Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ պետք լինի՝ կթքեմ, դուրս արի ստից»․ ԱԺ նիստերի դահլիճում ՊՊԾ-ն քաշքշում է ընդդիմադիր պատգամավորներին

Ապրիլ 20,2023 16:00

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր լարված իրավիճակ ստեղծվեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ։ Նա նախ թվարկեց իշխանության այն գործողությունները, որոնք ըստ մի շարք միջազգային զեկույցների՝ իմաստազրկում են իշխանության հռչակած ժողովրդավարությունը։

Թագուհի Թովմասյանն այնուհետեւ նշեց, որ խոստումները չկատարած իշխանությունն իրավունք չունի բարոյականության մասին դասեր տալու․ «Եվ ձեր արձանագրումներից հետո ես հիմա իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու այս ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Գործընկերներ, եթե համաձայն եք, միացեք իմ ակցիային։ Այլեւս չեմ կարող հանդուրժել, որ բանսարկությունն այս ամբիոնից հնչի»։

Ելույթի ժամանակն ավարտվեց, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Թագուհի Թովմասյանին․ «Սրա իմաստը ո՞րն է, որ անվտանգությունը գա եւ ձեզ դուրս ուղեկցի՞, որ լուսանկա՞ր լինի։ Բայց ձեր արածը ո՞նց եք բացատրելու։ Դուք էլ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարն եք»։

Թագուհի Թովմասյանի պատասխանները չէին լսվում, որովհետեւ Ալեն Սիմոնյանը հրահանգել էր անջատել նրա խոսափողը։ «Բա մնացածն ինչո՞ւ չեն միանում։ Պարոն Աբրահամյան, պարոն Մարգարյան, չեք միանալո՞ւ։ Անվտանգության աշխատակիցներին ներս եմ հրավիրում»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հրահանգեց նիստի ուղիղ հեռարձակումն անջատել։

Կադրերում միայն երեւաց, որ Թագուհի Թովմասյանին ամբիոնի մոտ մոտեցան «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը։ Հեռարձակումն այնուհետեւ դադարեցվեց։

Օթյակից լրագրողների նկարահանած տեսանյութերում երեւում է, որ Ալեն Սիմոնյանը բղավում է՝ չեմ վիճելու ձեր հետ, լքեք արագ դահլիճը, իսկ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով փորձում են դուրս հանել «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանին։ «Որ պետք լինի՝ կթքեմ, դուրս արի ստից»,-ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի հասցեին բղավեց Ալեն Սիմոնյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930