Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբեր 06,2022 15:59

Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյա տարեդարձը Վանաձորում նշանավորվել է կերպարվեստի թանգարանում նրա հոբելյանական ցուցահանդեսի բացմամբ:

Սիրելի գեղանկարչին շնորհավորելու և նրա արվեստով հիանալու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է տաղանդաշատ նկարչին և իր գնահատանքի ու շնորհավորանքի խոսքեր հղել, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, բեղմնավոր ստեղծագործական ուղի՝ հանձնելով նաև շնորհավորագիր.
– Հարգարժան պարոն Ավետյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանը: Մեծ հպարտություն է, որ Ձեր նման արվեստի նվիրյալը մեր մարզից է։ Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, որի բարձրարժեք ստեղծագործությունները հարստացնում են հայ կերպարվեստը, մեր հայրենիքը, աշխարհը։ Դուք անգնահատելի ավանդ ունեք նաև սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում,- իր ելույթում մասնավորապես նշել է մարզի ղեկավարը։

Իր օրհնության խոսքը սիրելի գեղանկարչին հղել է նաև Գուգարաց թեմի առաջնորդը՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական ուղի:

Հոբելյարն արժանացել է նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ջերմ բարեմաղթանքներին, շնորհավորագրի և նվերի:

Սիրելի գեղանկարչին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր են հնչեցրել նաև ներկա արվեստագետներից շատերը՝ մաղթելով, որ նա միշտ լեցուն լինի կյանքով, ավյունով և մարդկությունը շատ երկար տարիներ բախտ ունենա վայելելու նրա տաղանդի արգասիքները:
Անհատական ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 118 աշխատանքներ, որոնք հիմնականում վերջին 5 տարիներին արված գործեր են և որոնց մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում: Արվեստասերները Վանաձորի կերպարվեստի թանգարանում ցուցադրությունը վայելելու հնարավորություն կունենան մինչև հոկտեմբերի 5-ը։

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930