Լրահոս
Օրվա լրահոսը

Դանդաղ, բայց կայուն քայլերով գնում ենք իրականացման ուղղությամբ

Փետրվար 02,2023 13:00 Share

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ

– Հարգարժան Լիլիթ, «Առավոտը» 2022թ. ամռանը կանադաբնակ անվանի ճարտարապետ Ազադ Շիշմանյանի հետ հարցազրույցում անդրադարձել էր Գյումրիում ձեր հիմնադրամի նախաձեռնած «Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» վերականգնման նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը համաշխարհային ճարտարապետության փառատոնի՝ World Architecture Festival -2022 (WAF), եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։ Աշնանն էլ կենտրոնի հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանն ու գլխավոր ճարտարապետ Ազադ Շիշմանյանը նախագիծը ներկայացրին միջազգային ժյուրիին՝ «Կրթություն» եւ «Քաղաքաշինություն» ենթակարգերում, ըստ էության Հայաստանն առաջին անգամ ներկայացնելով այս հեղինակավոր մասնագիտական հարթակում։ Հետեւելով զարգացումներին, Internatioal Design Awards-ի (IDA) պաշտոնական կայքից տեղեկացանք նախագծի նոր ձեռքբերման մասին։ Խնդրում ենք մանրամասն ներկայացնել այն։

– Այո, ուրախ եմ հայտնել, որ «Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» վերականգնման նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը 16-րդ անգամ անցկացվող դիզայնի միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է ոսկե մրցանակի։

Մերուժան Մինասյանը, Նարբեհ Պետրոսյանը, Ազադ Շիշմանյանը եւ Ռուդոլֆ Խառատյանը:

Կոնցեպտը մշակել է ճարտարապետ Ազադ Շիշմանյանը (NEUF ճարտարապետական արվեստանոց) հայաստանյան «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի (համահիմնադիրներ՝ Մերուժան Մինասյան, Նարբեհ Պետրոսյան) հետ։ Ըստ էության, այս նախագիծը սփյուռքահայ եւ հայաստանցի ճարտարապետների համագործակցության արդյունք է։ Գիտելիքների եւ գաղափարների այս փոխհամագործակցությունը մեր ժողովրդին համախմբելու միջոց է եւ այդ իմաստով նախագիծն արդեն կառուցողական ուժ է։

– Ո՞րն է այդ երկու մրցանակաբաշխությունների տարբերությունը։

– Համաշխարհային ճարտարապետության փառատոնը ներկայացնում է ճարտարապետական գլուխգործոցներ աշխարհի տարբեր անկյուններից։ Այն կարճ բնութագրվում է «լավագույն ճարտարապետներ, լավագույն նախագծեր» ձեւակերպմամբ։ Ի տարբերություն WAF-ի, դիզայնի միջազգային մրցանակաբաշխությունը IDA-ն հիմնադրվել է՝ գնահատելու, փառաբանելու եւ խթանելու բացառիկ դիզայներներին եւ բացահայտելու ոչ միայն ճարտարապետության, այլեւ ինտերիերի, ապրանքների, գրաֆիկական դիզայնի եւ նորաձեւության ոլորտում առաջատարներին։

IDA-ի «Տարվա ճարտարապետ դիզայն» մրցանակը ոլորտում ամենահարգված պարգեւներից է, որի նպատակն է ցուցադրել աշխարհում բացառիկ ճարտարապետների ֆենոմենալ տաղանդն ու տեսլականը։ Այն շնորհվում է այն անհատներին ու թիմերին, որոնք զգալի ներդրում ունեն ոլորտում։ Այս մրցանակը ճանաչում է ճարտարապետության գերազանցությունը, որը դուրս է շենքի գործնական նպատակներից։ Ինչ խոսք, մեր նախագծի համար մեծ պատիվ է ստանալ նման ճանաչում՝ 80 երկրից ստացված հազարավոր դիմումներից։ Նշեմ, որ միջազգային ժյուրին հատկապես գնահատել էր հնի եւ նորի միաձուլումը, որտեղ պահպանել ու ներկայացվել է թե պատմությունը, թե առաջընթացը։ Ի վերջո, սա երկու աշխարհների միաձուլման հրաշալի ցուցադրություն է։

– Հասկանալի է, որ ապագայում կենտրոնը կունենա թե կրթական եւ թե մշակութային բաղադրիչներ։ Բայց ներկա պահին 1926թ. կառուցված եւ 1988թ. երկրաշարժի հետեւանքով փլուզված Գյումրիի երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող «Սեւյան» մշակութային կենտրոնի մինչ օրս միակ կանգուն հատվածը նեոկլասիկ ոճում կառուցված ֆասադն է։ Հասկանալի է նաեւ, որ նախագիծը կյանքի կոչելու համար հսկայական ներդրում է հարկավոր։

– Նորաստեղծ միջազգային կենտրոնը կհանդիսանա արվեստի, կրթության, փորձարարության, գիտության, ստեղծարար արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, կայուն տուրիզմի ու ձեռներեցության զարգացման եւ կայացման հարթակ։

Կրթական բաղադրիչը մեր երկրի համար ամենակարեւորն է այսօր։ Կգործեն պարարվեստի ակադեմիա՝ երեխաների ֆիզիկական եւ էմոցիոնալ ներուժի բացահայտման ու կատարելագործման ծրագրով, բեմադրողների եւ խորեոգրաֆների ծրագիր՝ երիտասարդների ստեղծագործ մտքի զարգացման նպատակով, թվային ստեղծարար ստուդիոներ՝ կրթական, վերապատրաստման ծրագրեր եւ արտադրամասեր, ներառյալ բեմի, լույսի ու բեմական հագուստի ձեւավորում, բուրմունքի ստեղծում, գեղարվեստական ֆոտոնկարահանում, մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսական գրագիտություն եւ այլն։

Կենտրոնի հիմնադրումը իրականացվում է պետություն-մասնավոր փոխհամագործակցության հիման վրա, գործընթացն էլ համակարգում է «Էնթերփրայզ Արմենիա» կազմակերպությունը։

Վերջերս հանդիպում ունեցանք «Թումո»-ի ղեկավարության հետ՝ կրթական ծրագրերի շուրջ համագործակցությունը քննարկելու նպատակով, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ի հետ, քանի որ ծրագիրը մեկնարկել է այդ կառույցի օժանդակությամբ եւ մենք շարունակում ենք համագործակցությունը։ Դանդաղ, բայց կայուն քայլերով գնում ենք իրականացման ուղղությամբ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728