե խնդիր լիներ, բայց ինքը երբեք չի դժգոհել»,- պատմեց Մարիամ Մանուկյանը:

ԶԼՄ-ների տեղեկությունների առնչությամբ, թե ինքնասպանությանը նախորդել էր վիճաբանություն, Մարիամ Մանուկյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն:

«Կարող է ինչ-որ մեկն է դրդել, բայց ինքը նման բանի ընդունակ չէր»,- ասաց Մարիամ Մանուկյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031