Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրագնդակի երիտասարդ ասպետը

Դեկտեմբեր 27,2022 10:59

Երիտասարդների հեռացումը նման է նավաբեկության, անգլիացի մեծ դիվանագետի`Ուինսթոն Չերչիլի այս խոսքերը պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսնելուց հետո են գրվել, որոնք արտահայտում են կորստի ապրումի փոթորիկը, ցավի անփոփոխ նույնությունը… Այդպես է յուրաքանչյուր որդեկորույս ծնողի ապրումը… Արցախյան պատերազմում անմահացած տասնիննամյա պատանուն`ջրագնդորդ Հենրիկ Հակոբյանի հիշատակին և նրա անվանն է նվիրված «Հենրի Հիլլզ» ակումբի ջրագնդակի վարպետների բաց առաջնությունը, որը տեղի ունեցավ Երևանում գտնվող «Հիլլզ» սպորտային համալիրում: Թե Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի երկրորդ հուշամրցաշարին և թե «Հենրի Հիլլզ» ակումբի ջրագնդակի վարպետների բաց առաջնությանը մասնակցել է նաև Զինվորի տան զինհաշմանդամ զինվորներից կազմված մարզական թիմը ևս, որի մարզիչը հենց ինքն է` հերոսի հայրը, սպորտի վարպետ, ջրագնդակի և լողի մարզիչ Համիկ (Գուրգեն) Հակոբյանը: Կամային, մարդկային բարձր հատկանիշների տեր մի մարդ ում ամենօրյա աշխատանքը անմահացած որդու անվանն ու գործին նվիրված մի հաղթանակ է, ամեն օր, նրան փնտրել-գտնելու, կարոտի կսկիծը խոնավ աչքերում պահած մի իմացյալ գոյապայքար` սերունդներ կրթելու գործում որդու կերպարը շարունակելի տեսնելու, որակ ու տեսակ թողնելու համար…

Պարոն Հակոբյան, սպորտի վարպետի և հեղինակություն վայելող մարզչի Ձեր համբավը թույլ է տալիս ակնարկով անցնել Ձեր սպորտային անցած ճանապարհով:

-Մորական կողմով, ապուպապով սպիտակցի եմ, հորս կողմով` ղարաքիլիսցի, վանաձորցի ու մանկությունս այնտեղ է անցել… Ուսումս ավարտելուց հետո նշանակումս ուզեցի, որ Սպիտակ քաղաքում լինի, որտեղ աշխատել եմ Սպիտակի կարի ֆաբրիկայում, մեթոդիստը Մուրադյան Նորիկն էր, հզոր մի մարդ, որն ինձ նշանակեց նաև մանկապարտեզների լողի մարզիչ, որտեղ քսանհինգ մետրանոց լողավազաններ կային ու երեխաներին լող պիտի սովորեցնեի, Հեքիաթ պանսիոնատում էլ պիտի հերթապահ մարզիչ լինեի, մի խոսքով, չորս տեղ աշխատում էի, վազքի մեջ, մինչև երկրաշարժը:

Ի՞նչ հիմքերի և ավանդույթների վրա է դրված ջրագնդակի մարզաձևը Հայաստանում, քանի՞ տարվա պատմություն ունի, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:

-Ջրագնդակը թիմային սպորտաձև է, միայն ֆուտբոլը չի… Հայաստանում ջրագնդակը հիսունհինգ տարվա պատմություն ունի, շատ անվանի մարզիկներ ենք ունեցել, ճիշտ է, բարձր լիգայում չի խաղացել, բայց կլաս Ա միշտ մասնակցել է: Դպրոցը որպես այդպիսին կար, այդպիսի հանրապետություն չկար, որ չգնայինք մրցումների: Ջրագնդակի լեգենդներ էին Մանվելյան Գագիկը, Գուրգեն Գրիգորիչը, Ներսիսյան Աշոտը, իրենք հիմա չկան, ջրագնդակի մարզչական գործի լեգենդներն էին…Մանվելյան Գագիկը, որը նաև մարզական հոգեբան էր ամեն ինչ արեց, որ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում բացվի ջրագնդակի բաժին և ես սպորտդպրոցի գիշերօթիկն ավարտելուց հետո միանգամից ընդունվեցի այդ բաժինը: Ութսունականների վերջն էր:

