Լրահոս
Օրվա լրահոսը

FlyOne Armenia-ի՝ Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվեց․ ուղևորները շուրջ 4 ժամ չգիտեին՝ ինչ է լինելու չվերթի ճակատագիրը

Մայիս 13,2023 11:33

Մայիսի 13-ին՝ ժամը 00։55-ին կայանալիք հայկական FlyOne Armenia բյուջետային ավիաընկերության Երևան-Ստամբուլ 3F 475  չվերթը հետաձգվեց։

Ժամը 00։43-ին հայտարարվեց, որ չվերթը մեկ ժամով հետաձգվում է, որովհետև ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիր է առաջացել։

Շուրջ մեկուկես ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո հայտարարվեց, որ չվերթը չեղարկվում է, սակայն ավելի ուշ ասացին, որ դա եղել է թյուրիմացություն։

Մի շարք ուղևորներ, այդ թվում այլ ազգերի ներկայացուցիչներ, սկսեցին դժգոհություններ ներկայացնել, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, քանի որ Ստամբուլից էլ այլ չվերթեր ունեին, Երևանում կեցության վայր չունեն։ Ընկերության աշխատակիցներն այդպես էլ հստակ որևէ բան չէին ասում ուղևորներին, թե  ի վերջո այսօր չվերթը կկայանա՞, թե՝ ոչ։ Ասացին, որ ունեն ընտրության իրավունք՝ կարող են իրենց իրերը վերցնել և դուրս գալ օդանավակայանից։

FlyOne Armenia-ից հայտարարեցին, որ փորձում են թուրք գործընկերների հետ բանակցել, հասկանալ հնարավոր կլինի՞ Շարմ էլ Շեյխ թռչող՝ ավիաընկերության օդանավի համար թույլտվություն ստանալ Թուրքիա մուտք գործելու, որպեսզի դրանով ուղևորներին փոխադրեն Ստամբուլ։ Սակայն թուրքական կողմն ասել էր, որ դա երկարատև գործընթաց է։

Aravot.am-ի և մյուս լրատվամիջոցների հարցերին, որոնք ևս այդ չվերթով պետք է աշխատանքային այցով մեկնեին Ստամբուլ, ավիաընկերության ներկայացուցիչները գերադասեցին չպատասխանել։ Aravot.am-ի դիտարկմանը՝ ի վերջո չեղարկվո՞ւմ է չվերթը, թե հետաձգվում, ի՞նչ են առաջարկում այն ուղևորներին, որոնք արդեն 4 ժամ է սպասում են, տեսախցիկի առաջ բացարձակ ոչ մի պատասխան չտրվեց։

Զրուցեցինք Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորներից ստամբուլահայերի մի ընտանիքի անդամների հետ։ Կինը նշեց․ «Ժամը 22։00-ից սպասում ենք։ Բան չեն ասել, պատասխան տալու մարդ չկա։ Իմ ամուսնու դեղերը ճամպրուկում են, ինքը առողջական խնդիր ունի, բայց այս պահին դեղ չունենք, որ ամուսինս ընդունի»։

Մի կին էլ հայտնեց՝ հիմա ոչինչ ասել չի կարող․ ընդամենը կես ժամ էլ կսպասի։ Ռուս և այլազգի զբոսաշրջիկներից շատերը չցանկացան հարցազրույց տալ։ Սակայն նրանից շատերը չգիտեին՝ ինչ են անելու։

Շուրջ երեքուկես ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո նոր միայն ավիաընկերության ներկայացուցիչները սկսեցին նրանց ջուր բաժանել։ Քիչ անց հայտարարվեց, որ չվերթը հետաձգվում է։ Չվատախտակին էլ ժամը 5։00-ից հետո հայտնվեց այն, որ չվերթը հետաձգվում է՝ մայիսի 14-ին՝ ժամը 00։20-ին։

Այն անձանց, որոնք Երևանում բնակության վայր չունեին, ավիաընկերությունը ապահովեց հյուրանոցով և լուծեց Զվարթնոց օդանավակայանից փոխադրման հարցը։ Սակայն ուղևորներից շատերը հույս չունեին, որ այսօր իրենց ի վերջո կհաջողվի հասնել Ստամբուլ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031