Լրահոս
Օրվա լրահոսը

Միաբեւեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է․ Երվանդ Թարվերդյան

Սեպտեմբեր 17,2022 21:29

Նենսի Փելոսիի այցը Հայաստան անվտանգային տեսանկյունից կարեւորագույն փաստ է։ Այս մասին 1in.am-ին տրված հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:  «Միացյալ Հայաստանի» առաջնորդը նշել է, որ միաբեւեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանն ակնկալում  են մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։

Անդրադառնալով տարածաշրջանում գերտերությունների շահերին՝ Թարվերդյանը նշում է, որ Հնդկաստանը բալանս է պահում եւ թույլ չի տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմ ծագի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ձգտում է  տարածաշրջանում  դառնալ  դոմինանտ, ինչը ակնառու էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝  այդ երկրի ներգրավվածությամբ։

«44-օրյա պատերազմում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարվում է Թուրքիայի անմիջական ներգործությամբ։  Նույնիսկ տեղեկություններ կային, որ ադրբեջանական զինուժը ենթարկվում է թուրք բարձրաստիճան զինվորական կազմին», -ասել է նա։

Թարվերդյանի խոսքով, Հայաստանը միջազգային հակամարտության կենտրոնում է, ուստի պետք է փնտրի բնական դաշնակիցների: «Մենք մի բան պետք է հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու։ Ամեն պետություն ունի իր շահերը, որքան մենք ուժեղ լինենք այնքան ցանկալի կլինենք նման պետությունների համար»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդը նշում է, որ կազմակերպությանն անդամակցության թերեւս միակ առավելությունը զենք գնելու համար սհամանված գներն են։ «ՀԱՊԿ անդամ երկու պետություն այսօր ռազմական բախումների մեջ են։ Դա ինքնին ցույց է տալիս, որ այն չի կարող լինել ռազմական համագործակցության կառույց։ Դա հարթակ է, որտեղ տարբեր պետություններ քննարկում են իրենց ռազմական քաղաքականությունը»,- հավելում է Երվանդ Թարվերդյանը:

Նրա խոսքով, մենք պետք է կարողանանք ՌԴ-ի՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ բարձր մակարդակում քննարկել մեր շահերը։ «Վարչապետը պետք է հասկանա, որ իշխանությունն ու երկրի կառավարումը տարբեր բաներ են։ Եթե նա չի կարողանում կառավարել, ապա թող իր տեղը զիջի իր թիմից մեկ ուրիշի, որը կկարողանա ճշգրիտ բանակցությունների արդյունքում ապահովել մեր՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930