Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը

Դեկտեմբեր 12,2022 20:50 Share

Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագրի 3-րդ փուլը: Լոռու մարզում հնարավորինս ակտիվ դիմելիություն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց տեղեկատվական հանդիպում:

Մարզի վարչական շրջանների և բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչներին, ծրագրով հետաքրքրվող անձանց ծրագրի մանրամասների ու մասնակցության պայմանների մասին տեղեկացրեցին Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Անդրեյ Աբոյանը և նախորդ երկու փուլերում Լոռու մարզից ընտրված 4 շահառուներն, ովքեր արդեն իսկ ծրագրի շրջանակներում բիզնես գործընթաց են սկսել:

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի նպատակն է աջակցել միգրանտներին և նրանց ընտանիքների անդամներին իրենց իսկ կողմից հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս կամ վերադարձել են վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի արտերկրում գտնվելուց հետո, ունեն բիզնես գաղափար և պատրաստ են կատարել իրենց տրամադրվելիք դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), ինչը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:

Հ. Մկրտչյանը կարևորեց ծրագրի իրագործումը և մեր մարզի շահառուների ներգրավվածությունը ծրագրում՝ նշելով, որ սա լավ հնարավորություն է միգրանտների և նրանց ընտանիքների համար: Նա հորդորեց մասնակցել մրցույթի 3-րդ փուլին, հիշեցրեց, որ վերջնաժամկետ 2023 թվականի հունվարի 10-ն է:

Ա. Աբոյանը նշեց, որ ծրագրին կարող են դիմել նաև միգրանտների՝ ՀՀ-ում ապրող ընտանիքների անդամները (ծնողներ, զավակներ, քույրեր, եղբայրներ): Նա տեղեկացրեց նաև, որ դրամաշնորհ ստանալուց առաջ շահառուներն անցնում են դասընթացներ՝ ձեռք բերելով գիտելիքներ և հմտություններ՝ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու և մարքետինգային արշավներ կազմակերպելու նպատակով:

Ծրագրի պատասխանատուն ընդգծեց, որ երկամսյա առցանց ուսուցումից հետո միայն շահառուները կստանան մինչև 10000 եվրո դրամաշնորհ՝ գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ, հումք և այլն ձեռք բերելու, ինչպես նաև բրենդավորման ծառայություններից օգտվելու նպատակով:

 

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031