Ջրագնդակը կարելի՞ է դասել դասական սպորտաձևերի շարքում։

-Իհարկե, քանի որ հետաքրքիր և հին պատմություն, ծագում ունի… Ջրագնդակը դա Water polo է, Polo-ն դա ձիավորներով մարզաձև է, որտեղ հատուկ թիով փորձում են գնդակը նետել հակառակորդ թիմի դարպասը, ջրագնդակի նախատիպում տակառների մեջ նստած ջրի մեջ խաղացել են, գնդակը թիով հարվածելով, այն ասիական ծագում ունեցող խաղ է եղել, որը հետագայում բերվել է Եվրոպա, ավելի զարգացվել, նորացվել է՝ հանեցին տակառներն ու թին և սկսեցին լողալով խաղալ, այդպես մնաց անունը Water polo, հայերեն` ջրագնդակ: Շոտլանդացի Վիլիամ Վիլսոնն է ստեղծել ջրագնդակի կանոնները:

Պարոն Համիկ, ինչպե՞ս կգնահատեիք, մարդիկ, ովքեր ծով ունեն ու ջրային մարզաձևերի մեջ առաջատար դիրքում են, իսկ մենք մեր ծովիցծովը ունեցածի գենետիկ հիշողության գործոնով ենք, որ տվել ենք հայտնի լողորդներ, այդ ասպարեզի մեջ, Շավարշ Կարապետյան և այլք…

-Գուցե նաև դա է, հրաշալի մարզիկներ ենք ունեցել լողի մեջ, լողորդ Ջիլավյան Հռիփսիմեն, ջրացատկորդներ Դավիթ Համբարձումյանը, Սիրվարդ Էմիրզյանը, ջրագնդորդներ Աշոտ Փիլոսյանը, Անատոլի Կալեսնիկովը, որը կլաս Ա էր խաղում, միութենական հավաքականում մշտական խաղացող էր, հիսունականների մասին եմ ասում…

Հիշարժան դեպք Ձեր մրցումներից, հաղթանակներից, ամենավառը, տպավորիչը։

-Շատ-շատ են եղել, բայց մեկը Կլայպեդայում էր, խաղի հաշիվը հավասար էր, ես մի «այլանդակ սիրուն» գոլ խփեցի կենտրոնից, ընթացիկ, ոնց որ գնդակը ստանալն ու ճամփու դնելը մեկ եղավ ու գոլ մտավ: Մարզիչս ուրախությունից մինչև առաստաղ թռավ, որոշիչ գնդակն էր, որի արդյունքում խաղը հաղթեցինք…

Ջրագնդակը որքանո՞վ է գրավիչ ու տարածված երիտասարդ սերնդի, երեխաների մոտ որպես մարզաձևի ընտրություն, սիրողակա՞ն, թե՞ ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում:

-Հետաքրքրությունը կա, բայց ամուր հիմքերի վրա դնելու համար այս ոչ պակաս կարևոր մարզաձևը, որը հրաշալի ջրագնդորդներ է տվել, նախ պետք է պետական աջակցություն և մոտեցում: Սահակաշվիլին, որը նույնպես չի փայլում իր ստանդարտ մտածողությամբ, այնուամենայնիվ մի օր շատ հետաքրքիր խոսքով դիմեց իր ժողովրդին ասելով, որ քաղաքակիրթ երկիր ենք, վայրի ազգ չենք, որ միայն զարկ տանք ըմբշամարտ, սամբո, ծանրամարտ, բոքս մարզաձևերին, որոնք ուժի կիրառում են պահանջում ու մենակ մարդու գործ են, քանի որ այդ մարզիկը միայն իր վրա է պարապում, նաև պիտի թիմային սպորտաձևերը զարգացնենք, ու գլխարկը հագավ, մտավ փոքրիկ ջրագնդորդների հետ խաղալու: Նա այն ժամանակ վարչապետ էր: Թող օրինակ վերցնեն, զարգացնեն թիմային սպորտաձևերը, առաջ միայն մի «Արարատ» ֆուտբոլային թիմ ունեինք, որ բարձր լիգայում խաղում էր և վերջ…

