Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ներկայացրած ականները, որոնք իբր ՀՀ-ն քաղաքացիական բնակավայրերում է տեղակայել, ԼՂ-ում բարձունքներ զավթելուց հետո իրենց վերցրած ավարն է»․ Շոն Մըրֆի

Հունվար 31,2023 22:45

«ՀՀ-ի դիրքորոշումը ցամաքային ականների հետ կապված այն է, որ պատերազմի ավարտից հետո ՀՀ-ն ականապատում իրականացրել է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքում միայն ինքնապաշտպանական նպատակներով»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ ադրբեջանական պնդումներին  հակադարձեց ՀՀ-ի իրավախորհրդատու պրոֆեսոր Շոն Մըրֆին։ Նա փաստեց՝ դա անհրաժեշտ եղավ, քանի որ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարկադրաբար հատեց սահմանը, մտավ ՀՀ ինքնիշխան տարածք և բռնազավթեց ՀՀ տարածքների որոշ մասը։

Շոն Մըրֆին քարտեզով ներկայացրեց ՀՀ այն տարածքները, որոնք բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։ Նա մեջբերեց ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԳՆ նախարարների հայտարարությունները, որ հայկական կողմը հայկական արտադրության ականներ չի տեղադրել ԼՂ-ում։ Ադրբեջանի ներկայացրած ականները հայտնաբերվել են ոչ թե ԼՂ-ում, այլ ՀՀ-ի ինքնիշխան տարածքներում, որոնք բռնազավթվել  են Ադրբեջանի կողմից 2020, 2021-ին։ Եվ հիմա նրանք այդ ականները փորձում են օգտագործել քարոզչական նպատակներով։

Շոն Մըրֆին նշեց․ «Ադրբեջանի ներկայացրած լուսանկարներում չի երևում, թե ինչպես են իբրև թե ականապատ դաշտերը մաքրում, այդ տեղանքը մատնանշված չէ։ Չկա որևէ հայտարարություն, օրինակ՝ մարտական ինժեներների կողմից, թե ինչպես են ականները տեղափոխվել առանց պայթեցման, որտեղ են դրանք եղել, բացատրված չէ նաև, թե ինչու են այդ ականները Ադրբեջանի կողմից տեղափոխվել մեկ այլ վայր և այդպես կոկիկ դասավորվել»։

ՀՀ-ի իրավախորհրդատուն վստահեցրեց՝ Ադրբեջանի պատմությունը ուշադիր դիտելու պարագայում փլուզվում է։ Նա փաստեց․ «Ադրբեջանի պատմածը սկսվում է աղոտ պնդումից, թե հայկական զինված ուժերը դիտավորյալ հակահետևակային ականներ են տեղակայել քաղաքացիական բնակավայրերում՝ 2021-ից հետո։ Բայց թե ե՞րբ, ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից, այդ ամենը թողնված է շատ անորոշ»։

Վկայակոչելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պրոֆեսորն ասաց, որ այդ հայտարարությամբ սահմանված՝ ՀՀ-ն վերադարձրել է Ադրբեջանին Քելբաջարի, Աղդամի, Լաչինի շրջանը նախքան 2020-ի դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանն ընդհանրացված ձևակերպմամբ ասում է, որ արդեն հինգ ամիս է, ինչ 2700-ից ավելի ական է հայտնաբերել Քելբաջարի և Լաչինի շրջաններում։ Փաստորեն ասում է, որ հակահետևակային ականները հայտնաբերվել են այն շրջաններում, որոնց նկատմամբ վերահսկողություն ունեցել է 2020-ի տարեվերջից։ Որևէ մեկը՝ այդ թվում հայկական զինված ուժերը, ինչպե՞ս են կարողացել գաղտնի մուտք գործել և տեղակայել այդքան շատ հակահետևակային ականներ։

Դա ինքնին լուրջ կասկածի տակ է դնում Ադրբեջանի կողմից հրամցված ամբողջ պատմությունը։ Եթե որևէ հակահետևակային ականներ են տեղադրվել, ապա դրանք տեղադրվել են շփման գծի երկայնքով՝ պաշտպանական նպատակներով։ Այդ ականները որևէ կապ չունեին քաղաքացիական անձանց վնաս պատճառելու որևէ նպատակի հետ։ Ադրբեջանը պնդում է, որ 2022-ի օգոստոսին ավելի քան 2700 հակահետևակային ական է հայտնաբերել։ Նրա պնդմամբ՝ դրանց կեսից ավելին՝ 1614-ը, հայտնաբերվել են երեք գյուղերի մոտակայքում, որոնք Ադրբեջանի ասելով՝ աներկբայորեն քաղաքացիական բնակավայրեր են։ Այդ 2700 ականների մոտ 60 տոկոսն է հայտնաբերվել քաղաքացիական տարածքներում։ Բայց չկա տեղեկություն ժամկետների, հանգամանքների և ենթադրյալ հայտնաբերումների վայրերի մասին»։

