Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյան․ «Վարչապետի ամանորյա ուղերձից տպավորություն ստացա, որ դա արցախցուն վերջնականապես հրաժեշտ տալու ուղերձ էր, այլ ոչ թե աջակցության»

Հունվար 06,2023 20:51

«Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը շնորհավորելով եւ խոստացավ փորձել օրվա խորհրդի համապատասխան բառապաշար օգտագործել։

«Այո, արդեն 26 օր Արցախը շրջափակման մեջ է ու, ինչպես տեսնում ենք, սառույցը տեղից չի շարժվում։ Ես դեռ շրջափակման առաջին երկու օրերին ասում էի, որ այս շրջափակումը չի տեւելու մի քանի օր, որ պետք չէ հավատալ շրջանառվող այն թեզերին, թե մի քանի օրից ճանապարհը բացվելու է։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ու դա փաստելը ցավալի է։

Շատերը մեր վերլուծաբաններից, քաղաքական, հանրային գործիչներից շեշտադրում են անում ու թիրախավորում են այն խնդիրը, որ արդեն 26 օր պարենային ապրանքների դեֆիցիտ է առաջանում։ Սրանք կենցաղային խնդիրների վրա շեշտադրումներ են։ Բայց ես կրկին ու կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ խնդիրը կենցաղային չէ։ Խնդիրը շատ ավելի մասշտաբային է։ Այս շրջափակման նպատակը, ինչպես ասել եմ, Արցախն ամբողջությամբ հայաթափելն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացին միս ու արյուն տալն ու բովանդակային դարձնելն է։ Այսինքն, այն, ինչ Նիկոլ Փաշինյանը բանավոր կերպով ոչ մեկ անգամ ընդունել է։ Վերջինը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին Շարլ Միշելի քավորությամբ։

Դա ապացուցելու եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։ Դեռ կանդրադառնամ, թե ինչքան էր այդ ուղերձում գերակշռում սուտը, պոպուլիզմը, կեղծիքը, մանիպուլյացիան եւ նրան հատուկ ամեն ինչը, բայց այդ ուղերձը այն մասին էր, որ Արցախը, արցախցին այլեւս միայնակ է։ Նա իր ուղերձում ընդամենը մեկ անգամ ասաց, որ գրկում է Արցախում ապրող հայերին։ Իմ մեջ տպավորություն ստեղծվեց, որ դա վերջնական ցտեսության գրկախառնություն էր Նիկոլի կողմից, այլ ոչ աջակցության, որովհետեւ ցտեսություն եւ հաջողություն ասելիս միշտ էլ գրկում են։ Ու քաղաքական իշխող ուժը այսօր էլ փնովում է այն ուժին, որն ապահովում է Արցախի 120 հազար հայերի ֆիզիկական անվտանգությունը։

Ես շարունակում եմ պնդել, որ այն գործընթացը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի իմացությամբ եւ համաձայնությամբ։ Եվ նրանք ձեռք-ձեռքի բռնած այս պրոցեսը տանելու են այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը որպես բովանդակային ամբողջականություն չի ճանաչվել Ադրբեջանի մաս»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031