Ի՞նչն էր պատճառը…և ինչ է պետք ցանկալի մակարդակի հասցնելու համար ջրագնդակը:

-Պատճառը գուցե նաև ծովային երկիր չլինելն էր, միութենական բաժանումը սպորտաձևերի, ինչպես ամեն ինչում էր… Խորհրդային տարիներից դեռ մեր ղեկավարները այնքան էլ ուշադիր վերաբերմունք չեն ունեցել թիմային մյուս սպորտաձևերի հանդեպ, ինչպես ֆուտբոլի հանդեպ, մի տեսակ անտեսվել են մնացած թիմային սպորտաձևերը` օրինակ` բասկետբոլ, վոլեյբոլ, ռեգբի, այդ ամենի մեջ վրացիները միշտ մեզնից առաջ էին…

Հայաստանում լուրջ պայմաններ են պետք, որը որ մենք չունենք այս պահին, որպեսզի ջրագնդակը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա պահվի, մարզիկներին օրը երեքից չորս ժամ պարապմունք է պետք՝ թե’ ցամաքային, թե’ ջրային: Հայաստանում չկա նման տեղ, որտեղ հնարավոր լինի դա կազմակերպել, մինչև չլինի իմ նման մի խելառ, որ իր ամեն ինչը տրամադրած լինի, ներդնի ջրագնդակի մեջ, իմ ուժն ու կարողությունն ինչ ունեմ ես այդտեղ եմ ներդնում: Բավականին էներգատար սպորտաձև է ջրագնդակը, նույնիսկ ասում են հոկե՞յն է ավելի շատ էներգիա տանում, թե՞ ջրագնդակը…Ֆիզիկայի լեզվով ասած՝ ջրի շփման ուժի հետհրումից սկսած, իր նրբություններով վերջացրած ջրագնդակը բավականին բարդ մարզաձև է, բայց քանի որ ջուրը կյանք է, էներգիա է դրա համար մարզաձևը բոլորի աչքին շատ հարթ է երևում, կարծես թե մարզիկը մտավ, խաղաց, լողաց, դուրս եկավ, ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ուժի ու վարպետության կարիք կա այդ ամենն անելու և լավ խաղ ապահովելու համար:

Դժվար է խոսել պատերազմից, բայց այն երկու մասի բաժանեց մեր բոլորիս իրականությունը և հատկապես նրանցը, ովքեր ամենաթանկը տվեցին: Ձեր որդին` Հենրիկ Հակոբյանը երիտասարդ ջրագնդորդ էր, որին այդ ասպարեզում խոստումնալից ապագա էր սպասվում, եթե չլիներ պատերազմը… Որքանո՞վ եք նպաստել, որ Ձեր որդին ընտրի սպորտը, ինչի՞ց սկսեց այդ ցանկությունը։

-Հենրիի առաջին մարզիչը ես չեմ եղել, քանի որ այդ ժամանակ սպորտում չէի, բայց ջրագնդակին ինձ ինքը վերադարձրեց… Որդուս մարզիչը ընկերս էր, Հովհաննիսյան Գագիկը, Ճարտարապետական համալսարանի լողավազանում էր պարապում, շատ լավ լողում էր: Հետո շախմատի գնաց, լավ մտածողություն ուներ, անգամ ինձ էր հաղթում, մի օր ասաց, որ կռիվ անել չի սիրում, բայց նաև երբեք չի ցանկանա, որ ինչ-որ մեկը իրեն հարվածի, մտածեցի՝ տանել այկիդոյի, որտեղ ողջ մարտարվեստը հիմնված է դիմացինի ուժը քո օգտին օգտագործելու վրա, հարվածը դարձնելով հակահարված: Հետագայում, երբ ես բացատրեցի թե ինչ լավ սպորտաձև է ջրագնդակը, ինքը սկսեց զբաղվել դրանով և քանի որ մարզիչն իմ ընկերն էր, իր խնդրանքով ես էլ նորից մտա մարզչական գործունեության մեջ, նաև երեխայիս կողքին էի… Հետագայում իր խաղի մեջ յուրահատկություններ էի տեսնում, որոնք այկիդոյի մեջ էր արել ժամանակին, հիմա անում էր ջրում, իր ուրույն խաղի ոճն էր ստեղծում:

