«Պարոն գնդապե՛տ, N վաշտի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում N-ից N մարտական դիրքերում․ մարտավարական իրավիճակն անփոփոխ է, հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ տեղի չեն ունեցել։ N վաշտի հրամանատար, լեյտենանտ Մկրտչյան»,-զորամասի հրամանատար Վահագն Մինասյանին զեկուցում է վաշտի հրամանատար Սեւակ Մկրտչյանը։

Անակնկալ էր, չէին սպասում հյուրերի։ Վաշտի հրամանատար Սեւակ Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստովանում է՝ տեսնելով ավտոմեքենաները՝ մի պահ որոշեց վաշտին ի զեն հրահանգը տալ, հետո նկատեց հրամանատարի ավտոմեքենան։ «Ամեն պարագայում պետք է զգոն լինենք, սթափ, հատկապես այսպիսի օրերին»,-ասում է 22-ամյա լեյտենանտ Մկրտչյանը։ Ծնունդով Գյումրիից է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը ու 20 տարի պիտի ծառայի զինված ուժերում․դեռ 16 տարի կա։

Կարդացեք նաև


Վալտեր Խաչատրյանը գեներալների՝ Էջմիածնի Արշալույս գյուղից է․ 6 ամիս է ինչ ծառայում է։ Առաջին անգամ նոր տարին դիմավորում է տնից հեռու՝ մարտական դիրքում։ «Պիտի մենք աչալուրջ լինենք, որ մեր հարազատները հանգիստ կարողանան դիմավորելու 2023 թվականը։ Գալիք տարուց միայն խաղաղություն եմ խնդրում»,-ասում է Վալտերը։
5 ամսվա ծառայող Սերգեյ Սարգսյանն էլ Լոռու մարզի Հարթագյուղից է , նա էլ է առաջին անգամ Ամանորը մարտական դիրքում դիմավորելու։
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն է զինվորներից մեկին է հարցուփորձ անում, հետաքրքրվում, թե որտեղի՞ց է։ «Ճամբարակից եմ, 55 օրից տուն եմ գնում»,-ասաց Արթուր Գրիգորյանը։ Պարզվեց՝ Կարեն Բալյանն էլ է Ճամբարակից ու կատակեց՝ «արյունը ձգեց» ու հայրենակիցներով միասին լուսանկարվեցին։
«Նոր եկողներին կասեմ՝ դուխով լինեն, անփորձանք ծառայեն ու երբեք չվախենան։ Հակառակորդը պիտի վախենա մեզնից»,-ավագի իրավունքով ասում է Արթուրը։
Վանաձորցի Արսեն Թուֆանյանը վերջին նույնպես վերջին Ամանորն է անցկացնում բանակում։ «Խաղաղություն եմ միշտ ուզել, որ ես ու ընկերներս անփորձանք ծառայենք։ Նորակոչիկներին կասեմ՝ տղերք, հետաքրքիր է բանակում, պետք չի նեղվել, չնայած ասեմ՝ նորակոչիկները ավելի դուխով են»,-ասում է Արսենը։
Դիրքի ավագը՝ էջմիածնեցի Ժորա Հարությունյանն արդեն մեկուկես տարվա ծառայող է։ Սեպտեմբերի 13-ից 14-ը՝ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ընկերներ են կորցրել։ Այս նոր տարին՝ առանց զարդարանքի ու տոնածառի կդիմավորեն։ Ասում է՝ Ամանորի գիշերը կաղոթեն նահատակված բոլոր զինծառայողների համար, ու հավաստիացնում է՝ ոչ մի թիզ հող հակառակորդին։




Արմեն ԴԱՎԹՅԱՆ





























































