Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ անկախ մարմնի աշխատասենյակում չի կարող լինել գործադիրի ղեկավարի նկարը»․ Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 06,2022 17:37

«Ես կիսում եմ իշխող եւ ոչ իշխող թիմերում առկա բոլոր լավ արժեքները։ Այլ հարց է, որ արժեքների կուսակցականացումը ենթադրում է թիմի լոյալություն ամեն իրավիճակում։ Հիմա ես այդ խնդիրը չունեմ, լոյալ չեմ որեւէ թիմի, եւ կապ չունի, որ մի քանի օր առաջ եմ դադարել լինել ՔՊ-ի անդամ։ Դու կուսակցական չես լինում նրա համար, որ արյանդ մեջ նոր գեն են սրսկում։ Ես սեպտեմբերի քսանից կուսակցականացված չեմ։ Անալոգներ չեմ ուզում անցկացնել, անգամ եթե իրավիճակային նմանություններ կան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԲԴԽ անդամ ընտրված Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տարբերություն իր ընտրության եւ այն փաստի միջեւ, որ ՔՊ-ն ժամանակին քննադատում էր ՀՀԿ-ի կողմից Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելը։

Անդրեասյանի խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ կուսակցական տոմսը վայր դրածներն ավելի շատ են կուսակցականացվել եւ ծառայել թիմին․ «Ես իմ սկզբունքներից չեմ շեղվում։ Եթե սահմանադրությունն ասում է, որ չպետք է լինեմ կուսակցական, ուրեմն կուսակցական չեմ։ Իմ արարքը տարբերվում է իրական անկեղծությամբ»։

Հարցին՝ շարունակելո՞ւ եք ձեր աշխատասենյակում կախել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ «Իմ կյանքում միայն մի ղեկավարի նկար եմ կախել աշխատասենյակում։ Գործադիր մարմնում իմ այդ քայլը եղել է սիմվոլների տրամաբանության մեջ։ Այդ սիմվոլիկան ԱՄՆ-ից մինչեւ այլ երկրներ ընդունված է։ Գործադիրում պետության ղեկավարի նկարն է։ Որեւէ անկախ մարմնի աշխատասենյակում չի կարող լինել գործադիրի ղեկավարի նկարը։ Ավելին, նոր խորհրդանիշ է լինելու՝ դրոշ, գերբ, Ֆեմիդա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31