Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան շինարարության թույլտվությունը տրամադրվել է

Փետրվար 02,2023 13:30

Պատասխանողը Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի   օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորում է յուրաքանչյուր անձի` իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը: Արդյոք այդպե՞ս է: «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է ապօրինի շինթույլտվություններին, դատական գործընթացներին, մասնավորապես, վերջերս տեղեկացրինք Անդրանիկ սարկավագ Մանուկյանի դատական գործի մասին, երբ Մանուկյանի տան հարեւանությամբ նախաձեռնված տասներկուհարկանի բազմաբնակարան շենքի կառուցման շինարարությունը դատարանի որոշմամբ դադարեցվել է, եւ հարցը վիճարկման փուլում է: Նմանատիպ մի պատմության մասին էլ իմացա օրերս:

Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարան են դիմել Սրբուհի, Բագրատ, Շուշան Մանուկյանները (Երեւան, Այգեստան 2-րդ փողոց, տուն 18): Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված 2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 01/18-ՕԴ-98576-2088 շինարարության թույլտվությունը:

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2021 թ. նոյեմբերի 8-ին տրված թիվ 08112021-01-0370 սեփականության վկայականի համաձայն՝ համահայցվոր Մանուկյանները հանդիսանում են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 2-րդ փողոց, 18/5 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերը, ունեն սեփականության իրավունքի վկայական: Նրանց անշարժ գույքը գտնվում է այս գործով երրորդ անձ Արթուր Հարությունյանի հարեւանությամբ, ով հանդիսանում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 16, թիվ 16/1 եւ թիվ 16/3 բնակելի տների սեփականատեր (Երեւան, Այգեստան 16 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանել է Բագրատ Սահակյանին, ով այն վաճառել է Հակոբ Հակոբյանին, իսկ վերջինս էլ վաճառել է Արթուր Հարությունյանին-Ռ.Մ.): Հարեւաններն ունեն ընդհանուր սահման:

Երրորդ անձի կողմից 2022 թվականի հոկտեմբերից Այգեստան 2-րդ փողոց, թիվ 16, թիվ 16/1 եւ թիվ 16/3 բնակելի տներ հասցեներում սկսվել են բազմաբնակարան շենքի կառուցապատման շինարարական աշխատանքներ, որոնց մասին համահայցվորները չեն տեղեկացվել։ Համահայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ «Շինարարական աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան շինարարության թույլտվությունը տրամադրվել է. այն տրամադրվել է 2022 թվականի նոյեմբերի 21-ին, մինչդեռ շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերից»: Մանուկյանները 2022թ. նոյեմբերի 8-ին դիմել են Երեւանի քաղաքապետարանի «թեժ գծին», որտեղից նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել են. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ Այգեստան 2-րդ փողոց 16/1 եւ 16 հասցեներում բնակելի տների քանդման աշխատանքների իրականացման համար առկա են Երեւան համայնքի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 22-ին եւ հոկտեմբերի 6-ին տրված համապատասխանաբար թիվ 01/18-Դ-76829-73 եւ 01/18-Դ-70417-78 քանդման թույլտվությունները»: Իսկ Երեւանի քաղաքապետարանի 2022 թվականի նոյեմբերի 28-ի գրությամբ Մանուկյանների 2022 թ. նոյեմբերի 21-ի դիմումին ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է. «Այգեստան 2-րդ փողոց հհ. 16, 16/1, 16/3 հասցեներում բնակելի շենքի կառուցման համար Հակոբ Հակոբյանին տրվել են 30.03.2021 թվականի հ. 01/18-07/1-Կ-1135-209 նախագծման, 06.10.2022 թվականի հ. 01/18-Դ-70417-78 քանդման թույլտվություններ, 21.11.2022 թվականի համաձայնեցված հ. 01/18-05/1-Դ-98576-1170 աշխատանքային նախագիծ, հ. 01/18-Դ-98576-2088 շինարարության թույլտվություն»:

Համահայցվորները դիմել են նաեւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից հայտնել են, թե տեսչական մարմնի կողմից վերոնշյալ հասցեում իրականացվելու է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն (Տեսչական մարմնի 15.12.2022 թվականի գրություն): Տեսչական մարմնի կողմից նշված հասցեում իրականացվել է տեղազննություն եւ շինարարի կողմից ներկայացված աշխատանքային նախագծի պատճենների ուսումնասիրություն: Պարզվել է. «Երեւան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականին տրված թիվ 01/18-07/1-Կ-1135-209 նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային նախագծի պատճենների միջեւ հայտնաբերվել են անհամապատասխանություններ» (Տեսչական մարմնի 19.01.2023 թվականի գրություն)։ Ինչ է ստացվել. Երեւանի քաղաքապետարանն առանց շինարարության թույլտվության իրականացվող շինարարական աշխատանքները կանխելու փոխարեն մի քանի օրվա ընթացքում տվել է նոր նախագծման եւ շինարարության թույլտվություն։

