Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող մթերքներ, որոնք թեև հրաշագործ չեն, բայց օրգանիզմին բարի ծառայություն կմատուցեն

Փետրվար 06,2023 09:30

Չկա այնպիսի մի մթերք, որը կարող է լիովին կանխարգելել քաղցկեղը, սակայն կան բազմաթիվ մթերքներ, որոնք հակաքաղցկեղային ազդեցությամբ առանձնացող սննդանյութեր ու միացություններ են պարունակում, որոնք, ի թիվս այլ գործոնների, կարևոր դեր են խաղում օրգանիզմի պաշտպանության գործում։ Մթերքների ճիշտ համադրությունը նույնպես կարող է նպաստել իրավիճակի փոփոխությանը։ Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ շատ կարևոր է սնվելիս պահպանել ափսեում ⅔ բուսական ծագման սննդի ու ⅓ կենդանական սպիտակուց պարունակող սննդի հարաբերակցությունը։

Քաղցկեղի դեմ պայքարում օգնում է գույնը

Մրգերն ու բանջարեղենը հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող բազմաթիվ միացություններ են պարունակում, և որքան հագեցած է դրանց գույնը, այնքան հարուստ են նրանք այդպիսի ազդեցություն ունեցող միացություններով։ Բուսական ծագում ունեցող այդ մթերքները նաև օգնում են կարգավորել քաշը՝ այդպիսով նույնպես նպաստելով քաղցկեղի կանխարգելմանը, քանի որ, ինչպես հայտնի է, ավելորդ կիլոգրամներն ավելացնում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, այդ թվում՝ հաստ աղիքի քաղցկեղի, կերակրափողի ու երիկամների։ Հատկապես խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ մուգ կանաչ, կարմիր ու նարնջագույն երանգավորում ունեցող բանջարեղենին։

Պտուղների կապույտ կամ մանուշակագույն երանգավորումը նույնպես հուշում է հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող միացություններով՝ պոլիֆենոլներով հարուստ լինելու մասին։ Հետազոտություններ կան, որոնց համաձայն հապալասը, թութն ու մանուշակագույն կարտոֆիլը օգնում են պայքարել քաղցկեղի և այլ խրոնիկ հիվանդությունների զարգացման դեմ։ Մանուշակագույն կարտոֆիլը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։ Բացահայտվել է, որ պոլիֆենոլները նպաստում են հաստ աղիքում քաղցկեղի բջիջների տարածման արգելակմանը՝ ինչի արդյունքում դրանք ապոպտոզի (ծրագրավորված մահի) են ենթարկվում։

Լոլիկը նույնպես առաջամարտիկ է

Լոլիկի հակաքաղցկեղային ազդեցությունը կապվում է լիկոպինի՝ լոլիկին կարմիր գույն հաղորդող պիգմենտի հետ։ Լիկոպինը կենսականորեն կարևոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում բանջարեղենը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, և նմանատիպ ազդեցություն էլ այն գործում է մարդու բջիջների վրա։

Որոշ հետազոտություններ լոլիկի օգտագործումը կապում են քաղցկեղի որոշ տեսակների՝ ներառյալ թոքերի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղի վտանգի նվազեցման հետ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ լոլիկի ջերմային մշակումը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է լիկոպինի կենսահասանելիությունը։

Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենի դերը

Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը, ինչպիսիք են սպանախը, սալաթը, մանգոլդը, մեծ քանակությամբ բջջանյութ, ֆոլաթթու ու կարոտինոիդներ են պարունակում։ Այդ սննդանյութերն օգնում են պաշտպանվել կոկորդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի, ստամոքսի, մաշկի քաղցկեղից։

Կաղամբազգիները և քաղցկեղը

Խաչածաղկավորների ընտանիքին են պատկանում բրոկոլին, ծաղկակաղամբը, կաղամբը, բրյուսելյան կաղամբը, չինական կաղամբը և այլն։ Բանջարեղենի այս տեսակների կազմում առկա բաղադրամասերն օգնում են պաշտպանվել հաստ աղիքի, կրծքագեղձի, թոքերի ու արգանդի վզիկի քաղցկեղից։

Խաչածաղկավորները հատկապես օգտակար են թոքերի համար, քանի որ նպաստում են թոքերի հյուսվածքների վերականգնմանն ու խթանում դրանց աճը՝ բնական ծծմբի պարունակության շնորհիվ։ Կաղամբազգիները 2 տիպի ծծումբ են պարունակում, որոնք միասին ներծծվում են թոքերի հյուսվածքների մեջ՝ խթանելով դրանց աճն ու վերականգնումը՝ անգամ սպիների առկայության դեպքում։

