Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Տատանումներն Արեւմուտքից Արեւելք եւ հակառակը՝ անկայուն իրավիճակ են ստեղծում, որից օգտվում են էկոակտիվիստները եւ ոչ միայն նրանք․ «Հրապարակ»

Ապրիլ 08,2023 10:45

Հերթական իրադարձությունը, որը հակառուսական տրամադրությունների նոր ալիք առաջացրեց Հայաստանում եւ Արցախում, Հայաստանից Ստեփանակերտ ուղեւորված եւ այդպես էլ տեղ չհասած ավտոբուսների պատմությունն էր: Ինչպես գիտենք, ապրիլի 4-ի ուշ երեկոյան ռուս խաղաղապահները, ադրբեջանական կողմի հետ ունենալով պայմանավորվածություն, փորձել են 27 հոգու ավտոբուսներով Հայաստանից տեղափոխել Արցախ, սակայն չեն կարողացել անվտանգ տեղ հասցնել:

Ադրբեջանցի էկոակտիվիստները՝ զինյալների ուղեկցությամբ, կանգնեցրել են ավտոբուսները, ազերիներից մեկը նույնիսկ ներս է մտել: 4 ժամ Շուշիի մոտակայքում կանգնելուց հետո 23 հոգի՝ հոգեբանորեն ճնշված եւ նյարդային վիճակում, վերադարձվել են Գորիս, իսկ 4 կանայք, որոնց վիճակը վատացել էր, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տարվել են Ստեփանակերտ: Մենք մի քանի հարց ուղղեցինք ռուս վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին:

– Հայաստանում մարդիկ քննարկում են ռուս խաղաղապահների պահվածքը։ Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի թե՞լն են թելում, թե՞ չունեն այլեւս իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, եւ ազերիներն ուղղակի անտեսում են նրանց: Օրինակ, կար պահանջ՝ հեռանալ լեռնային ճանապարհից, բայց ադրբեջանական կողմը դա չկատարեց: Ո՞րն է խնդիրը:  

– Այս ամենը տարակուսանք է առաջացնում: 100 օր եւ ավելի ընթանում է հակամարտությունը Լաչինի միջանցքի գոտում, ինչի՞ են ուզում հասնել ադրբեջանցիները՝ այսչափ լարելով հարաբերությունները Հայաստանի հետ, դժվար է հասկանալ: Ընդհանուր կոնտեքստում դա տապալում է խաղաղության պայմանագրի նախապատրաստությունը, բանակցային գործընթացը՝ առհասարակ, որն առանց այդ էլ հազիվ է առաջ շարժվում: Ի դեպ, դեռ հարց է, թե ով է առաջ տանում այդ խաղաղ գործընթացը՝ Արեւմո՞ւտքը, թե՞ Մոսկվան: Վերջերս, Արարատ Միրզոյանի այցից հետո, ոնց որ թե տպավորություն կար, թե ձեռք բերվեց պայմանավորվածություն, եւ Հայաստանը վերադարձել է Մոսկվայի կողմը: Բայց տատանումներն Արեւմուտքից Արեւելք եւ հակառակը՝ անկայուն իրավիճակ են ստեղծում, որից օգտվում են էկոակտիվիստները եւ ոչ միայն նրանք: Կան որոշակի ուժեր նաեւ՝ ես կասկածում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որոնք հետաքրքրված են այդ լարման պահպանմամբ ու նոր օջախների ստեղծմամբ:

Սա տեղի է ունենում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ եւ աննախադեպ սրման ֆոնին, ինչը պետք է հաշվի առնել: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս հունով, դա կարող է բերել լոկալ զինված կոնֆլիկտի: Ստեղծվում է լարվածության իրական պոտենցիալ օջախ Լաչինում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսինքն՝ ապակայունացվում է իրավիճակը: Երկրորդն էլ՝ տապալվում է ռուսական «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Ռուսաստանը փորձում էր իրականացնել, հայտնվելով տրանսպորտային եւ կոմունիկացիոն մեկուսացման մեջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Նա սկսեց ակտիվ գործել Հյուսիս-հարավ երթուղու ուղղությամբ, եւ պատահական չէ, որ հենց այս շրջանում է ի հայտ գալիս լարվածությունը: Աշխատում է նաեւ երրորդ ուժի գործոնը, որն ամեն ինչ անում է՝ լարվածությունը պահելու եւ զինված կոնֆլիկտի եզրագծին հասցնելու: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպերին, թե քանի մարդ որտեղից եկավ ու չկարողացավ գնալ՝ սրանք տեղային նշանակության սյուժեներ են, որոնք վերահսկելը շատ բարդ է:

– Ի վերջո, մարդիկ ասում են, որ մեղավոր են ռուսները, որոնք պարտավորություն ունեին՝ լուծել այդ տեղային նշանակության կոնֆլիկտները, բայց չեն կարողանում, ինչո՞ւ չեն կարողանում:  

– Իհարկե, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում, բայց թե ինչու է այսպիսի վարք դիտարկվում, դժվար է ասել: Իմ կարծիքով, այստեղ երկակի ստանդարտների խաղ է գնում: Հայաստանն ու Ադրբեջանը խաղարկում են ռուսական քարտեզները, դա փաստ է: Որովհետեւ եթե հայերը պրոցեսը թեքում-տանում են դեպի Արեւմուտք, ապա ինչո՞ւ է նույն ուղղությամբ գնում Ադրբեջանը, եթե նրան ամեն ինչ ձեռք է տալիս եւ, ինչպես դուք եք ասում՝ ռուսները նրանց են աջակցում: Ալիեւն այնտեղ գնաց, չէ՞, Արեւմուտքի հովանու ներքո ստորագրելու պայմանագիրը: Ռուսաստանն էլ պատասխանեց նրանով, որ բարձրացրեց խաղաղապահների կարգավիճակի հարցը: Լավ, հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը: Որովհետեւ այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, նա համարում է իրենը, բայց ինչո՞ւ է դրան դեմ կանգնում Հայաստանը, որն Արցախը հայտարարում է անկլավ Ադրբեջանի տարածքում եւ միջազգային վերահսկողության գոտի, այսինքն՝ ՄԱԿ-ից է երաշխիքներ պահանջում:

Տեսեք, ինչքան են համընկնում դիրքորոշումները: Ռուսներին դեմ են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, եւ մենք, ի վերջո, հայտնվում ենք ինչ-որ հեռակա դերում, որովհետեւ մենք պետք է մեր խաղաղապահներին ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, կոմունիկացիոն հնարավորություններով եւ այլն՝ Հայաստանի տարածքով, բայց ոչ Ադրբեջանի: Իրավիճակն արտառոց է: Ի վերջո, այս ամենը կհոգնեցնի մեր նախագահին: Նա նրանց կկանչի մի ինչ-որ տեղ, ասենք՝ Սոչի, եւ բռունցքը սեղանին խփելով՝ կարգի կհրավիրի: Իսկ առայժմ մենք փորձում ենք կրքեր զսպել: Կստացվի, թե ոչ՝ չգիտեմ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930