Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է նույնիսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարեկան գրանցած ցուցանիշները»․ Վարդան Ջհանյան

Հուլիս 27,2022 22:55

Ըստ պետական եկամուտների կոմիտեի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ)  2022-ի առաջին կիսամյակում վճարած  հարկերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը ։

104 մլրդ դրամի հարկային մուտքը, ընկերության տարածած հաղորդագրության մեջ ներկայացված է որպես  աննախադեպ ցուցանիշ։  Ինչո՞վ է դա աննախադեպAravot.am-ի հարցերին պատասխանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։  Նրա խոսքով, նման ցուցանիշը ի ցույց է դնում ԶՊՄԿ-ի դերը Հայաստանի տնտեսության համար։

-Ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշի գրանցումը:

-Կարծում եմ, գործոնները տարբեր են։ Թեեւ դեր է խաղացել նաեւ հարկային բեռի բարձրացումը՝ արտահանման հարկման ռեժիմը, որն ուժի մեջ է մինչեւ տարեվերջ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է նույնիսկ ԶՊՄԿ տարեկան գրանցած ցուցանիշները։ Սա նշանակում է, որ գրանցված ցուցանիշը աննախադեպ է՝ անկախ հարկային ռեժիմից։ Կարծում եմ՝ սա ողջ թիմի, ԶՊՄԿ անձնակազմի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը

Ընդհանրապես, ԶՊՄԿ- ի եւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի անդամ մյուս ընկերությունների աշխատանքի արդյունավետության բարձրացումը թիմի առջեւ դրված առաջնային խնդիրներից է։ Հատկանշական է, որ այս տարի խմբի մեկ այլ ընկերություն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ բարձրացել է հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնական։

-Բացի հարկային մուտքերից, ի՞նչ այլ դրսեւորում ունի Ձեր նկարագրած արդյունավետության բարձրացումը։ 

-Ես կարծում եմ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, ես, համենայնդեպս չեմ շտապում ամփոփել, քանի որ խոսում ենք երկրի ամենախոշոր հիմնարկի մասին, եւ հապշտապ որոշումներ, արագ լուծումներ չպետք է կիրառվեն, բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ առաջին կիսամյակի արձանագրած արտադրական ծավալների տեմպը պահպանելու դեպքում կգրանցենք տարեկան մոտ 20-25% ավելի արդյունահանման ծավալ նախորդ տարվա համեմատ՝ բացառապես մեր լիցենզիայի շրջանակներում եւ բացառապես արդյունավետության բարձրացման շնորհիվ։

Խնդիրները շատ են, բայց դրանք ճիշտ գնահատման եւ առավել էֆեկտիվ լուծումների կարիք ունեն։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը ընդամենը 9 ամիս է, որ ստանձնել է ԶՊՄԿ կառավարումը եւ ես կարող եմ ասել, որ այս պահին գրանցված արդյունքները գոհացնում են, բայց անելիքներ  դեռ շատ կան։

-Այդ թվում՝ բնապահպանակա՞ն խնդիրները, դրանց լուծում տեսնում ե՞ք։

-Վստահեցնում եմ, որ բնապահպանական խնդիրները մեր առաջնահերթությունն են։ Մենք այժմ գտնվում ենք խնդիրների գնահատման փուլում, եւ դրանք շատ են։ Շատ բան արվում է հընթացս, մենք ներգրավել ենք հայաստանյան եւ արտերկրի մի շարք բարձրակարգ մասնագետների, ընկերության բնապահպանների թիմը նույնպես պրոֆեսիոնալ  է։ Սակայն, խնդիրները պետք է ճիշտ ձեւակերպվեն։ Տարիներով կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ, զգալի միջոցառումներ եւ տեխնիկական վերազինում։ Այս ամենի իրականացման եւ   փոփոխությունների արդյունքների  համար ժամանակ է պետք։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031