Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության պահին բռնված ու հարևանների կողմից ծեծի ենթարկված պարեկը եղել է համազգեստո՞վ

Մարտ 02,2023 17:57

Այսօր գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Աշտարակում։

Կարբի գյուղի բնակիչ, 36-ամյա Ռ. Հ․-ն, որը ծառայում է Շիրակի մարզում, Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է, փորձել է գողություն կատարել համագյուղացի Ս․Ն․-ի տնից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հարևանները տեղում բռնել էին նրան, ծեծել, գլուխը պատռվել էր, ոտքը վնասվել։ Նրան տեղափոխել էին Աշտարակի հիվանդանոց։

Այս տեղեկությունը հայտնել էր գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ պարեկի նկատմամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 8 բնակարանային գողության հատկանիշներով։

Կարապետ Պողոսյանի տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ խոշորացված Աշտարակ համայնքի բնակավայրերում տեղի են ունեցել բնակարանային գողության այլ դեպքեր, կան տվյալներ տվյալ անձի կողմից առերևույթ կատարված լինելու վերաբերյալ։

«Պարեկները զբաղվում են նաև բնակարանային գողությամբ

Գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի, առաջին դասակի սպա Ռ. Հայրապետյանն, Աշտարակ խոշորացված համայնքում բռնվել է բնակարանային գողություն կատարելուց։

Տարածքի բնակիչները շան ծեծ են տվել, ապա ահազանգել ոստիկանություն։

Իմ ունեցած տեղեկություններով, Հայրապետյանի նկատմամբ կա նախաձեռնած քրեական վարույթ, ութ բնակարանային գողության հատկանիշներով

Գող֊պարեկը այս պահին գտնվում է Աշտարակ ԲԿ-֊ում, գլխի բաց վերքերով, ոտքի կոտրվածքով, քիչ հետո ոտքը վիրահատելու են»,-գրել էր գյումրեցի իրավապաշտպանը։

Մեզ հասած տեղեկություններով, նա գողության վայրում եղել է համազգեստով։

Տվյալ պարեկը մոտ մեկ տարի է՝ ծառայում էր Շիրակի մարզում, գործընկերները նշում են, որ սուսուփուս ծառայող էր։ Նրանց համար անսպասելի է եղել այս լուրը։

Ռ. Հ ․-ն Շիրակի մարզում չի բնակվել, գնացել-եկել է, իսկ այս դեպքը տեղի է ունեցել հերթափոխը հանձնելուց և իր գյուղ մեկնելուց հետո։

Լրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով էլ, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչների հետ, նոր տվյալներ են ձեռք բերել Ռ․ Հայրապետյանի կողմից կատարված գողությունների փաստերով։

Փաստերի ճնշման տակ 9 դրվագ գողություններ է խոստովանել, որոնք կատարել է Կարբի և Օհանավան գյուղերում։ Ռ․ Հ–ն նախկինում աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։

Ի դեպ, Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի նախկին անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքելով կատարվածին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այո, ոստիկանության 10 հազարից ավել ծառայողների մեջ կան հանցագործներ: Ու՞մ համար է դա նորություն: Իհարկե, ցավալի է, որ որոշակի ֆիլտրերով անցած պարեկների մեջ այդպիսի մարդ կա, բայց դե մոտ 2000 պարեկների ընտրության ժամանակ կարող էինք և սխալներ անել:

Ամեն դեպքում, որպես պարեկների ընդունող հանձնաժողովի անդամ` ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ընտրել ենք մի պարեկի, ով հանցագործ է:

Բայց ինձ մի հարց է հետաքրքիր. ինչո՞ւ այսպիսի շուխուռ չբարձրացավ այն ժամանակ, երբ ամիսներ առաջ Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորը բռնվեց թմրանյութեր վաճառելիս ու, դրանից հետո, Արաբկիրի բաժինը ճանաչվեց տարվա լավագույն բաժին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031