Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ԲԿ-ում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

Հուլիս 16,2022 20:05

Վերջին 3 տարիների համեմատությամբ՝ Վանաձորի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքի կանչերի թիվն ավելացել է մոտ 30 տոկոսով: Տարեսկզբից մինչեւ հուլիս ամսվա առաջին տասնօրյակը բաժանմունքում գրանցվել է մոտ 13.000 կանչ:

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքի ավագ բուժքույր Ռուզաննա Աստոյանի խոսքով՝ քիչ չեն նաեւ անհիմն կանչերը. «Երեւի COVID-ի բարդություններից կամ հիվանդի վիճակից ելնելով հիմա ավելի են կանչում բուժօգնություն կազմակերպելու նպատակով: Կան անհիմն կանչեր, առանց կարիքը զգալու կանչում են, որոնք ավելի են դժվարացնում մեր աշխատանքը: Հնարավոր է այդ պահին ավելի կարեւոր ու ծանր հիվանդի մեկնենք օգնության, բայց տվյալ պահին շտապ կանչով կանչում են: Լինում է, որ մեկ ժամվա մեջ 15-20 կանչ է լինում»:

Եղանակով պայմանավորված այս ժամանակահատվածում կանչերի գերակշռող մասը կապված են զարկերակային ճնշման տատանումների հետ. «Հիմա շատացել են նաեւ վեգետատիվ կրիզները, որոնք ավելի շատ նյարդային համակարգի խանգարումներ են՝ թե՛ երիտասարդների մոտ, թե՛ միջին տարիքի մարդկանց մոտ: Սրտային անբավարարությունները նախորդ տարիների համեմատ մի փոքր նվազել են, փոխարենը շատացել են վեգետատիվ կանչերը»,- ասում է Ռուզաննա Աստոյանը:

Վանաձոր քաղաքն ու շրջակա 19 համայնքները սպասարկում է շտապօգնության 5 խումբ. «Ըստ չափորոշիչի՝ գյուղական վայրերում իրավունք ունենք հիվանդի բնակության վայր մոտենալ մինչեւ 30 րոպեի ընթացքում, իսկ քաղաքում՝ մինչեւ 20 րոպեի ընթացքում: Իսկ հիվանդի սպասարկման համար ունենք 20 րոպե, եթե այդ ընթացքում հիվանդի վիճակը չի կայունանում անմիջապես տեղափոխում ենք հիվանդանոց»,- տեղեկացրեց ավագ բուժքույրը, հավելելով, որ իրենց աշխատանքը փոքր-ինչ դժվարացնում է քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակն ու փողոցների հասցեների ցուցանակների բացակայությունը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031