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող «Էքպերտ Օցենկա» ՍՊԸ-ի փորձագետ Աշոտ Աբրահամյանի կողմից տրված թիվ ՇՓ-01/20.01.2023 եզրակացության համաձայն, պարզվել է հետեւյալը. «Նման պայմաններում չի պահպանվում ՀՀ ՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման տոկոսը, որը համաձայն նույն նորմի 70-րդ կետի 6-րդ աղյուսակի՝ կազմում է 60% եւ հետազոտությանը տրամադրված թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.5 կետով սահմանված պահանջները: Հաշվի առնելով հետազոտությանը տրամադրված թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6 վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը, որը համաձայն նույն նորմի 70-րդ կետի 6-րդ աղյուսակի՝ կազմում է 1,6, իսկ տվյալ դեպքում կառուցապատման խտության գործակիցը 3,0 է (1533,9 : 510,0): Պետք է նշել նաեւ, որ համաձայն հետազոտությանը տրամադրված նախագծի թերթերում առկա տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։ Նման պայմանների դեպքում չի պահպանվում նաեւ թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.7 կետով սահմանված պահանջները, այն է` նախագծով լուծել ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտի եւ բացօթյա ավտոկայանման խնդիրները։ Համաձայն հետազոտությանը տրամադրված 20.12.2019 թվականին Բագրատ Սահակյանի եւ Սրբուհի Մանուկյանի միջեւ կնքված համաձայնագրի՝ 4-րդ կետի շենքերի վերգետնյա հարկերի քանակը չպետք է լինի 5-ից ավելի: Սակայն պետք է նշել, որ հետազոտությանը տրամադրված բնակելի շենքի նախագծի կտրվածքում երեւում է, որ վերգետնյա հարկերի քանակը թվով 6-ն է»: Փաստաբան-ներկայացուցիչ Վահե Սեդրակյանն ասաց, որ փորձագետի եզրակացության համաձայն, հետազոտությանը տրամադրված փաստաթղթերում առկա չէ հարակից տարածքների արեւահարման ռեժիմի ազդեցության վերլուծությունը, հետազոտությանը տրամադրված նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծի համաձայն էլ՝ «առկա է բաց պատշգամբ, դեպի Այգեստան 2-րդ փողոց թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ»:

Ուշադրության արժանի է այն, որ նախագծով նախատեսվել է ստորգետնյա ավտոկայանատեղիի ելումուտն ապահովել Այգեստան 2-րդ փողոցից, իսկ իրականում այն կառուցվում է Սայաթ-Նովա փակուղում, որի լայնությունը 4-5,5 մետր է, մայթեր առհասարակ առկա չեն եւ այդ հատվածում ավտոկայանատեղիի կառուցմամբ համահայցվորների ելումուտը կսահմանափակվի, կառաջանան մշտական խցանումներ, քանի որ այդ հատվածում երկկողմանի երկու մեքենաներ չեն կարող միաժամանակ երթեւեկել։ Մի բան ակնհայտ է, որ վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա բնակելի շենքի կառուցումը՝ իր ներկայիս նախագծային չափերով ու ծավալներով, ուղղակի վտանգ է ներկայացնում համահայցվորների բնակելի տան շահագործման համար եւ հանգեցնելու է զգալի վնասների եւ իրենց պատկանող գույքից հարկադրաբար հրաժարվելուն (վաճառելուն): Վահե Սեդրակյանն ասում է. «Մարդն ահազանգել է, դիմել «թեժ գիծ», պետք է գային, տեղում կասեցնեին, արագ շինթույլտվություն են տվել, առանց վարույթ հարուցելու ու ներգրավելու սեփականատեր Մանուկյաններին: Իսկ աշխատակիցը ով եկել տեսել է, ասել՝ «թեժ գիծ» մի զանգեք, այլ՝ «իմ անձնականին» զանգեք: Սա Երեւանի քաղաքապետարանի հերթական ապօրինի թույլտվությունն է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728