Լրահոս
Օրվա լրահոսը

Հիբրիդային սպառնալիքները՝ ուշադրության կենտրոնում

Դեկտեմբեր 21,2022 12:00

«Առավոտի» հարցազրույցը Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի եւ Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ կազմակերպած ծրագրի շրջանակում Հայաստան այցելած Քաղաքականության եւ հասարակության ինստիտուտի (Չեխիա) փորձագետ Յան Հավլիչեկի հետ։

Ըստ մեր զրուցակցի՝ «ԵՄ արտաքին գործողության ծառայության StratCom աշխատանքային խումբը պետք է նպաստի Արեւելյան գործընկերության երկրներում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապատեղեկատվությանն ու այլ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»:

– Անգամ առաջին հայացքից նկատելի է, որ Չեխիայի Հանրապետությունը բավական վաղուց է պատրաստվում հիբրիդային սպառնալիքներին լրջորեն դիմակայելու։ Այսպես՝ 2016 թ. անցկացված, հիբրիդային սպառնալիքները, այդ թվում՝ քաղաքական ռադիկալացման վտանգը եւ օտարերկրյա ապատեղեկատվությունը հաշվի առնող ազգային անվտանգության աուդիտի եզրակացությունների հիման վրա Ներքին գործերի նախարարությունում ստեղծվել էր ահաբեկչությանը եւ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու կենտրոն։ Առկա է նաեւ վերջերս ընդունված «Հիբրիդային միջամտություններին հակազդելու ազգային ռազմավարություն»։ Ո՞ր իրադարձություններն էին հանգեցրել հիբրիդային սպառնալիքներին լրջորեն վերաբերվելու անհրաժեշտության ընկալմանը։

– Սկիզբը դրվել էր ավելի քան տասնամյակ առաջ, երբ դեռեւս 2011 թվականից քաղաքական քննարկումներում ներառվել էր կիբերանվտանգության խնդիրը, եւ Չեխիայի կառավարությունը ստեղծեց կիբերանվտանգության համար պատասխանատու պետական մարմին։ Նաեւ ստեղծվել էր Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային գործակալությունը (NÚKIB), որը համագործակցում է տարբեր պետական, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ՝ կիբերանվտանգության ոլորտում տարբեր բնույթի ծառայություններ մատուցելու նպատակով, ինչպես նաեւ իր կայքի միջոցով պարբերաբար հրապարակում է նախազգուշացումներ առկա վտանգների մասին եւ խորհրդատվություն է տալիս։

– Հուլիսին Չեխիայի կողմից Եվրոպական միության խորհրդի նախագահությունը ստանձնելուց քիչ առաջ, պաշտպանության նախարարի տեղակալ Յան Հավրանեկը նշել էր, որ Չեխիայի նախագահության ընթացքում հիբրիդային սպառնալիքներին հակազդելն առաջնահերթություն էր համարվելու։ Տարեվերջին, որը նաեւ ռոտացիոն սկզբունքով նախագահության ժամկետի ավարտն է, ինչպե՞ս կամփոփեիք առկա ձեռքբերումները։

– Չեխիայի նախագահությունը կազմակերպել է բարձրագույն մակարդակով համաժողով՝ կիբերանվտանգության եւ Եվրոպայի թվային ապագայի թեմայով։ Համաժողովը նաեւ բազմաթիվ երկկողմանի քննարկումների հնարավորություն ընձեռեց՝ այդ թվում ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի ներկայացուցիչների հետ։ Չեխիայի նախագահության ներքո ԵՄ անդամները նաեւ միասնական դիրքորոշում են համաձայնեցրել՝ Եվրոպական պառլամենտում քննարկվելիք ԵՄ կառույցներում կիբերանվտանգության բարելավման միջոցների վերաբերյալ։ Նոյեմբերին ԵՄ Խորհուրդը, պառլամենտը եւ Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել են թվային տարածքում եվրոպական արժեքները՝ մասնավորապես ժողովրդավարությունը, հավասարությունը եւ կայուն զարգացումը, պահպանելու եւ առաջ մղելու միջոցներ։ Բացի այդ, Չեխիայի նախագահությունը նաեւ Եվրոպական պառլամենտի հետ հաջողությամբ բանակցել է արտադրանքի անվտանգության չափանիշների մասին։ Ըստ կատարված լրացումների՝ կանոնները նաեւ կվերաբերվեն առցանց առեւտրին, որպեսզի ԵՄ-ում իրացվող ապրանքները լինեն անվտանգ՝ համապատասխանելով եվրոպական չափանիշներին։