Հենրիի հոգևոր ներկայությունը, նրա երազանքները, ինչը՞ ուժ տվեց Ձեզ, որպեսզի մնաք սերունդ կրթելու բարիկադների վրա… Ինչպե՞ս ստեղծվեց «Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարը»:

-Մի երազանք ունեինք, ստեղծել սպորտային ջրագնդակի «Ավանգարդ» ակումբ, ավանգարդիստները պատմության մեջ ֆրանսիական գվարդիայի այն զինվորներն էին, որոնք մարտի էին նետվում առաջինը… Ցավոք, չհասցրեցինք, քառասունչորսօրյա պատերազմի առաջին զոհերը իմ տղան ու նրա ծառայակիցները եղան…Տղայիս անունը անմահացնելու ուժ գտա, քանի որ ապրում եմ պիտի շարունակեմ իր կիսատ թողածը… Հինգ տարի ինձ հետ միասին աշխատել է այս սպորտային կոմպլեքսում, Հիլլզի Հենո էին ասում… Հիմա ինչ անում եմ, կարծես Հենրիի հոգին ինձ հետ է, արագ հաջողվում է, ստացվում…

-Հենրիի երազանքների մասին ցանկալի է, որ երկուսով պատմեք, որպես իր ծնողներ: Մայրերը հաճախ գիտեն բաներ, որոնք թաքցնում են հայրերից, տիկին Մարինե, ինչպիսին էր Հենրին, որպես մարդ և որպես Ձեր զավակ:

-Բացառիկ երեխա էր, շատ հասուն, իր տարիքին գուցե և անհամապատասխան… Երեխա ժամանակից ասում էր, որ մեծանամ` ծերանոց եմ կառուցելու, ասում էր, մամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի վարդերով տան պես տուն եմ առնելու, շատ էր սիրում ինձ ծաղիկներ նվիրել առիթ-անառիթ, հորն էլ էր ստիպում մամայի համար ծաղիկներ գնել… Շատ բարի էր իր տեսակով, հոգատար, ուշադիր, կազմակերպված, շատ հասուն էր ու լուրջ…Մի անգամ, միասին խանութ էինք մտել, տեսել էր, որ ես սպորային հագուստ հավանեցի, բայց չգնեցի, առաջնային չհամարելով, ետ էր գնացել, թաքուն գնել էր, համոզել մենեջերին, որ մի երկու ամիս պահեն մինչ իմ ծննդյան օրը, որ անակնկալ լիներ ինձ համար… Տասնմեկ տարեկան երեխա էր այդ ժամանակ: Մրցումների էր գնում Մոսկվա, գումար տվեցինք, ասելով, որ իր համար «սապոգներ» գնի, իր ճաշակով, հիշել էր, որ գլխարկ չունեմ՝ գնացել էր բարեկամի հետ, ասել էր՝ արի սկզբում մայրիկիս համար գլխարկ գնենք, հետո ինչ կմնա՝ ինձ մի «սապոգ» կառնենք… Թագավարակի ժամանակ, երբ բոլորը տանն էին, Հենրին երբ իր ընկերների հետ խոսում էր, հետո զարմացած ասում էր, մամ մենք ուրիշ ենք, ընկերներիս հարցնում եմ՝ ի՞նչ ես անում, ամեն մեկն իր սենյակում փակված է, առանձնացած, ինչ լավ է, որ մենք այդպես չենք… Մի ուրիշ ընտանիք էինք, իրար հետ շատ կապված, բայց… Մեծ ու խորը հոգի ուներ տղաս, իր հետ երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել, չի եղել, որ իր պատճառով անհանգստության մեջ ընկնեինք… Իր դաստիարակությունը քսանչորսժամյա էր, փոքրուց այդպես է դաստիարակվել, դրանից էր գուցե շատ հասուն իր դատողությամբ ու աշխարհայացքով…

