Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի՝ սաստող, բայց բոլորովին նոր ձեւաչափով կազմակերպած մարզխորհրդի նիստը

Դեկտեմբեր 19,2022 20:45

Այսօր Գյումրու «Տեքստիլագործների ակումբի» դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի տարեվերջյան մարզխորհդի նիստը, որին առանց բացառության մասնակցում էին Շիրակի մարզի բոլոր պետական հաստատությունների ղեկավարները՝ ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի ոստիկանապետը, դատախազը, ԱԱԾ-ի պետը, հիվանդանոցների, թանգարանների, դպրոցների տնօրենները, խոշորացված համայնքների ղեկավարներն ու յուրաքանչյուր բնակավայրի վարչական ղեկավարը։

Մարզխորոհրդի նիստը տևեց բավական երկար՝ մոտ 2-2,5 ժամ։ Պատճառն այն էր, որ ամեն մի ոլորտի պատասխանատու մանրամասն ներկայացնում էր ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։ Այս անգամ զեկույցների ֆորմատը փոխվել էր, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները թերևս իրենց գործունեություն ընթացքում առաջին անգամ սլայդներ էին օգտագործում՝ մեծ էկրանին ցուցադրելով ասելիքը՝ գրաֆիկական պատկերների ու լուսանկարների միջոցով։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը բացման խոսքում ասաց․ «Տարեվերջյան ամփոփիչ նիստը ընդարձակ կազմով ենք անցկացնում, հրավիրյալներ կան մարզային ենթակա կառույցներից, հրավիրել ենք մեր ուժային կառույցների ղեկավարներին, որովհետև մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել ևս բաց լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ և կարևորը՝ հանրության։

Ես կարծում եմ, որ պետական և հանրային գործիչ իր գործելակերպում նախևառաջ պետք է լինի թափանցիկ, հաշվետու, իր գործունեությունը պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Առիթ ունեցել եմ ասելու, որ մոտեցումներում խստությունն ինքնանպատակ չէ, պարզապես պետք է հստակորեն արձանագրվի, որ օրինականությունն առավել է ամեն բանից։

Ցավոք, պետք է արձանագրեմ, որ շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ պաշտոնյաներն ունենում են կաշկանդվածություն՝ գործելակերպի կամ մոտեցումների։ Հաճախ ասում են, երբ չգիտեք՝ ինչպես վարվեք՝ առաջարկում եմ՝ օրենքով։ Օրինականության հիմքում պետք է լինի թափանցիկ աշխատելաոճը։

Այսօր առավելապես կանդրադառնանք թափանցիկությանը, և մենք շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Ցավոք, մեզանից շատերը կարծում են, որ կոռուպցիան կաշառք տալ կամ ստանալն է, բայց շահերի բախումը, պաշտոնական դիրքի չարաշահումը, հովանավորչությունը և այլ արատավոր երևույթները նույնպես կոռուպցիայի դրսևորումներ են և ցանկացած դեպքում, երբ որ դա կնկատվի․ կլինեն հստակ քրեաիրավական հետևանքներ»։

Զեկույցների շարքը սկսվեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանով։

Վերջինս իր խոսքում անդրադարձավ քաղծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին, մասնակիցների թվին, սոցիալապես անապահով քաղաքացիներին ֆինանսական օգնություն հատկացնելուն։ Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ մարզպետարանում այս պահին որևէ ժամանակավոր պաշտոն չկա, ժ/պ-ների արատավոր ինստիտուտը վերացվել է, և բոլոր ժ/պ-ների հաստիքները համալրվել են արտաքին մրցույթներով՝ բաց, թափանցիկ գործընթացով։

