Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ սա ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդման հերթական փուլն է». Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ականների բերման ենթարկման, ձերբակալությունների մասին

Հունվար 11,2023 20:22

«Ակնհայտ է, որ սա ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդման հերթական փուլն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով  ՀՅԴ-ականների բերման ենթարկումներին,  խուզարկություններին և ձերբակալություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ չորս հոգի գտնվում են տարբեր բաժանմունքներում բերման ենթարկման իրավական ռեժիմով, կան նաև ձերբակալվածներ։ Ժամը 15։00-ին հարցաքննվել է ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտնել էր,  որ այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Արծվիկ Մինասյանը, գնահատելով իշխանությունների վարքագիծն, ասաց․ «Այս հանցավոր իշխանությունը իրագործում է ապօրինի գաղտնալսումներ, անհասկանալի է, թե ով է այդ գաղտնալսումների իրական սուբյեկտը։ Անհասկանալի է նաև, թե ում են գաղտնալսում։ Ներկայացնում են մեղադրանք, թե այս կամ այն գաղտնալսման տվյալով, դուք երկուսդ եք խոսում, ինչի՞ մասին, ի՞նչ թեմայով, կարևոր չէ։ Հիմքում դնելով դա՝ հարուցում են քրեական գործ, դրա հիման վրա մտնում են դատարան, և դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն։

Այս մարդիկ, որոնք նման որոշումներ են կայացրել, ակնհայտորեն քաղաքական հետապնդման վարքագիծ են դրսևորում։ Օրինակ՝ առավոտ ժամը յոթին նաև ՀՅԴ ԳՄ նախագահի Սիմոն Սիմոնյանի տուն են այցելել խուզարկության, ժամը 15։00-ին էլ են հարցաքննության՝ որպես վկա։

Սա իրավական տեսանկյունից անբացատրելի է, թեև քաղաքական առումով հասկանալի է, որ փորձում են շարունակել իրենց ապօրինի վարքագիծը»։

Արծվիկ Մինասյանը համեմատության համար նշեց, որ ԱԱԾ պետի ու ՀՔԾ ծառայության պետի գաղտնալսման գործն այդպես էլ չբացահայտվեց, մինչդեռ ներկայիս գործողություններն՝ ըստ նրա ուղղված են դիմադրություն ունեցող անձանց՝ ոչ միայն քաղական կուսակցությունների ներկայացուցիչներին, նաև ցանկացած անձի, որն ասում է, որ իշխանությունը հանցագործություն է կատարել, հայրենիք է հանձնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմն իրականացնում են առերևույթ պետական դավաճանություն։ Սրա նպատակն է նաև շեղել հանրության ուշադրությունն այն հայրենահանձնման գործընթացից, որն այս իշխանությունը իրականացնում է»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա ուղղված է ՀՅԴ-ի դեմ, քանի որ նրա բնորոշմամբ՝ այսօր ֆորմալ առումով  ընդդիմադիր դաշտում ամենամեծ ներկայություն ունեցող քաղաքական ուժը Դաշնակցությունն է։ Ուստի այդ լծակներին տիրապետող քաղաքական ուժին պետք է թիրախավորել։

Լրագրողները հիշեցրին, որ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե լսում է ընդդիմությանը։  Մինչդեռ Արծվիկ Մինասյանը հակառակը պնդեց․ «Գոնե մեր մասով կարող եմ ասել, որ մեր ասածներով ոչինչ չի արել։ Եթե մեկ տոկոսն աներ, մենք վստահաբար այս իրավիճակում չէինք հայտնվի։ Երբ խոսում ենք համահայկական ներուժի համախմբման մասին, որ բոլոր ազգային ինստիտուտները պետք է ներգրավվեն պետականության կառուցման գործում, նա վերցնում է անհատ անձանց, «վերբովկա անելու», իրենով անելու գործը՝ նաև սփյուռքում։ Պառակտում է ազգը։ Մենք ասում ենք՝ մի թշնամացիր քո հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ, ինքն ուղիղ թշնամանում է, ասում ենք վերականգնիր հարաբերություններն Իրանի հետ՝ որպես կարևորագույն բարեկամ երկիր այս տարածաշրջանում՝ ունենալով ՀԱՊԿ-ին այլընտրանք, նա մերժում է դա»։

Հարցին՝ հետևաբար Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմությանն արված ռեվերանսներն ի՞նչ նպատակ ունեին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Դա ձևի և ցույց տալու համար է, թե տեսեք՝ ինչ ժողովրդավար անձնավորություն է։ Մինչդեռ իր էությամբ բռնապետ է, վարքագծով անհավասարակշիռ, իր գործունեության արդյունքներով հայրենադավ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031