-Դպրոցում էլ շատ խղճով էր, դեռ փոքր էր, իր նախաճաշով կիսվում էր դասարանցի տղաներից մեկի հետ, որովհետև մտածում էր, որ նա դրա կարիքն ունի… Մի առիթով դպրոց էի գնացել, երեխաների վազքի հոսքի մեջ նկատեցի հեռվից եկող Հենոյիս, իր դասարանցի մի աղջնակի, որ սայլակի վրա էր, օգնում էր, քշելով եկավ սայլակը, տարավ դուրս… Հարցրեցի, թե ինչ-որ մե՞կն է ասել իրեն, որ օգնի, զարմացած նայեց երեսիս ու ասաց, պապ ջան, իսկ պիտի ինչ-որ մեկն ասե՞ր, որ ես օգնեի, դու միշտ սովորեցրել ես ինձ, որ աղջիկներին պետք է պաշտպանել, թույլերին օգնել…Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցում տղայիս անունով դասարան կա անվանակոչած, բակում հուշաքար, որտեղ Հենրիի անունը նույնպես կա, իննը համարի տակ է, ջրագնդակի թիմում էլ իննը համարն էր…

-Եթե փողոցում մուրացկան էր տեսնում ստիպում էր, որ գումար տամ, շատ-շատ է եղել, որ սոված, անտուն մարդկանց է բերել տուն, ուտելիքով, մեր եղածի չափով օգնություն ենք ցույց տվել… Ուրիշ, ուրիշ տեսակ էր իմ Հենրին, ընկեր էր ինձ համար, ոչ միայն իմ տղան էր, հանգիստ կարող էի կիսվել իր հետ ամեն ինչից, խոսել, ինքը միակ մարդն էր ում մոտ ես կարող էի սիրտս բացել ու նա հասկանում էր դա…

-Մի անգամ նույնիսկ տեսնելով, որ մայրը շարունակ նեղված է տուն գալիս, մորից թաքուն վերցրել էր հեռախոսից աշխատավայրի համարը, զանգել էր մոր վերադասին ու զգուշացրել, որ եթե մի անգամ էլ մայրը զայրացած, կամ նեղված գա տուն իր պատճառով` ինքը իր հետ գործ կունենա, այնքան մեծավարի էր վարել զրույցը, որ տնօրենը չէր էլ պատկերացրել, որ տաս տարեկան երեխայի հետ է խոսում… Ծառայության ժամանակ էլ իրեն տեսած ընկերը պատմում է, որ ավելի ուժեղ Հենո է տեսել, որպես զինծառայող, ավելի կազմակերպված, մենակ իրեն ավելի ուժեղ էր պահում, օգնող էր նաև ուրիշին, կիսվում էր իր ունեցածով, շատ բարի էր, բայց թույլ չէր տա, որ չարաշահեն իրեն…

-Ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, սիրում էր իր ընտրած մասնագիտությունը, բայց երբ զինվորական ծառայության մեկնեց ու համալսարանի վճարը պիտի վճարեի, ասաց որ չվճարեմ, որովհետև գուցե փոխի մասնագիտությունը… Երբ ճանապարհում էինք բանակ, եկան ընկերները, ուրախ, իրար խառնված գլուխն էին սափրում, ես հավաքել էի իր մազերն ու չէի կարողանում թափել այն, հոգիս տակնուվրա էր լինում… Պատերազմից չորս օր առաջ երազ տեսա, ես ու Հենրին Եռաբլուրում էինք, իրականում երբեք չէի եղել… Քայլում էինք տղայիս հետ, մեկ էլ ասաց ես էլ կուզեմ, որ ինձ այստեղ բերեն… Ասացի ինչ ես ասում, ինչո՞ւ պիտի քեզ այստեղ բերեն, այստեղ ազատամարտիկներին են բերում, ո’չ, ո’չ… Նշանակություն չտվեցի երազիս… Չորս օր հետո սկսվեց պատերազմը, իսկ երբ իմացանք թե ինչ է եղել, ես հրաժարվում էի հավատալ…

