Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդիայի խորհրդարանում ձեւավորվել է Իռլանդիա-Հայաստան բարեկամական խումբը

Ապրիլ 19,2023 23:35

Լիահույս եմ, որ երկու բարեկամական խմբերի համագործակցությունը առարկայական ներդրում կունենա Իռլանդիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Կարծում եմ` մեր օրենսդիր մարմինների միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ է երկկողմ օրակարգի զարգացման եւ իրականացման ուղղությամբ: Մենք կարող ենք նաեւ նոր շերտեր եւ ուղղություններ ավելացնել այս օրակարգին, ինչը ես ամենաարժեքավորն եմ համարում խորհրդարանական բարեկամական խմբերի եւ խորհրդարանական դիվանագիտության գործունեության շրջանակներում. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը` Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման հեռավար արարողության ժամանակ:

Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության մեխանիզմների դերը տարբեր միջազգային միջխորհրդարանական հարթակներում, ինչպիսիք են ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ԵԽ խորհրդարանական վեհաժողովները եւ ՀՀ ԱԺ անունից իր երախտագիտությունն է հայտնել Իռլանդիայի խորհրդարանին` միջազգային հարթակներում Հայաստանի համար չափազանց դժվարին ժամանակներում աջակցելու համար: Անդրադառնալով մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակին` պատգամավորը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամը դեռեւս լուծված չէ, եւ իրավիճակը պարբերաբար սրվում է Ադրբեջանի սադրանքների հետեւանքով: «Հայաստանը ձգտում է խաղաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար եւ հավատարիմ է հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու գործընթացին»,- ասել է բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը:

Նա բարձր է գնահատել ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի Հանրապետությունում, որը վճռորոշ դեր է խաղում անվտանգության եւ տարածաշրջանի կայունության ապահովման գործում:

Ողջունելով հայ գործընկերներին` նորաստեղծ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Պատրիկ Կոարելոն կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ առաջարկել ընտրել ոլորտներ, որոնց շրջանակում էլ  կզարգացվեն հարաբերությունները:

«Կարծում եմ` մեր բարեկամական խմբի ձեւավորումը եւ համագործակցությունը հայ գործընկերների հետ կնպաստեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործին»,- ասել է նա:

Անդրադառնալով մեր երկրի բարեփոխումներին` Մերի Գալստյանը նշել է, որ չնայած առկա բոլոր մարտահրավերներին` Հայաստանը հաստատակամորեն առաջ է շարժվում իր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, մի շարք առանցքային ուղղություններով, որոնցից են օրենքի գերակայության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական եւ տնտեսական բարեփոխումները, շրջակա միջավայրի պահպանությունն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգը, որոնք նաեւ շեշտադրված են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ)  համաձայնագրում: «Ես այստեղ տեսնում եմ ներուժ մեր խորհրդարանների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու առումով եւ թույլ տվեք առաջարկել ՀԸԳՀ-ն ավելացնել որպես մեր առաջիկա հանդիպումների երկկողմ օրակարգի քննարկման առարկա»,- ասել է պատգամավորը:

ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը` ընդգծելով, որ բարեկամական խմբերն իրենց զգալի նպաստը կբերեն Հայաստանի եւ Իռլանդիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության եւ շփումների ակտիվացմանը: Նշվել է, որ նման համագործակցությունը հնարավորություն կտա ծանոթանալու երկու երկրներում ընթացող գործընթացներին, կազմակերպել քննարկումներ տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք բարձր են գնահատել Իռլանդիայի հստակ դիրքորոշումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումներին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի, մասնավորապես, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման վերաբերյալ:

Իռլանդիացի պատգամավորների խոսքով նրանք հարցի առնչությամբ գրավոր կդիմեն իրենց երկրի ԱԳ նախարարություն:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանն ու Իռլանդիան ունեն քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ, պատմության ողբերգական էջեր, նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, աշխարհասփյուռ համայնքների գոյություն: Իռլանդացի գործընկերները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նշել, որ դա կնպաստի ապագայում նոր ցեղասպանությունները կանխելուն:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի անդամներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930