ՀՀ իրավախորհրդատուն հատուկ շեշտադրում կատարեց 2022-ի օգոստոսի վրա ու նշեց․ «2022-ի օգոստոսն այն ամիսն է, երբ Ադրբեջանը նախաձեռնեց՝ իր լեզվով ասած՝ «Վրեժ» օպերացիան և դրա շրջանակներում խախտելով եռակողմ հայտարարությունը, հատեց շփման գիծը, որ մասնակից վերահսկողություն հաստատի ԼՂ նկատմամբ։ Ադրբեջանը իր հսկողության տակ վերցրեց ռազմավարական որոշ դիրքեր՝ այդ թվում Սարիբաբա գագաթը։ 2022-ի օգոստոսի 3-ի բանբերում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի կողմից իր խաղաղապահ գործունեության վերաբերյալ, նշված է Ադրբեջանի կողմից ապօրինաբար Սարիբաբա բարձունքը զավթելու մասին՝ փաստելով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմն է խախտվել։ Կան նաև զոհերի մասին հաղորդումներ»։

Շոն Մըրֆին ապացույցներով փաստեց, որ ԼՂ-ում բարձունքներն ապօրինաբար զավթելուց հետո Ադրբեջանը հայտարարեց, թե հայտնաբերել է հակահետևակային ականներ ու մանրամասնեց․ «Իր միջնորդության մեջ ներկայացնում է լուսանկարներ ականների, որոնք կոկիկ շարված են։ 2022-ի օգոստոսին այս ականներն արդեն հաջողված ռազմական օպերացիայի ապացույցներն ու նկարներն են, իսկ դրանք այսօր օգտագործվում են պնդելու, թե իբր քաղաքացիական բնակավայրերում են տեղակայվել։ 2022-ի օգոստոսի բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ սա ռազմական գործողության արդյունքում վերցված ավար է»։

Նաև փաստեց, որ Ադրբեջանի նշած տեղանքն ու իրականում այդ ականների տեղակայման վայրը չեն համապատասխանում։ Նա հավաստիացրեց․ «Եթե հակահետևակային որևէ ական տեղակայել են հայերը, ապա դրանք տեղակայվել են պաշտպանության նպատակի համար՝ ռազմավարական բարձունքների, շփման գծի, միջազգային սահմանների մոտ և չեն տեղակայվել քաղաքացիական բնակավայրերում, ուստի դրանց տեղադրման պատճառը որևէ կապ չի ունեցել ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի հետ։ Չկան ապացույցներ, որ ՀՀ-ն այս ժամանակահատվածում հրահանգել կամ ցուցել է ԼՂ-ին կամ նրա բանակին, որ նման ականներ տեղադրվեն Ադրբեջանի տարածքում։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն զենք ու զինամթերք չի տրամադրել ԼՂ-ին»։

Նաև մերժեց այն ադրբեջանական պնդումը, թե ՀՀ-ն պայթուցիկ ծուղակներ է տեղադրել՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ նախարարի այն հայտարարություններին, որ ՀՀ ԶՈՒ-ն նման սարքեր չի օգտագործում՝ դրանք համարելով ոչ արդյունավետ։

Շոն Մըրֆին վստահեցրեց, որ Ադրբեջանը նոր փաստեր չի ներկայացնում, այլ վերափաթեթավորում է տեղեկատվությունը։

Նա հայտարարեց․ «2700 հակահետևակային ականները, որոնք ենթադրաբար Ադրբեջանը 2022-ի օգոստոսից հետո է հայտնաբերել, դրանք կարճ ասած նոր տվյալներ չեն։ Ադրբեջանի նամակը՝ ուղղված ՀՀ-ին՝ սեպտեմբերի 15-ին և ՀՀ նամակն ուղղված դատարանին՝ սեպտեմբերի 22-ին բնութագրում են հայտնաբերումը այդ ականադաշտերի որպես խախտում դատարանի 2021-ի հրահանգին։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը պնդում է, որ այդ ենթադրյալ ականադաշտերի տեղակայումը՝ իբրև թե 2021-ի հայկական արտադրության ականների, արդեն իսկ հարց էր, որին անդրադարձել էր դատարանը։ Սա նշանակում է, որ դրանք նոր փաստեր չեն և թույլ չեն տալիս Ադրբեջանին նոր հայց ներկայացնել միջանկյալ միջոցների համար։ Ադրբեջանի ներկայացրած ապացույցների մեծ մասը վերաբերում է վաղուց անցած հարցերի»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված այսպես կոչված պայթուցիկ ծուղակների մասին ադրբեջանական պնդումներին՝ իրավախորհրդատուն ասաց․ «Իսկ ո՞վ է Լաչինի միջանցքում տեղակայել պայթուցիկ ծուղակներ, մի հարց է, որին Ադրբեջանն ինքը չի պատասխանում։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն Ադրբեջանին հանձնել է իր մոտ գտնված բոլոր քարտեզները, որոնք վերաբերում էին ՀՀ-ում չգտնվող ականադաշտերին։ ՀՀ-ն որևէ կապ չունի պայթուցիկ ծուղակների հետ, ուստի Ադրբեջանի հայցը որևէ հրատապ հարց չի ներկայացնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031