Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը». ՀՊԿՆ-ն նշում է 60-ամյակը

Մարտ 03,2023 18:06

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է երաժշտական կոլեկտիվին հոբելյանի կապակցությամբ և ընդգծել նվագախմբի նվիրյալների վաստակը՝ կամերային երաժշտության տարածման, միջազգային հարթակներում հայ կատարողական արվեստը ներկայացնելու գործում:
«Ուրախալի է, որ այսօր էլ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է գալիս իբրև ամենաակտիվ երաժշտական կոլեկտիվներից մեկը: Բոլորովին վերջերս նվագախումբը նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ փայլուն ելույթներով հանդես է եկել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Արձագանքներն ավելի քան տպավորիչ են: Վստահ եմ, որ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը և բարձր մասնագիտական ու գեղարվեստական չափանիշների պահապանը:

Ի սրտե շնորհավորում եմ նվագախմբին կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությանը և երաժշտասեր հանրությանը հոբելյանի կապակցությամբ»,- ասվել է ուղերձում:

Համերգի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև նվագախմբի հիմնադրման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Աստղիկ Բագրատի Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային երաժիշտների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Մոցարտի, Բեթհովենի, Վիվալդիի: Նվագախմբի հետ կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ Նիկոլայ Մադոյանը, Նարեկ Հախնազարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ՝ Ռոբերտ Մլքեյանը, Զավեն Վարդանյանը, Հմայակ Դուրգարյանը: Նվագախմբին միացել են նաև «Հովեր» և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031