Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. «Քինգ Մարշալը» սերտիֆիկատնե՞ր է կեղծել

Դեկտեմբեր 12,2022 14:50

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանից ստացվել է հոկտեմբերի 27-ին հանրային անվտանգության պաշտպանության ծառայությունների ձեռքբերման մրցույթի շրջանակում «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ի կողմից հրավերով սահմանված՝ ղեկավար անձնակազմի հակաահաբեկչական որակավորումը հավաստող փաստաթղթերի (սերտիֆիկատներ) իսկության վերաբերյալ գրություն և կից հավաստագրեր:

Ըստ նույն աղբյուրի, միաժամանակ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ստացված գրությամբ և իրականացված ստուգումներով պարզվել է, որ «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիդ Հովհաննիսյանը 2022 թ․ հոկտեմբերին Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել նշված ընկերության ղեկավար անձնակազմի հակաահաբեկչական որակավորումը հավաստող փաստաթղթեր, որոնց ստուգմամբ պարզվել է, որ ԵՄ Հակաահաբեկչական վարչության կողմից տրամադրված հավաստագիրն իրենից ներկայացնում է համացանցում տարածված բեռի ուղեկցման հավաստագիր, որը ներբեռնվել եւ ֆոտոմոնտաժի միջոցով լրացվել է «Քինգ Մարշալ» ՍՊԸ աշխատակցի տվյալներով և տրվել է ԵՄ հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից, սակայն ստորագրվել է ԵՄ Բելգիայի Բրյուսելի գրասենյակի համակարգող ոմն Թոմաս Հիլթոնի և ԵՄ հակաահաբեկչական գործակալության կողմից՝ առանց պաշտոնատար անձի անձնական տվյալների։

ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կողմից տրամադրված հավաստագրի ստուգմամբ էլ պարզվել է, որ ձևանմուշում առկա են տառասխալներ, պահնորդի անվան անգլերեն տարբերակը լրացված է ձեռագիր և բացակայում են հավաստագիրը տրամադրած կազմակերպության ղեկավարի և քարտուղարի անձնական տվյալները, ուստի նշված արարքին կարող է ողջամտորեն տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական:

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Aravot.am-ը մեկնաբանության համար փորձեց կապվել Հովհաննես Մովսիսյանի հետ, նա չպատասխանեց հեռախոսազանգերին։ Հարցը ուղարկել ենք նաեւ ֆեյսբուքով։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից եւս մեկնաբանություն խնդրեցինք, նա խոստացավ ավելի ուշ մեկնաբանել։

Aravot.am-ը մեկնաբանությունները ստանալուն պես կհրապարակի դրանք։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031