Խաղողի դրական ազդեցությունը

Խաղողն ու խաղողի հյութը, հատկապես մանուշակագույն ու կարմիր երանգավորում ունեցող տեսակները ռեսվերատրոլ են պարունակում։ Ռեսվերատրոլը ուժեղ հակաբորբոքային ու հակաօքսիդանտային ազդեցություն ունի։ Լաբորատոր հետազոտություններում այն կանխել է վնասվածքները, որոնք կարող են քաղցկեղային գործընթաց առաջացնել բջիջներում։

Քաղցկեղի դեմ պայքարում կարևոր է նախաճաշի դերը

Ֆոլաթթուն կարևոր դեր ունի B վիտամինների խմբում և կարող է նպաստել հաստ աղիքի, ուղիղ աղիքի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։ Սովորաբար նախաճաշի ժամանակ օգտագործվող մթերքների կազմում այն առկա է բավականին մեծ քանակությամբ։ Ամբողջահատիկ ցորենից, վարսակից պատրաստված չոր նախաճաշիկներն ու շիլաները օրը սկսելու լավ տարբերակ են։ Ֆոլաթթվով հարուստ են նաև նարնջի թարմ հյութը, ելակը, սեխը և այլն։

Ֆոլաթթուն առկա է նաև ծնեբեկի, հավկիթի, լոբու, արևածաղկի սերմերի, կանաչ տերևավոր բանջարեղենի կազմում։ Ֆոլաթթվի լավագույն աղբյուրը բնական մթերքներն են, սակայն հղիանալուց առաջ և հղիության ընթացքում կանանց սովորաբար նշանակվում են ֆոլաթթվի հավելումներ՝ պտղի բնածին որոշ արատներ կանխարգելելու համար։

Երշիկեղենից հրաժարվելը կարող է ճիշտ որոշում լինել

Իհարկե, մեկ բուտերբրոդը կամ հոթ-դոգը ձեզ չի վնասի, սակայն վերամշակված մսամթերքից՝ տարատեսակ երշիկեղենից, նրբերշիկներից հրաժարվելը կօգնի նվազեցնել ստամոքսի ու կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգը, քանի որ մսի՝ աղով կամ ծխով պահածոյացման ընթացքում մեծանում է քիմիական նյութերի ազդեցությունը, ինչը մեծացնում է քաղցկեղի վտանգը։

Կանաչ թեյի հակաքաղցկեղային պոտենցիալը

Լաբորատոր հետազոտություններով կանաչ թեյը դանդաղեցրել կամ կանխարգելել է հաստ աղիքի, լյարդի, կրծքագեղձի և շագանակագեղձի բջիջներում քաղցկեղի զարգացումը։ Նմանատիպ ազդեցություն է ունեցել թոքերի հյուսվածքների ու մաշկի վրա։ Որոշ երկարաժամկետ հետազոտություններում թեյը կապված է եղել միզապարկի, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման հետ։


Ջուրը նույնպես կարևոր է

Ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև պաշտպանում է միզապարկի քաղցկեղի վտանգից։ Դա պայմանավորված է միզապարկում քաղցկեղածին ագենտների նոսրացումով։ Իսկ հաճախակի միզարձակման շնորհիվ այդ ագենտներն աելի քիչ են շփվում միզապարկի լորձաթաղանթի հետ։

էկզոտիկ համեմունքներին արժե ուշադրություն դարձնել

Կուրկումինը հնդկական հայտնի համեմունքի՝ քրքումի հիմնական բաղադրիչն է, որը հակաքաղցկեղային լավ պոտենցիալ ունի։
Պատրաստման մեթոդները ևս նշանակություն ունեն
Մսի պատրաստման եղանակից շատ բան է կախված․ տապակման, խորովելու և բարձր ջերմային մշակման ենթարկելու ժամանակ քիմիական նյութեր են ձևավորվում, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Եփման այլ մեթոդները ավելի արդյունավետ են։

Հատապտուղները երբեք ավելորդ չեն լինի

Ելակն ու ազնվամորին պարունակում են էլլագաթթու ֆիտոքիմիական միացությունը, որը հզոր հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղի դեմ մի քանի մեթոդներով՝ թե՛ դանդաղացնում է քաղցկեղի բջիջների աճը, թե ապաակտիվացնում որոշակի նյութերի առաջացումը, որոնք քաղցկեղածին են։

Հապալասը նույնպես հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները մինչ այն պահը, երբ դրանք վնաս կհասցնեն օրգանիզմին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728