Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազում եմ բարձրանալ բիբլիական Արարատ, իսկ հետագայում կանգնել Էվերեստի գագաթին»

Ապրիլ 03,2023 12:00

Հայ լեռնագնացի ամենակարեւոր նպատակը, սակայն, խաղաղ հայրենիքում ապրելն ու արարելն է

Նարեկ Անտոնյանը 32 տարեկան է, ծնունդով՝ Տավուշից։ Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը, ծառայել բանակում։ «Թեեւ մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, սակայն բուն մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել: Բայց ինձ համար մեծ նշանակություն են ունեցել այն գիտելիքները, որոնք ստացել եմ ուսանողական տարիներին։ 2015թ.-ից մինչ օրս աշխատում եմ արտադրական ընկերություններից մեկում՝ որպես մենեջեր»,- ներկայանում է Նարեկը։


«Բնության հանդեպ սերը մանկուց էր։ Արդեն 2 տարի է, ինչ զբաղվում եմ լեռնագնացությամբ։ Գրեթե ամեն կիրակի լեռներում եմ, բնության գրկում։ Նպատակս հայրենաճանաչությունն է, դե իսկ ավելի մանրամասն կարող ես ճանաչել լեռներից։ Ինձ համար կարեւոր ու հիշարժան օրերից էր իմ առաջին խմբային արշավը, որը եղել է Լոռիում՝ Ծաթեր գյուղից քայլել ենք Արեւածագի ձոր, այնուհետեւ’ Հնեվանք։ Տպավորություններս աննկարագրելի էին. մայիսի սկիզբն էր, շուրջս կանաչով էր ծածկված: Այդ քայլարշավից հետո սրտատրոփ սպասում էի իմ հաջորդ արշավին, ու այսպես այդ ամենը դարձավ «հիվանդություն»։ Հետագայում սկսեցի նաեւ լեռնային վերելքները։ Առաջին վերելքս եղել է Արտանիշ լեռը։ Դա միակ լեռն է, որտեղից Սեւանա լիճն ամբողջությամբ է երեւում։ Այդ տեսարանն ինձ համար աննկարագրելի սիրուն էր։ Նաեւ շատ-շատ եմ սիրում ձմեռային բարդ վերելքները։ Ինձ համար լեռնագնացությունը շատ հետաքրքիր զբաղմունք է։ Հիշարժան արշավներ ու վերելքներ շատ-շատ եմ ունեցել… 2022թ.-ի դեկտեմբերին վերելք իրականացրեցինք Բազումի լեռների ամենաբարձր գագաթ՝ Ուրասար լեռ (2992մ)։ Գրեթե ամբողջ երթուղին անցանք աննշան տեսանելիության պայմաններում: Գագաթին հասնելու համար մոտ 1կմ էր մնացել, եւ մենք դուրս եկանք ամպերի միջից։ Շուրջ բոլորն ամպերի ծով էր, երեւում էին միայն որոշ բարձր լեռներ ու լեռնաշղթաներ՝ կղզիների ձեւով։ Քանի որ գագաթ հասանք մայրամուտին, այդ տեսարանները էլ ավելի գեղեցկացան՝ կրելով տարբեր երանգներ։ Նման տեսարաններ տեսնելը հիմնականում օդաչուներին է բախտ վիճակվում։ Առանձնահատուկ էր նաեւ Հայաստանի ամենաբարձր կետ՝ Արագածի Հյուսիսային գագաթ (4090մ) վերելքը։ Ամենահիշարժաններից կառանձնացնեմ նաեւ Սյունյաց հզոր Խուստուփ լեռը բարձրանալը»,-պատմում է մեր զրուցակիցը։

Նարեկ Անտոնյանը հավելում է, որ լեռնագնացությունից բացի այլ նախասիրություններ էլ ունի, ինչպես ֆուտբոլն ու վոլեյբոլը, սիրում է կարդալ։ Նարեկն ունի նաեւ ինստագրամյան էջ, որտեղ վարում է իր բլոգը. «Ինստագրամյան էջս ամբողջովին նվիրված է Հայաստանի բնությանը, փորձում եմ հոլովակների եւ նկարների միջոցով մարդկանց ցույց տալ մեր հրաշալի բնությունը։ Նույնիսկ նույն լեռը տարբեր օրերի կամ սեզոնների բարձրանալու ընթացքում այնպիսի տպավորություն է, կարծես՝ առաջին անգամ եմ լինում այդ վայրում։ Իմ էջի բոլոր լուսանկարներն ու հոլովակները նկարել եմ հեռախոսով։ Շատ եմ սիրում լուսանկարել: Միշտ լավ կարծիքներ են հնչում իմ արած լուսանկարների մասին, երբեմն մարդիկ դրանք համեմատում են պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով արված լուսանկարների հետ։ Ունեմ շատ նպատակներ, երազանքս է ապրել, աշխատել եւ արարել խաղաղ հայրենիքում: Մի նպատակ էլ ունեմ՝ բարձրանալ բիբլիական Արարատ, իսկ հետագայում կանգնել աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին»։ Նարեկը բոլորին խորհուրդ է տալիս անպայման բարձրանալ լեռներ, եթե, իհարկե, առողջական լուրջ խնդիրներ չունեն. «Լեռնագնացության նշանակությունը շատ մեծ է։ Անչափ կարեւոր է մոտ լինել բնությանը, վերջիվերջո, առողջ ապրելակերպի, ինքնաճանաչման հրաշալի տարբերակ է։ Առհասարակ լեռներ պետք է բարձրանալ աստիճանաբար՝ սկզբից ցածր, հետո աստիճանաբար, ավելի բարձր լեռներ՝ նկատի ունենալով կլիմայավարժեցման գործոնը»։

Էլեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930