Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում կառուցվող բնակարանների գները ինձ համար ևս մտահոգիչ են»․ Շիրակի մարզպետ

Մայիս 05,2023 19:45

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ Գյումրիում բնակարաշինությամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններին տարածք տրամադրելիս՝ նրանց ղեկավարների հետ բանակցել գնային քաղաքականության շուրջ։

Մենք նշեցինք, որ գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում կառուցվող բնակարանների գները չեն զիջում մայրաքաղաքայինին, հասանելի չեն գյումրեցիների գերակշռող մասին, հետևաբար և համարել, որ Գյումրիի բնակֆոնդն է հարստացվում, այնպիսի ներդրումներ են անում, որ դա մեծ լավություն է այս քաղաքի բնակիչներին, ճիշտ չի լինի։

Մուշեղ Մուրադյանը համաձայնեց, որ գները շատ բարձր են և մտահոգիչ նաև իր համար։

«Որպես մարզպետ, որպես Շիրակի մարզի բնակիչ՝ այդ նույն սակագինը ինձ է նաև մտահոգիչ բայց քանի որ շուկայական հարաբերություններ են, մենք բոլորս գիտակցում ենք, որ շինարարության մեջ ծախսվող գումարները, դա լինի թե՛ շինանյութի կամ մնացած ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու ուղղությամբ, թե՛ աշխատուժի, գնային կարգավորումը մեկն է․ եթե հիմք կամ պատ ենք կառուցում, Երևանում էլ պիտի նույն աշխատանքը կատարենք, Գյումրիում էլ։

Բնականաբար սակագինը շատ բարձր է, ես էլ այդպես եմ մոտենում հարցին, բայց միևնույն ժամանակ նաև եթե ծախսերը, ինքնարժեքը և մնացած մասն ենք դիտարկում, տեսնում ենք, որ գրեթե այն հատվածներում, որտեղ որ շահույթ է գեներացվում, բոլոր ընդհանուր պրոցեսում նույն մակարդակն է՝ չնչին տարբերությամբ»,-ասաց Մուշեղ Մուրադյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023 թվականին Գյումրիում 3 նոր բնակելի շենքեր կկառուցվեն՝ շուրջ 457 բնակարաններ, և այս նպատակի համար 3 միլիարդ դրամի ներդրում է կատարվում։

Դրանցից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով «Մուշ» թաղամասում 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիրի կառուցումն է՝ 50 բնակարանով, որի համար ներդրվելու է շուրջ 1 միլիարդ դրամ։ Մյուս երկուսը Շիրակի մարզպետարանի հարևանությամբ կառուցվող երկու էլիտար շենքերն են՝ երկու տարբեր շինարարական ընկերությունների կողմից։

Դրանցից մեկը կունենա 311 բնակարան, այս նպատակի համար շուրջ մեկ միլիարդ դրամ է ներդրվում։ Մյուս շենքը կունենա 96 բնակարան, որի համար ևս ներդրողը դարձյալ ծախսելու է շուրջ մեկ միլիարդ դրամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031