Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ռուս խաղաղապահը դուրս գա, ուրիշը գա՝ Արցախ չի լինելու». Դավիթ Բաբայան

Մարտ 16,2023 20:33

«Ռուս խաղաղապահները շատ մեծ, առանցքային դերակատարություն ունեն Արցախի գոյության համար: Չլինի ռուս խաղաղապահ առաքելություն՝ չի լինելու Արցախ. սա միանշանակ է: Մենք չենք ուզում քննարկել՝ Արցախը դարձնել փորձադաշտ՝ ռուս խաղաղապահները դուրս գան, ուրիշները գան… իսկ ո՞վ է ասել, որ ուրիշներն ավելի լավը կլինեն: Իսկ ի՞նչ երկրի խաղաղապահներ են գալու եւ այստեղ առաքելություն իրականացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Այսօր կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «…Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը: …մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»:

Դավիթ Բաբայանից հետաքրքրվել էինք՝ նկատի ունենալով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, ՌԴ-ի դերը՝ ընթացող զարգացումներում, հնարավորությունները, Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում այժմ ՌԴ-ից նման ակնկալիք ունենալը եւ ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել այդ քայլը, եթե այն արվի, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց, ի՞նչ նպատակ է դա հետապնդում:

«Ինչի՞ համար է արվում, ի՞նչ է մտածում, պետք է իրենից հարցնել, ես չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի վարչապետի ասածները»,- ասաց պարոն Բաբայանը:

Շարունակելով ռուս խաղաղապահների թեման, Դավիթ Բաբայանը նկատում է, որ ՌԴ-ն չեզոք դիրքորոշում է դրսեւորում՝ «ընդգծված հակում չունի», իսկ այլ երկրների խաղաղապահ ուժերի ներգրավումը առավել բարդ ու խառը աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծելու, առանց այդ էլ բարդ ու պայթյունավտանգ տարածաշրջանում. «Մինչեւ ռուս խաղաղապահը դուրս գա, ուրիշը գա՝ Արցախ չի լինելու. մի քանի ժամվա հարց կարող է դա լինել եւ մենք, իսկապես, չենք ուզում, որ ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից: Եթե Ադրբեջանը դիմում է նման քայլերի, այստեղ խնդիրը ռուս խաղաղապահները չեն, միջազգային մեխանիզմներն են. ի՞նչ է, խաղաղությունը, կայունությունը եւ Ադրբեջանին սանձած պահելը միայն ՌԴ-ի գո՞րծն է: Որտե՞ղ է ՄԱԿ-ի արդարադատության դատարանը, որը միջանկյալ որոշում է կայացրել, հիմա Ադրբեջանը թքում է այդ որոշման վրա: Ո՞ւր են այդ երկրները, ՌԴ-ն՞ պետք է այդ որոշման իրականացումը ապահովի:

Այսինքն, իմ խորին համոզմամբ, մենք պետք է աշխատենք այնպես, որ ոչ թե կասկածի տակ դնենք ռուս խաղաղապահ առաքելության գործունեությունն, այլ օգնենք նրանց, որ այլ երկրները եվս, արդեն քաղաքական ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որովհետեւ, մենք տեսնում ենք, որ խաղ է գնում: Հակառուսական ուժերը մեղադրում են, ոչ թե մտածում են Արցախի մասին, ոչ, այլ հարցերի մասին են մտածում: Այսինքն, այլ աշխարհաքաղաքական խաղեր են անում, մեզ էլ դարձնում են մանրադրա՞մ: Սա իմ անձնական կարծիքն է եւ, կարծում եմ, Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնության, որ մենք չենք ցանկանում դառնալ փորձադաշտ, մենք պետք է օգնենք ռուս խաղաղապահներին, որովհետեւ խնդիրը ռուս խաղաղապահները չեն, Ադրբեջանն ու Թուրքիան են: Իսկ դրա համար, մենք այլ երկրների հետ պետք է աշխատենք, որ ճնշում գործադրեն ու թույլ չտան ագրեսիա: Փոխարեն համապարփակ աշխատանք տանենք, տարբեր խողովակներով ազդենք, ես չեմ ուզում, որ մենք ընկնենք տարբեր երկրների շահերի մեջ եւ նրանք օգտագործեն մեզ, որպես մանրադրամ»:

Դավիթ Բաբայանը դեմ չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. «Բայց ի՞նչ գնով: Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ ասում են՝ Արցախը մերն է, «Արեւմտյան Ադրբեջան» են խաղացնում՝ «Էրիվան» քաղաքով, ամբողջ Հայաստանի նկատմամբ հավակնություններ են դրսեւորում, սպանում են մեր մարդկանց, երբ մենք իրենց օգնում ենք երկրաշարժի ժամանակ. տարբերությունն ակնհայտ է, չէ՞, եւ սա տասնամյակներ եւ հարյուրամյակներ: Մենք, իհարկե, ուզում ենք հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց իրենց ուզածն, արդյոք համապատասխանում է մեր տեսլականին եւ ազգային շահերին. եթե համապատասխանում է, մենք պատրաստ ենք՝ հավասարը-հավասարի, սկզբունքով, ոչ թե Արցախն ու արցախցիներին ոչնչացնելու, սկսել հարաբերությունների բարելավման գործընթաց: Ես անձամբ, ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի կողմից չեմ տեսնում նամն մոտեցում»:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է՝ իրենք հաղթանակած կողմ են, պայմաններ են թելադրում: Դավիթ Բալայանը տարակուսած է. «Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը վեց ամսից կամ մեկ տարուց հետո էլի հաղթանակած է լինելու. իրավիճակն այնպես է զարգանում, որ ցանկացած հաղթող կողմ, կարող է ընդհանրապես վերանալ»: Ապա նկատում է, որ պետք է հաշվի նստել նաեւ այն իրողության հետ, որ Արցախը կա եւ եթե որեւէ կողմը հաղթանակած է, չի նշանակում, որ բոլորին պետք է կոտորի՝ հիշեցնելով, որ 30 տարի Հայաստանն էլ էր հաղթանակած կողմ: «Շատ բան է ուզում Ադրբեջանը, ամբողջը տա՞նք: Ճիշտ քաղաքականություն պետք է տանենք, քանի որ եթե այդպես գնաց՝ դոմինոյի էֆեկտով ամեն ինչ վերցնելու են: Վաղը կարող է Երեւանն էլ ուզեն. տա՞նք: Դե բերեք տանք՝ մենք էլ թողնեն, գնանք մեր հայրենիքից, Ավստրալիաներում հանգիստ ապրենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031