Դրամական միջոցների ֆինանսական աջակցությունն էլ, ըստ նրա, նախկինում կանոնակարգված չի եղել։ Իր պաշտոնավարման ժամանակ 2022 թվականի հունվարից եղել է մարզպետի որոշում, որով հստակեցվել է՝ ում, որքան գումար է տրվում և ինչու։ Մարզպետը նաև նշեց, որ քաղաքացուն 10 հազար դրամի օգնություն ցուցաբերելը նվաստացուցիչ է, և իրենք սահմանել են գումարային սանդղակներ, չափորոշիչներ։ Իսկ որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր ֆինանսական նիստից առաջ մարզպետի որոշմամբ ձևավորվում է նոր հանձնաժողով։

«Այսինքն որևէ մեկի սուբյեկտիվ դիտարկումը չի կարող լինել, ձևավորվում է ընդամենը մեկ օր առաջ, կամ երկու օր առաջ և այստեղ սուբյեկտիվ մոտեցումներ չեն կարող լինել»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա մեկ նորություն ևս հաղորդեց մարզպետարանի աշխատակիցներին, տեղեկացրեց, որ գործադիրը տարեվերջյան նիստում հաստատելու է մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը և կառուցվածքը։ Սա ենթադրում է, որ մարզպետարանում հաջորդ տարի կլինեն կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում հաստիքացուցակի փոփոխություն։

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանն էլ իր զեկույցում տեղեկացրեց, որ համայնքների սեփական եկամուտները կատարվել է 86.4 տոկոսով։

Նախատեսված 3 միլիարդ 538 միլիոնի դրամի դիմաց փաստացի հավաքագրումը կազմել է 3 միլիարդ 55 միլիոն 612 հազար դրամ։ Հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում`74 տոկոս, Անի համայնքն էլ՝ 74․4 տոկոս։

Նազելի Բաղդասարյանն, անդրադառնալով հրապարակված ցուցանիշներին, ցույց տվեց իր անգոհունակությունը։ Նա ասաց, որ պետության ստանձնած պարտավորություններն, այդ թվում ֆինանսական, ամբողջովին կատարված են այս պահի դրությամբ, սակայն դրան հակառակ՝ սեփական եկամուտների կատարողականի առումով կա բաց ցուցանիշ։

«Սեփական տուրքերի, հարկերի հավաքագրման նկատմամբ վերահսկողությունը համայնքի ղեկավարի ուղիղ պարտականությունն է, սա համայնքի պարտադիր լիազորություններից է և չկատարումը, բնականաբար, խոսում է լիազորությունների ոչ պատշաճ կատարման մասին։

Ես պատահական չեմ հրավիրել վարչական ղեկավարներին։ Հարգելի՛ վարչական ղեկավարներ, հասկանում եք, որ այս խնդրի ուղղակի կամ անուղղակի հասցեատերը դուք եք։ Որպես մարզպետ՝ ես չեմ միջամտում տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտ, բայց, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման։

Հարգելի՛ վարչական ղեկավարներ, եթե ձեր համայնքում չեն հավաքագրվում եկամուտները, վաղը մյուս օր համայնքի բնակիչներին դուք պետք է պատասխանեք, թե ինչու ինչ-որ պետական ծրագիր չի իրականացվում ձեր համայնքում, ամեն ինչ փոխադարձ է և փոխլրացնող»,-նախազգուշացրեց մարզպետը։

Վերջինս վարչական ղեկավարներին կոչ արեց հետևողական լինել, որ չլինեն արտոնյալներ։

«Շատ հաճախ հարկերից խուսափողները նախկինում ինչ-որ պաշտոն են զբաղեցրել կամ օգտվում են ունեցած նախկին կապերից։ Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կփորձի օրենք խախտել, ձեր մարզպետը ձեր կողքին է, որովհետև օրենքի առաջ բոլորն են հավասար»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Մարզի առողջապահության ոլորտի աշխատանքների մասին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի ելույթի ֆոնին էլ, Շիրակի մարզպետը նշեց, որ իր հանձնարարականով բուժհաստատություններում, դպրոցներում, կրթամշակութային, սպորտի օբյեկտներում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ են անցկացվում հնարավոր խախտումները բացահայտելու վերաբերյալ։

«Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, առավելապես բուժհաստատություններում՝ սպասարկման որակի վերաբերյալ։ Երևույթը կապված է նրա հետ, որ բժիշկներն աշխատաժամերի ընթացքում չեն լինում աշխատավայրում։ Ես հասկանում եմ, որ նեղ մասնագետների պակաս ունենք, բայց սա հիմնավոր պատճառաբանում չէ, որ քաղաքացին ժամերով սպասի որևէ բժշկի։

Դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների վերաբերյալ, աշխատաժամերի և որոշակի գործընթացների առումով»։

Մարզպետը խնդրեց հետևողական լինել, առավել ևս գյուղական ամբուլատորիաներում, որպեսզի սպասարկման որակը լինի պատշաճ։

«Ես որպես մարզպետ՝ համայնքներից մեկում պատահական այցի ընթացքում պարզել եմ, որ ամբուլատորիան ժամը 15․30-ից հետո չի աշխատում, ի՞նչ կարգով, այսինքն, 15․30-ից հետո գյուղում որևէ մարդ վատ չի զգո՞ւմ»։

Մարզպետը նախազգուշացրեց՝ կա աշխատանքային ժամ և աշխատակիցները պարտավոր են տեղում լինելու։ Նա անդրադարձ կատարեց նաև ապօրինի հաստիքներին՝ նշելով, որ այդ խնդիրն առկա է նաև բազմաթիվ դպրոցներում։

«Հաստիքացուցակում անհասկանալի ձևով ունենք մեծ թվով համակարգչային օպերատորներ, գործավարներ, որոշ դեպքերում անհասկանալի հաստիքներ և ես լիահույս եմ, որ 2023 մոտեցումներին համապատասխան հաստիքացուցակները կվերանայվեն։ Այնպես է ստացվում, երբ ղեկավար պաշտոնում նշանակվում է մեկը, իր ազգականներն՝ անմիջականորեն ազգանունը կրող մարդիկ համալրում են տվյալ հաստատության հաստիքացուցակը։ Սա խայտառակություն է, խայտառակություն, և եթե կարծում եք՝ մեր քաղաքացին, մեր բնակիչներն այս երևույթը չեն տեսնում, իհարկե, սխալվում եք։ Էլի եմ ասում, յուրաքանչյուր հաստատության աշխատանքի գնահատականը քաղաքացու գոհունակությունն է», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Մարզպետը մի օրինակ մեջբերեց, թե ինչպես կրթության ներառականության վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ երեխաներից մեկը ծնողը բողոքել է, թե տվյալ դպրոցում հոգեբանի հաստիք չկա։ Եվ երբ մարզպետը գործի է անցել, որ շտկի այդ հարցը, ճշտել է, որ այդ դպրոցը հոգեբանի հաստիք ունի, և կա մարդ, որն այն զբաղեցնում է։

«Սա ևս մեկ ցուցում է և պատճառ՝ ինչո՞ւ պետք է այս մշտադիտարկումներն իրականացվեն»,-ասաց նազելի Բաղդասարյանը։

Մարզխորհրդի նիստի վերջում նա ներկաներին հիշեցրեց, որ նրանք հանրային դեմք են, զուսպ պիտի լինեն ամանորյա միջոցառումներ նշելիս։

«Հասկանում եմ, որ նախատոնական օրեր են, հասկանում եմ, որ շատերդ միջոցառումներ կունենաք, սա, բնականաբար, յուրաքանչյուր կառույցի ղեկավարի խղճին և հայացքներին է թողնված, բայց հաշվի առնելով, որ մեզանից շատերը պետական-հանրային պաշտոն են զբաղեցնում, ես խնդրում եմ այս հարցում լինել հնարավորինս զուսպ։

Ինձ համար անտրամաբանական ու անհասկանալի է, կներեք, երբ տոնական ձեր խնջույքների ուղիղ հեռարձակումները հայտնվում են համացանցում, հիշեք, որ Արցախում մեր եղբայրները մեկ շաբաթ կտրված են ճանապարհից»,-եզրափակեց Նազելի Բաղդասարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031