Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բավականին ծանր վիճակի մեջ կդնի ոչ թե Ռուբեն Վարդանյանին, այլ՝ Արցախի բնակիչներին». Լարիսա Ալավերդյան

Փետրվար 23,2023 22:22

«Եթե սթափ հաշվարկենք, ապա Ռուբեն Վարդանյանի հրաժարականը ուղղակի ստացվում է Մյունխենում Իլհամ Ալիեւի հրապարակած հրամանի կատարումը: Վերին աստիճանի բացասական ֆոն է, բացասական միջավայր է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ինչպես հայտնի է, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Ըստ տիկին Ալավերդյանի, դա բավականին ծանր վիճակի մեջ կդնի ոչ թե Ռուբեն Վարդանյանին, այլ՝ Արցախի բնակիչներին. «Հերթական անգամ իրենց համար անհասկանալի ձեւով տեղի է ունենում այդ պաշտոնանկությունը: Արցախի նախագահն այդ հարցը չի քննարկել ԱԺ-ի հետ, անգամ նախարարության հետ, որը ղեկավարվել է Ռուբեն Վարդանյանի կողմից: Մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի գրել: Ես շատ ծանր տպավորություններ այսօր ունեմ, մանավանդ, որ պաշտոնանկության լուրից 1 ժամ հետո մենք ստանում ենք լուր, որ Արցախը պատրաստ է բանակցելու Ադրբեջանի հետ: Ես գտնում եմ, որ սա նախագահի եւ նրա աշխատակազմի կամ իր ջատագովների որդեգրած ցանկությունն ու գիծն  է ցույց տալիս՝ բանակցելու Ադրբեջանի հետ ցանկացած պարագայում»:

Լարիսա Ալավերդյանը հաջողություն է մաղթում Արցախին ու զգուշացնում՝ Արցախը պատրաստ է, բայց Ադրբեջանը պատրաստ չէ բանակցել Արցախի հետ. «Երբ ասում են բանակցություններ, դա երկկողմ է եւ ի վերջո երկխոսության միջոցով է տեղի ունենում: Ադրբեջանը բազմաթիվ անգամ, հանձինս իր բարձրաստիճան ղեկավարների, հայտարարել է, որ պատրաստ է ընկալել Արցախը՝ միայն ու միայն ինչպես իրեն անօտարելի մաս եւ քաղաքացիների կամ որեւէ մեկի հետ պատրաստ է խոսել միայն այդ պարագայում: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրական փոփոխություն կբերի: Ինձ մնում է միայն ցանկանալ, որ այն գործընթացները, որոնք մեզ սպասում են, ծանր չանդրադառնան առնվազն արցախցիների հոգեբանական վիճակի վրա, որովհետեւ վտանգը դրա մեջ է, որ այսպիսի որոշումներից հետո, երբ  կատարվում են Իլհամ Ալիեւի հրամանները, օրինակի համար կբացվի միառժամանակ այդ փակ ճանապարհը՝ միայն մեկ նպատակի համար, որ նրանք, ովքեր Արցախում են եւ հուսահատվել են այսպիսի գործողություններից, լքեն Արցախը: Ի վերջո երկարաժամկետ ծրագիրը դա է, Ադրբեջանն ուզում հայաթափել Արցախը՝ առանց մեծ արյան, ինչպես ասվում է: Առայժմ ես դրական ակնկալիքներ չունեմ: Ես ուղղակի իրատես եմ, հրաշալի գիտեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական նպատակները»:

Հարցին՝ սա նպաստելու է Արցախի սուբյեկտայնության նվազմա՞նը՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ միայն սուբյեկտայնության, դա Արցախի՝ իրար փոփոխող իշխանությունների լեգիտիմության հանդեպ մեծ հարված է: Երբեւիցե այդպես կայծակնային որոշումներ՝ նշանակում, ազատում, նոր նշանակում ու չգիտենք էլ ինչ է մեզ սպասվում, այն էլ՝ Ալիեւի հրապարակային գրեթե նույն հրամանագիրը հրապարակելուց հետո չի եղել: Սա շատ վտանգավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728