-Ամեն առավոտ համբուրում եմ իր նկարն ու նոր գալիս աշխատանքի, այն վայրը, որտեղ տասնհինգ տարեկանից Հենրիս էր աշխատում նաև… Տուն գնալիս նորից համբուրում եմ նկարը, ինքը ինձ հետ է միշտ, իր ներկայությունն ամենուր է… Իր ընկերներն հիմա նաև իմ ընկերներն են, անկախ տարիքից… Ինչ գործ, որ ձեռնարկեմ կարծես ուղղորդում է ինձ, օգնում, որ խոչընդոտներ չլինեն, իրականանան:

Ինչպե՞ս ծնվեց Զինվորի տան հետ համագործակցությունը և ջրագնդակի ու լողի խումբ ունենալու միտքը:

-«Հիլլզ»-ում ստեղծել էի «Հենրի Հիլլզ» ջրագնդակի ակումբը: Հետո ստեղծեցի ջրագնդակի աղջիկների խումբը և փոքրերի խումբը: Մի օր Զինվորի տնից եկան ու ասացին, որ ուզում են զինհաշմանդամ զինվորներին լողի վերականգնողական մարզումների բերել, միանգամից միտք ծագեց թիմ ստեղծելու, կիսվեցի իրենց ղեկավարության հետ իմ մտքով և իրենք էլ ուրախ եղան նման առաջարկից ու Զինվորի տան ջրագնդակի թիմը միանգամից հավաքվեց: Ամիսներ անց արդեն լողի թիմը հավաքվեց… Զինվորի տան թիմն արդեն մասնակցել է մեր խաղերին` Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի երկրորդ հուշամրցաշարին և բաց առաջնությանը: Այս տարի «Հենրի Հիլլզ» ակումբի ջրագնդակի վարպետների բաց առաջնությանը մրցում էին «Ջրագնդակի վետերաններ» ակումբը, «Արմադա» ակումբը, «Հենրի Հիլլզը», «Հիլլզը» և «Զինվորի տան զինհաշմանդամների ջրագնդակի թիմը»: Մրցաշարն ավարտվեց «Ջրագնդակի վետերաններ» ակումբի հաղթանակով, Հենրիկ Հակոբյանի անվան գավաթի և հուշամեդալների հանձնման արարողության ժամանակ, վետերանները իրենց նվաճած գավաթը նվիրեցին Զինվորի տան տղաների թիմին, որպես պատվո նշան, ինչն առավել հուզիչ էր: Խաղի ողջ ընթացքում անձրևում էր, հուշամեդալների հանձնման պահին էր, որ անձրևը դադարեց… Մրցաշարը ամենամյա է լինելու և ջրագնդակի աշխարհի մեր ռեգլամենտի մեջ բարձր մակարդակ պիտի ապահովենք: Տղայիս հոգին միշտ ուղեկցում է ինձ իմ գործերում և նոր ճանապարհներ ցույց տալիս…

Որպես մարզիկ և մարզիչ ինչպե՞ս կգնահատեք սպորտի անհրաժեշտությունը զինհաշմանդամություն ունեցող անձի համար:

-Զինհաշմանդամություն ստացած տղաների և առհասարակ մարդու համար լողով զբաղվելը անհրաժեշտություն է, մարմնի ողջ մկանային, նյարդային համակարգն է հանգստացնում, ուղղում ողնաշարը և հազար ու մի հիվանդություն է կանխարգելում… Վերականգնողական առողջության համար խիստ կարևոր մի օղակ է լողը և Զինվորի տան այս նախաձեռնությունը կարևոր հարց է լուծում նման խնդիր ունեցող մեր երիտասարդների համար:

-«Առողջ հոգի առողջ մարմնում» կարգախոսը գործու՞մ է այս պարագայում, ինչպե՞ս կգնահատեք տղաների ձեռքբերումները:

