Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս․ Տարոն Սիմոնյան

Նոյեմբեր 12,2022 12:40

ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Որևէ պետության՝ այսպես կոչված «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝

«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Այս սկզբունքը ճանաչվել է ՀՀ կողմից բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կապ չունի Արցախի Հանրապետության հետ։

Հակառակը.

Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Դա արել է ՀՀ Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով։ Ստորադաս օրենսդրական ակտերով ինչ-որ կարգավորումներ չեն կարող հակասել բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթերին։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում Արցախի հարցը դուրս է բերել տարածքային ամբողջականության ադրբեջանական ընկալումներից 1992 թ․-ին, երբ վավերացնում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը իր կատարծ վերապահումով (ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշում) ։

Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունների մակարդակում (Հանրապետության նախագահներ) բազմիցս նշվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը որևէ տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ (ex- injuria jus non oritur – Անօրինական գործողությունները իրավունք չեն ստեղծում։)։

Իսկ թե բանակցությունների ընթացքում ով ինչ է ասել, ինչքան է ասել, ինչու է ասել և այլն, քանի դեռ չկա դրա արդյունքը՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (օրինակ՝ պայմանագիր), որը պաշտոնապես կներկայացնի պետության դիրքորոշումը, ցանկացած բանակցային կարծիք, ոչինչ չասող հայտարարություն, ձևակերպում ու քննարկում որևէ կապ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ։

Հ.Գ. Քաղաքական գործչի ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, ինքնախաբեության և այլ ինքնաբաների համար պետական ու ազգային շահը ոչնչացնելը քրեորեն հետապնդելի և անբարոյական արարք է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930