Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ծառուկյանը հրապարակեց Վլադիմիր Լապշինի ձայնային հաղորդագրությունը՝ Նաիրի Հոխիկյանին, այն մասին, թե ի՞նչ է իրեն ասել Վլադիմիր Կարապետյանը

Նոյեմբեր 11,2022 20:00

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, «Լայվ Նյուզ» կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանի գործով, այսօր տեղի ունեցած դատական նիստի (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) ընթացքում Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը միջնորդեց Գառնիկ Իսագուլյանի քրեական գործի քննությունը կասեցնել՝ մինչեւ «Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի» քաղաքացիական գործով հանգուցալուծում լինի:

Ըստ Աննա Ծառուկյանի, «Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի» քաղաքացիական գործով, որը դեռ նախնական լսումների մեջ է, բացահայտվելու են այնպիսի փաստեր եւ հանգամանքներ, որոնք ապացուցելու են Իսագուլյանի անմեղությունը եւ առ ոչինչ են դարձնելու նրա դեմ հարուցված քրեական գործի՝ սուտ մատնության դրվագը:

Այդ քաղաքացիական գործով, մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսն առգրավված է եւ ինքը չի կարող միջնորդություն ներկայացնել ու այն պահանջել՝ իբրեւ ապացույց հետազոտելու համար, որտեղ էլ պահպանվել են Նաիրի Հոխիկյանի եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությունները՝ ձայնային հաղորդագրությունների տեսքով: Պաշտպանը պնդում է, որ հավանական է, որ այդ գործով պարզվեն իրողություններ, որոնք ակնհայտ կդարձնեն, որ Գառնիկ Իսագուլյանի հայտնած տեղեկությունները եւ արած գնահատողական դատողությունները համապատասխանում են իրականությանը:

Հիշեցնենք, խոսքը վերաբերվում է Նաիրի Հոխիկյանի, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցություններին այն մասին, որ պատերազմ է լինելու, Շուշին հանձնվելու է, որից հետո միայն պատերազմը կդադարի եւ Հայաստանն իր ուղղությունը դեպի Ադրբեջան է փոխելու: Ալեքսանդր Լապշինն, ի դեպ, արձագանքել էր Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին:

Դատախազները առարկեցին՝ հայտարարելով, որ բավարար հիմնավորումներ չներկայացվեցին դատարանին միջնորդության համար, իսկ «Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի» քաղաքացիական գործի մասին տեղեկություններն այս գործի հետ առնչություններ չունեն, քանի որ այս գործով, Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն հայտարարության համար, որ Վլադիմիր Կարապետյանը հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ՝ նրան խնդրելով հանդիպում կազմակերպել Թուրքիայի նախագահի հետ, որպեսզի հնարավորություն ունենա տեղեկություններ փոխանցելու Հայաստանում ֆինանսական ծանր վիճակի մասին, խնդրի, որպեսզի օգնություն տրամադրեն՝ թոշակները վճարելու համար:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու համար:

«Հոխիկյանի հետ ես վերջերս եմ զրուցել եւ իմացել, որ այդ ամբողջ գրագրությունը Լապշինի հետ, եղել է պատերազմից առաջ եւ նույնիսկ օրեր կան մոտավորապես նշված: Այսինքն, մարդիկ իմացել են»,- դատարանում ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ նախկինում իր հայտարարությունները ողբերգական զարգացումները կանխարգելելու նպատակ են ունեցել, բայց պատկան մարմինները ոչ մի բանի լուրջ չեն վերաբերվել: Այժմ էլ նա դատարանին հորդորեց՝ չշտապել, քանի որ «այս հարցով շատ բաներ պիտի ջրի երես դուրս գան»:

«Հարցը Իսագուլյանի դատվել-չդատվելը չի: Այնտեղ դրվագներ կան, որ ԱԱԾ պետը պիտի դատակոչվի, Փաշինյանը պիտի դատակոչվի, շատերը պիտի դատակոչվեն, որովհետեւ առերես իրենց հետ էլ են խոսակցություններ եղել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, պաշտպան Աննա Ծառուկյանը հրապարակեց Ալեքսանդր Լապշինի՝ Նաիրի Հոխիկյանին ուղղարկված ձայնային հաղորդագրության մի հատված, որում նա տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանի միջոցով իրեն ասել է, որ թեեւ դու ադրբեջանցիներին չես սիրում, բայց պետք է պատրաստ լինես, որ շուտով լուրջ փոփոխություններ են լինելու, Նիկոլը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման է գնում եւ իրավիճակները փոխվելու են: Զրույցի այդ հատվածը հրապարակելով՝ պաշտպանն ասաց, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե իրենք գործը հետաձգելով են զբաղված, այլ իսկապես կարեւոր է Նաիրի Հոխիկյանի հեռախոսը, որն առգրավված է «Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի» քաղաքացիական գործով եւ որում բազմաթիվ փաստական տվյալներ են առկա:

Աննա Ծառուկյանը միջնորդեց նաեւ դատակոչի ցուցակից հանել Լուսինե Այրապետյանին եւ Գարեգին Չուգասզյանին, քանի որ այդ վկաները, ըստ նախաքննական ցուցմունքների, չեն տիրապետում տեղեկությունների ինչը կարող է առնչություն ունենալ քրեական գործում նշված դեպքի՝ մամուլի ասուլիսի հետ: Ի դեպ, քրեական գործում հենց այս երկու վկաներն են ներգրավված: Դատախազը նաեւ այս միջնորդությանն առարկեց: Դատարանը որոշեց՝ մերժել միջնորդությունը, պատճառաբանելով, որ վկաներին դատակոչել է մեղադրողը՝ գտնելով, որ նրանց ցուցմունքները կարող են առնչություն ունենալ սույն գործի հետ, ուստի դատարանը նրանց կհարցաքննի, ապա իր դիրքորոշումը կձեւավորի:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930