– Չեխիան եւ նրա գործընկերներն ինչպիսի՞ համատեղ գործիքներ ունեն ապատեղեկատվությանն ու այլ հիբրիդային սպառնալիքներին ազգային, տարածաշրջանային եւ ԵՄ-ի մակարդակներում հակազդելու համար։

– Չեխիան կենտրոնացել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում կարողությունների զարգացման վրա՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Հոկտեմբերի վերջին Չեխիան եւ Ուկրաինան համատեղ հայտարարություն են տարածել՝ նպատակ դնելով զարգացնել համագործակցությունը եւ պայքարել ապատեղեկատվության ու այլ հիբրիդային սպառնալիքների դեմ։ Չեխիայի բանակն ընդունեց հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարություն, ըստ որի՝ Չեխիայի Հանրապետության անվտանգությունն անբաժանելի է եվրաատլանտյան անվտանգությունից. ըստ այդմ՝ ռազմավարությունը հենվում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հիմնարար փաստաթղթերի վրա, եւ դրա հիմքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ ԵՄ անդամների համերաշխության սկզբունքն է։ Այդպիսով, նշված կառույցներին Չեխիայի անդամակցությունը հիբրիդային գործողություններ իրականացնողներին զսպելու անկյունաքարն է։ Հետեւաբար, երկիրը պետք է շարունակի ակտիվորեն ներգրավվել այդ կառույցների նախաձեռնություններին եւ գործողություններին՝ հիբրիդային գործողություններին հակազդելու նպատակով։ Անդամ պետությունների եւ դաշնակիցների համերաշխությունն ու փոխօգնությունն արդյունավետ գործիքակազմ են ստեղծում՝ թե՛ հիբրիդային գործողություններին առհասարակ, թե՛ դրանց առանձին տեսակներին հակազդելու համար։

– ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների կառավարությունների, կամ խոշոր քաղաքական կուսակցությունների առանձնահատուկ հարաբերությունները Ռուսաստանի եւ այլ բռնապետությունների կամ ավտորիտար ռեժիմների հետ կարո՞ղ են թուլացնել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունությունը կամ վատթարացնել ընդհանուր անվտանգային իրավիճակը։

– Չնայած Ռուսաստանը հիբրիդային պատերազմներում առաջատար է, հավանականությունը, որ Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեցող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լրջորեն կվատթարացնեն ընդհանուր անվտանգային իրավիճակը, մեծ չէ։ Բանն այն է, որ Ռուսաստանն ինքն ունի շատ ծավալուն համակարգ նման գործողությունների համար՝ ըստ որոշ գնահատականների, նախագահի աշխատակազմում կա հիբրիդային պատերազմների վրա մասնագիտացած առնվազն վեց վարչություն։ Սակայն Ռուսաստանի հետ խոշոր քաղաքական կուսակցությունների համագործակցությունը կարող է վատթարացնել անվտանգային իրավիճակը. ռուսական ապատեղեկատվության արդյունավետության պատճառն այն է, որ այն օգտվում է կամ կառուցվածքային փոփոխությունների, կամ լրատվության ճգնաժամների ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով այդպիսի կուսակցությունների կողմից իրավիճակից օգտվելուն եւ հիբրիդային գործողություններն առաջխաղացնելով։

– ԵՄ արտաքին գործողության ծառայության StratCom աշխատանքային խումբն ունի՞ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում գործընկերների հետ առավել արդյունավետորեն հաղորդակցվելու ներուժ՝ հաշվի առնելով, ինչպիսի ինտենսիվության ապատեղեկատվության եւ այլ հիբրիդային սպառնալիքների են ստիպված դիմակայել այդ տարածաշրջանի փխրուն ժողովրդավարությունները եւ քաղաքացիական հասարակությունները։

– ԵՄ արտաքին գործողության ծառայության StratCom աշխատանքային խումբն ունի Արեւելյան գործընկերության տարածաշրջանում գործընկերների հետ առավել արդյունավետորեն հաղորդակցվելու մեծ ներուժ։ Կարեւոր դեր խաղալով բարդ քաղաքական խնդիրների վերաբերյալ հաղորդակցության առումով, այն կարող է ընդլայնել աշխատանքը՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հնարավորությունները ներկայացնելու համար։ Աշխատանքային խումբն օժանդակել է Եվրոպական հանձնաժողովի նոր տարածաշրջանային ծրագրի մշակմանը, որի շրջանակում 11 միլիոն եվրո կտրամադրվի ԱլԳ երկրների անկախ լրատվամիջոցներին։ Դա լավ է՝ սկզբի համար, սակայն աշխատանքային խումբը պետք է նաեւ նպաստի այդ երկրներում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապատեղեկատվությանն ու այլ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031