-Տղաների ձեռքբերումները բավականին խոստումնալից են, քանի որ զգացվում է, որ ջանք են դնում, իմիջիայլոց չեն մոտենում, լրջորեն են տրամադրված… Դա նաև ոգևորում է, իրենք ոչ մեկից պակաս չեն, թեկուզ անդամահատված վերջույթներով խաղի բոլոր կանոններին համապատասխան են վարում պրոցեսը: Պարապում եմ իրենց հետ որպես լիարժեք մարդկանց, ոչ մի տարբերություն, պահանջները նույնն են և տղաները կատարում են անկախ վերջույթների բացակայությունից կամ ֆունկցիոնալության պակասից: Ջրագնդակի թիմը բավականին լավ արդյունք ունի:Երբ կա ձգտում ամենաանհնարն իսկ հնարավոր է դառնում, օրինակ` լողի թիմի իմ զինհաշմանդամ սաներից Միքայելյան Գարիկը, որը զույգ ձեռքերի բացակայությամբ հրաշալի լողում է արդեն չորս լողաոճերով և լուրջ մարզումների նպատակ ունենք, նաև մասնակցելու մրցումների, ընդհուպ մինչև պարաօլիմպիկ խաղերին, որին լողի մրցաշարում կարող է և գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ Հայաստանը հենց այդպիսի մասնակից ունենա:

Առաջիկա անելիքների և Ձեր սպորտային, նաև պարզ, մարդկային երազանքների մասին կկիսվե՞ք։

-Այն ինչ ես և կինս`Մարինեն կերազեինք, դա միայն մենք գիտենք…Իսկ սպորտայինը ես կապում եմ Հենոյիս հետ և այդ երազանքների մեջ կան իհարկե նոր ծրագրեր, որոնք ես մշակում եմ, ջրագնդակի, լողի ասպարեզում լուրջ հաջողությունների հասցնելու համար «Հենրի Հիլլզ» ակումբը:

-Մեր հասարակությանն ու մեր իշխանություններին ուղղված խոսք, հորդոր ունե՞ք. ինչպե՞ս ապրել այն կյանքը, որը այլևս թանկ զոհաբերության գնով է տրված մեզ։

-Ցավոք ոչ բոլորն են գիտակցաբար մոտենում պատերազմից առաջին ու հետոյին, ոչ բոլորի համար է պարտքի զգացում թե ինչ գին ունի իրենց կյանքը… Մարդիկ կան, որոնց խոսքը, որպես մայր եմ ասում և հայ կին ինձ համար սարսափելի է և նյարդայնացնող, խիստ կենցաղային են…

-Ես հիմա իմ սաների հետ շփվելուց ուզում եմ Հենո դաստիարակեմ, ամեն մեկի մեջ ուզում եմ թեկուզ մի փոքրիկ մասնիկ Հենո տեսնեմ, նույնիսկ անհնարին ինչ որ մի կերպարի մեջ, որը որ ոչ մի աղերս չունի իմ որդու հետ ես ուզում եմ նրան այնպես կրթել, որ նրա նման մարդ մեծանա: Հասարակությանը իմ կոչը, որ բորենու պես չապրեն, մարդկային ձևը չկորցնեն, ընդամենը, որ ամեն մեկս իր գործով զբաղվի, իր գործի մեջ օգուտ տա մեկին, ոչ թե խանգարի… Այդպես հավատա մենք շատ ու շատ բաների կհասնենք: Հայ ազգը ոնց որ մի քիչ չսիրող է դարձել, նախանձ է դարձել… Ես ամեն ինչ անում եմ, որ իմ որդու անունը բարձր պահեմ, նա իր տասնութ տարին բոլորեց ու գնաց հերոսացավ, ուզում եմ իր անունը շեշտվի, իր անունը մատաղ սերունդներ կրթի, գործով ապացուցի ու իրենց կյանքն այսպիսով շարունակվի մեր մեջ: «Հենրի Հիլլզը», իմ Հենրին,բարձրունքի Հենոն գագաթն է, ես ընդամենը աննահանջ կանգնած եմ նրա բարձրունքի բարիկադների վրա…

Ուրեմն`այնուամենայնիվ, բարձրունքը մերն է, տղերքը կան…

 

Զրուցեց` Արմինե Մելիք-Իսրայելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031