Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը շարունակում է Նյու Յորքում մեծածավալ նախագծերը աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ. Ա1+

Հուլիս 22,2022 16:52

Ա1+. Ուղիղ մեկ տարի է, ինչ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Այդ ընթացքում մաեստրոն հասցրել է իրագործել մի քանի մեծածավալ նախագծեր, որոնց շարքում հատկապես առանձնանում է բացօթյա համերգ-ներկայացումների պարբերական շարքը, որով էլ նորովի վերածնունդ տրվեց Նյու Յորքի օպերային թատրոնի գործունեությանը։

«Հատկապես համավարակին հաջորդող տարվա ընթացքում հանդիսատեսը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում մեծ ցանկություն ուներ տնից դուրս գալու, մասնակից դառնալու մշակութային իրադարձությունների․ բացօթյա համերգային նախագծերի իրականացումը հենց այդ նպատակին էր միտված՝ աստիճանաբար վերականգնել մշակութային, երաժշտական կյանքի խաթարված ընթացքը, մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի դարձյալ այցելեն դասական երաժշտության համերգների, ներկայացումների»,- նշում է մաեստրո Օրբելյանը։

Նյու Յորքում Կոնստանտին Օրբելյանը շարունակում է հագեցած ստեղծագործական գրաֆիկով աշխատել՝ մեծածավալ նախագծեր իրականացնելով աշխարհի նշանավոր արտիստների մասնակցությամբ։ Անվանի դիրիժորի ղեկավարությամբ գործող օպերային թատրոնն այս տարի նույնպես ամռան ամիսների համար համերգային ներկայացումներ է նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։

«Օգոստոսի 12-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա Բրայան պուրակում վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի և անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին և ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունեա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Նույն վայրում սեպտեմբերի 2-ին ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»,-ասում է նա։

«Հուլիսի 20-ին նշանավոր Napa Velly փառատոնի շրջանակում ղեկավարեցի It’s ALL Tchaikovsky ծրագիրը, որում հանդես եկա դաշնակահար Դմիտրի Մասլեևի և ջութակահարուհի Տեսս Լարկին, իսկ հուլիսի 23-ին աշխարհահռչակ սոպրանո Լարիսա Մարտինեսի և մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից մեկի՝ Ջոշուա Բելլի հետ համատեղ կներկայացնենք «Ձայնը և Ջութակը» համերգային ծրագիրը»,- տեղեկացրեց մաեստրո Օրբելյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031