Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր է ինձ համար, երբ սպայի ուսադիր կրող մարդը, որը համարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրա ձեռքից ստանում է պաշտոնը»

Հուլիս 18,2022 15:00

Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի նշանակմանը՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց. «Շատ վաղուց այլեւս չեմ կարողանում հասկանալ Նիկոլ Փաշինյանի՝ հատկապես կադրային քաղաքականության մեջ գործողությունների տրամաբանությունը»։

«Անկեղծ ասած՝ ես շատ վաղուց այլեւս չեմ կարողանում հասկանալ Նիկոլ Փաշինյանի՝ հատկապես կադրային քաղաքականության մեջ գործողությունների տրամաբանությունը»,-«Առավոտի» հիշեցմանը՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի նշանակման հետ կապված լուրջ վերապահումներ ուներ, մանավանդ որ, նա ստորագրել էր ԳՇ-ի հայտնի հայտարարության տակ, որտեղ պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի կարծում է, որ այդ ստորագրությունը խանգարելո՞ւ է, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության տապալումներից էին Արթուր Վանեցյանի, Վալերի Օսիպյանի, Հունան Պողոսյանի նշանակումները։ Նա մանրամասնեց. «Էլի բազմաթիվ մարդիկ, որոնց նշանակումից հետո շատ կարճ ժամանակ անց ստացվեց բացասական արդյունք։ Հետեւաբար ի՞նչ նպատակներ ունի, ի՞նչ նպատակով է նշանակում անում Նիկոլ Փաշինյանը, շատ դժվար է հասկանալ։ Բոլորի համար տպավորություն է ստեղծվում, որ որեւէ մեկը կարող է օրենքին հակասող կամ դատապարտելի արարք անել, բայց շարունակի ստանալ պաշտոններ։ Այդ նույն տրամաբանության մեջ գործում են ոստիկանության տարբեր պաշտոնյաներ, որոնք խոշտանգման մեջ մեղադրվում են, բայց նրանց պաշտոնները բարձրանում են, նույն տրամաբանության մեջ է ՀՀ գլխավոր դատախազը. մինչեւ վերջին օրերը շարունակելու է պաշտոնավարել։ Նաեւ գեներալները, որոնք պարտության մեղավորներից ամենակարեւորն էին, պատասխան տալու փոխարեն շարունակում են պաշտոնավարել։ Պատերազմը պարտվելուց հետո էլ շարունակում են պաշտոններ, մեդալներ ստանալ։ Չկա ՀՀ-ում գեներալ, որը բանակի հետ կապված պատասխանատվություն չկրի։ Այդ գեներալները սրբազան կթու կովի նման բանակը պահում էին իրենց համար։ Ու իրենք գիտեին՝ ներսում ինչ է տեղի ունենում, հետեւաբար իրենցից յուրաքանչյուրը պատասխանատու է։ Բայց քիչ է, որ պատասխանատվություն չկրեցին, որ ռազմական հեղաշրջման կոչ արեցին, այդ կոչի տակ ստորագրեցին եւ պատրաստ էին որոշակի գործողությունների գնալ, հիմա էլ որպես խրախուսում պաշտոնի բարձրացում է տրվում»։

Մեր դիտարկմանը՝ այդ տրամաբանությամբ եթե շարժվեին, հնարավոր է՝ տարիներ շարունակ ԳՇ պետ չունենայինք, քանի որ գեներալների մեծամասնությանն էլ կարելի է մեղավոր համարել, Նինա Կարապետյանցն արձագանքեց. «Համաձայն չեմ, որովհետեւ արտակարգ իրավիճակներում, իսկ պատերազմը, այդ կարգի պարտությունը, հեղափոխությունը, դրանից հետո ստեղծված իրավիճակը թույլ են տալիս արտակարգ միջոցներ, գործիքակազմ օգտագործել, որը այլ պայմաններում ուղղակի անթույլատրելի կլիներ։ Այդ իրավիճակում, այդ վարկաբեկված, հանցավոր ռեժիմի արգասիք գեներալիտետը՝ հատկապես նրանք, որոնք ռազմական հեղաշրջման փորձի կոչի տակ ստորագրել էին, չպետք է լինեին որեւէ այլ պաշտոնում։ Մենք ունենք այլ սպայական կազմ, որը արտակարգ կարգավիճակով, ոնց Քարամյանին 48 ժամվա մեջ կարողացան սարքել գեներալ՝ տարբեր տեղեր մտցնել հանելով, նույն տրամաբանության մեջ կարող էին մի ողջամիտ, առողջ, բավարար գիտելիք ու փորձ ունեցող գեներալ նշանակեին այդ պաշտոնում։ Բայց, ոչ, իրենց տրամաբանությունն այլ հարթակում է։ Սա նշանակում է փոխադարձ կապը։ Շատ են շահարկում, որ դա հատուկ կառույց է, այնտեղ նման բան անել չեն կարող։ Կարելի է ու պետք է անել, որովհետեւ, եթե այդ փոփոխությունը չես անում, ունենում ես այս այլանդակ պարտությունները։ Այնպես որ, նժարի վրա դրված է պետություն ունենալը։ Ավելի ծանր է ինձ համար այն, որ սպայի ուսադիր կրող մարդը, որը համարել է, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործ ու մեղավոր է եւ պետք է հեռանա, իր ձեռքից ստանում է պաշտոնը։ Ես չգիտեմ՝ առհասարակ մնացե՞լ է սպայի պատիվ, խոսքի արժեք, գործողությունների հետեւողականություն, թե՞ կարեւորը քեզ մի պաշտոն ու տաբուրետկա տան, որ դու համարես՝ լավ տղա ես»։

Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ այս փոփոխությունները ՀՀ զինված ուժերը ՀՀ ՊՆ-ին ենթարկելու համար են արվում, թեեւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մի առիթով նշել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն պետք է ենթարկվի ՊՆ-ին եւ Գերագույն հրամանատարին, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Դու փաստացի տեւական ժամանակ պատերազմի մեջ ապրող երկիր ես, եւ չի բացառվում, որ նորից պիտի լինի պատերազմ, հետեւաբար քեզ համար շատ կարեւոր է ունենալ կառավարում, որը կաշխատի պատերազմի ժամանակ։ Ու շատ կարեւոր է, որ լինեն բոլոր բաղադրիչ մասերը։ Այս համակարգը նախատեսում է Գլխավոր շտաբ։ Քանի դեռ դու բանակի ռազմավարության փոփոխությունը վերջնականապես ի մի չես բերել, նախատեսվում է, որ լինի ԳՇ։ ԳՇ-ն հանում են այն ժամանակ, երբ պատրաստվում են անվտանգությունը, պաշտպանությունը հանձնել երրորդ կողմին։ Ու քեզ ուղղակի ԳՇ պետք չէ։ Քեզ պետք է ինչ-որ ընդհանուր շտաբի ներկայացուցիչ՝ ՊՆ, որը կնստի Երեւանում իր տեղակալներով։ Այ, դրանում է տրամաբանությունը, որ ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգության ապահովումն ավելի մեծ ծավալով է պատրաստվում հանձնվել երրորդ կողմին, քան մենք այսօր ունենք։ Դու կարող ես լուծարել ԳՇ-ն մի պայմանով, եթե դու այլեւս չպետք է ունենաս քո սեփական բանակը, քո բանակը պիտի կազմի այլ միավորի ինչ-որ մաս։ Ու սա շատ վտանգավոր է, քանի որ այդ՝ այլ մարմնի մաս մենք արդեն իսկ մասնակիորեն կազմում ենք, եւ մեր սահմանային անվտանգությունը հանձնված էր ՀԱՊԿ-ին, ու մենք տեսանք դրա արդյունքը, դրա չաշխատելը Վարդենիսում, Դավիթ Բեկում, Սեւ լճում։ Ու պարբերաբար այդ վիճակը լինելու է։ Սա շատ վտանգավոր է, եւ այդ գործընթացն ավելի շատ կնմանվի դավաճանության, քան մինչեւ այս պահն արված ցանկացած այլ գործողություն»։

Նինա Կարապետյանցին հակադարձեցինք Սուրեն Պապիկյանի խոսքերով, թե «մենք դառը փորձ ունենք, կյանքը ցույց է տվել, որ շատ հարցերում մենք թերացումների պատճառով մեր խնդիրները չենք կարողացել լուծել, եւ սա այն ճանապարհն է, որի միջոցով մենք փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ եւ համակարգը դարձնել ավելի սահուն եւ ղեկավարման օղակը դարձնել վերից վար»։ Նինա Կարապետյանցն էլ նշեց. «Գեղեցիկ փաթեթավորելն այս իշխանությունների մոտ շատ սիրուն է ստացվում։ Ինչո՞ւ խնդիր առաջացավ ԳՇ-ի հետ, որովհետեւ մենք խնդիր ունեցանք նաեւ կարգավորումների, մինչեւ անգամ սահմանադրական։ Ինչո՞ւ մենք խզում ունեցանք տարբեր կապերի, հիմա էլ գործեր ենք քննում դավաճանությունից մինչեւ սաբոտաժ։ Այդ խզումը տեղի ունեցավ երկու պատճառով, որովհետեւ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին դուր եկավ, ու նա տեղավորվեց դրա մեջ ու հաշվի չառավ, որ այդ Սահմանադրությունն ունի մեծ խնդիրներ մարդուն պաշտոնին նշանակելուց, ազատելուց սկսած մինչեւ ուղղահայաց իշխանոթյան ուղղայացող կառավարման ընթացքն ապահովելու խնդիրները։ Չարեցին լյուստրացիա. պետք էր հանել, համակարգից դուրս շպրտել նրանց, որոնք չեն ծառայում ՀՀ-ին եւ այլ երկրների գործակալական ցանցի մաս են կազմում։ Երբ դու այս ամենը չես անում, սկսում ես զբաղվել հիմարություններով, իրավիճակային լուծումներ գտնելով, ինչպես ՍԴ-ի հետ կապված խորքային բովանդակային հարցը բերեցին, սարքեցին Հրայր Թովմասյանին գործից հանելու որոշում, այնպես, ինչպես ԲԴԽ-ի Վարդազարյանին գործից հանելու համար սկսեցին գործընթաց, մինչդեռ ԲԴԽ-ն ամբողջությամբ փոփոխության ենթակա էր։ Նույն պատմությունը լինելու է ԳՇ-ի լուծարման ու չլուծարման տարբերակներում։ Սա լուծում չէ, կարկատան է, իրավիճակային առաջարկ, որն ամբողջությամբ չի ծածկում խնդիրը։ Գեղեցիկ են փաթեթավորում, կարողանում են շատ գեղեցիկ զբաղվել քաղաքացիների ուղեղների փաթեթավորմամբ, մարդիկ էլ ե՛ւ հոգնած են, ե՛ւ հավես չունեն սեփական ուղեղներով մտածելու, ե՛ւ գեղեցիկ փաթեթավորված ստանում են, դրանով էլ կերակրվում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031