Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նոր զարգացումնե՞ր Սիսիանում․ ովքե՞ր են վայր դնում ավագանու անդամի մանդատները

Հոկտեմբեր 12,2022 20:40

Հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի  նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլում համայնքի ղեկավար ընտրվեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը։ Նա 9 կողմով ձայնով հաղթեց «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանին, որը ստացել էր 7 կողմ ձայն։ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ Նախշուն Յազուլյանի քվեն որոշեց Արմեն Հակոբջանյանի ճակատագիրը, որն էլ նիստի վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց տիկին Յազուլյանին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բոյկոտել էր նիստի աշխատանքը։

Եվ ահա օրվա վերջում, «Ապրելու երկիր» կուսակալության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը տարածել է հայտարարություն։ Նրանք վայր են դնում մանդատները։

«Սիսիան համայնքի սիրելի հայրենակիցներ։ Այսօր բոլորիդ աչքի առջեւ համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց առաջին նիստը։

«Ապրելու երկիր» խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում եւ համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետեւանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։

Հետեւաբար, առաջին նիստի եւ հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։

Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը եւ նպաստեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։ Սա գնահատում ենք անթույլատրելի եւ անընդունելի։ Այս իրավիճակում, “Ապրելու երկիր” խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում եւ որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։ Միեւնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որեւէ կարգավիճակից»,-նշել է Արա Զաքարյանը։

«Հանուն Հանրապետության» ընտրացուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Արսեն Ավագյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ այն, ինչն այսօր տեղի է ունեցել Սիսիան համայնքի ավագանու նիստի ընթացքում, չի արտահայտում իր եւ իր թիմակիցների կարծիքն ու որոշումը։ «Մեր թիմում որոշում չենք ունեցել, որ մեր թիմը ներկայացնող ավագանու անդամ Յազուլյյան Նախշունը պետք է քվեարկեր Հակոբջանյան Արմենի օգտին, որպես համայնքի ղեկավար։

Յազուլյյան Նախշունը պետք է հասկանար, որ այդ մանդատը իր սեփականությունը չէր, որ վարվեր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Փաստացի պարզվեց, որ ո’չ միայն անվստահելի գործընկեր է Յազուլյյան Նախշունը, այլ թիմին թիկունքից հարված հասցնող։

Ցավում եմ, որ մեր երկրում մանկավարժը կարող է լինել այդպիսին»,- գրել է Արսեն Ավագյանը։ Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել՝ սիսիանցիներին կոչ անելով պատրաստվել նոր ընտրությունների։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31