Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը՝ Տիգրան Ավինյանի մասին․ «Ուրախ եմ, որ ունենք փորձառու քաղաքապետ, փոխքաղաքապետեր»

Սեպտեմբեր 23,2022 16:48

2023 թվականին Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է, ցուցակն էլ գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։ Այս մասին այսօր հայտնի դարձավ Խաժակյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա ասաց, որ արդեն կա կուսակցության որոշումը։

Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին էլ Խաժակյանն ասաց՝ Երեւանում ցանկացած խնդրի լուծման համար պահանջվում են փորձառու մարդիկ, որոնք ունեն կառավարչական փորձառություն․ «Որպեսզի լրատվամիջոցները չասեն՝ ո՞վ է այս անհայտ պաշտոնյան՝ առանց կառավարման փորձի նշանակվել է այս կամ այն պաշտոնին։ Ես ուրախ եմ, որ ունենք փորձառու քաղաքապետ, փոխքաղաքապետեր, ի տարբերություն այն քաղաքապետի (նկատի ունի Հայկ Մարությանին, Ն․Բ․), որը փորձառու չէր, որը իմպիչմենտով հեռացվեց, եւ հիմա դարձել էր ընդդիմադիր լրատվամիջոցների ֆավորիտը»։

Տիգրան Ավինյանին ուղղված այն մեղադրանքներին, թե նա ժամանակից շուտ նախընտրական քարոզարշավ է սկսել, Դավիթ Խաժակյանն այսպես արձագանքեց․ «Նախընտրական քարոզարշավ դեռեւս մի քանի ամիս առաջ տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ընդդիմադիր, սկսել են։ Թերթերի մի մասը գրում են, որ Արթուր Վանեցյանն է թեկնածուն, մյուս մասը՝ Լեւոն Քոչարյանը։ Բոլորն ասում են՝ չենք բացառում, քննարկումներ դեռ չեն եղել»։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով կիսաքանդ եւ վթարային պատի քանդման թույլտվություն ինչո՞ւ չի տալիս քաղաքապետարանը, ուժեղ քամուց այդ պատը օրերս փլուզվեց , ի պատասխան այս հարցադրման՝ Խաժակյանն ասաց․ «Սխալ է սլաքներն ուղղել քաղաքապետարանին՝ այն պարզ պատճառով, որ արտակարգ իրավիճակը կառավարվել է տեղում, ինչ-որ խնդիրներ լուծվել են, շենքը մնացել է այդպես կիսավեր վիճակում, եւ պարզ է եղել, որ այն փլուզվելու է: Եվ, եթե այսօր էլ շարունակությունը չապամոնտաժվի՝ նոր փլուզումներ լինելու են: Այդ շենքը տվյալ պարագայում մասնավոր սեփականության տիրույթում է, բայց կարծում եմ, որ այս կամ այն կերպ ԱԻՆ-ի կողմից պետք է լինի հստակ ցուցում՝ շենքը ապամոնտաժելու: Եվ պետք չէ որեւէ այլ կառույցի մատնանշել: Եթե մենք հասկանում ենք, որ դա փլուզվող շենք է, գիտեմ նաեւ, որ իրավական գործընթացներ կան, եւ այդ շենքը համարվում է իրեղեն ապացույց, ամեն դեպքում դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ այն չապամոնտաժելու համար: Այն մի դեպքում կարող է չապամոնտաժվել, եթե ամբողջությամբ սահմանազատված է։ Ես, որպես Երեւանի ավագանու անդամ, քաղաքապետի որեւէ պարտավորություն ինչո՞ւ չեմ տեսնում, որովհետեւ քաղաքում կան այլ, ոչ սեյսմակայուն, փլուզման վտանգի տակ շենքեր, մասնավոր տիրապետության տակ։ Թող դիմեն քաղաքապետարանին քանդման թույլտվության համար, որպես վարչարարական գործառույթ դա կանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը չի կարող գնալ մտնել մասնավորի տարածք ու շինությունը քանդել, եթե դրա վերաբերյալ հստակ ցուցում չկա»։

Դիտարկմանն ի պատասխան, թե գերատեսչությունները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդում, Խաժակյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այսօր իշխանական համակարգում թիվ մեկ խնդիրը հենց այդ պատասխանատվության պինգ-պոնգն է՝ մի կառույցը գցում է մյուսի վրա: Եթե նույնիսկ քաղաքապետարանն այդտեղ ունի թերացում, մեղադրանքն ուղղում եմ նաեւ քաղաքապետարանին: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ, ովքեր որեւէ գործառույթ են իրականացրել՝ պատասխանատու կերպով չեն մոտեցել, հետեւողականություն չեն ցուցաբերել: Մեր պետության կառավարչական համակարգի այսօրվա հիմնական պրոբլեմը պատասխանատվության զգացման պակասն է ու վարչարարական պինգ-պոնգը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930