Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման  եկեղեցին մզկիթի վերածելու մասին

Օգոստոս 09,2022 10:50

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման  եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ հրապարակելով նաև նախագծի լուսանկարը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, մեկնաբանելով այդ հանգամանք՝ը նշել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա, բայց չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել, պղծել ու ավերել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպենք Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։

«Պետք է համապատասխան մարմինները բոլոր հնարավոր ձևերով աշխատեն, որպեսզի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից որոշակի քայլեր արվեն և այդ ամենը կանխվի»,-ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանն էլ սադրանք է որակել հատկապես այս օրերին ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում հրապարակված նախագիծը՝ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու։

«Սակայն նաև վստահ պետք է լինենք, որ նման ծրագրեր Ադրբեջանն ունի։ Ճիշտ այնպես՝ ինչպես բոլոր այլ բռնազավթված տարածքներում։ Մենք պետք է մեր պետական միջոցներով, հասարակական լայն խավերի ներգրավմամբ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը։ Հարկ եղած պարագայում այդ գործընթացում պիտի ներառենք նաև միջազգային կազմակերպությունների»,-ընդգծել է Սերգեյ Շահվերդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031