«Ցավում եմ այդ քննարկման համար։ Ընդդիմադիր գործընկերներն իրենց քաղաքական ղեկավարների գլխավորությամբ փորձեցին ստեղծել իրավիճակ, որը կարող է գցել ինստիտուտների վարկանիշը։ Եթե նման նպատակ չունենային, ապա ընդդիմադիրները կգային նիստին եւ մեզ կհամոզեին, որ քվեարկենք իրենց թեկնածուի օգտին»,-ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Ռուստամ Բաքոյանը հիշեցրեց, որ դիմադրության շարժման ժամանակ նույն քաղաքական ուժերը ժողովրդին անվանեցին «թուրք» եւ «ժեխ»․ «Հարյուր հազարավոր հայերի այսօր նրանց թեկնածուն անվանեց «ադրբեջանաթուրքական»։ Սա գենետիկ ատելություն է հայ ժողովրդի հանդեպ։ Նման քաղաքական ուժերը չեն կարողանում ժողովրդին ներել»։
Հ․Գ․ գենետիկ ատելությունից խոսող Ռուստամ Բաքոյանին հիշեցնում ենք, որ 2008թ․ մարտի մեկի դեպքերի ժամանակ իր քաղաքական թիմի ներկայիս առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բղավում էր՝ «այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։ Իսկ բոլորովին վերջերս Բաքոյանի թիմակից Գուրգեն Արսենյանն անտեսում էր արցախահայությանը՝ կարեւորելով միայն ՀՀ երեք միլիոն բնակչությանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































