Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարությունն առաջնորդի համար պետք է լինի Աստվածաշնչի նման մի բան». Ռուբեն Հայրապետյան

Հունիս 27,2023 22:15

«Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը հունիսի 27-ին կազմակերպել էր բացօթյա դասախոսություն՝ «Առաջնորդները՝ ռազմավարության եւ փոփոխությունների կերտողներ» թեմայով։ Հանդիպումը բաց էր բոլորի համար, մասնակցում էին ինչպես «Մատենայի» տարբեր ծրագրերի մասնակիցներ ու շրջանավարտներ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պարզապես դասընթացով հետաքրքրված անձինք՝ շուրջ 400 հոգի:

Միջոցառման նպատակն էր հանրության լայն շերտերին ներկայացնել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք հնարավորություն կտան առաջնորդել ռազմավարական պլանավորման եւ փոփոխությունների գործընթացները եւ իրենց ղեկավարած կազմակերպություններում հասնել ավելի լավ արդյունքի։

Դասախոսությունը վարեցին ավստրիական խոշորագույն բանկային խմբի՝ «Erste Group»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն և խորհրդի անդամ, «Մատենա» միջազգային դպրոցի դասախոս Արա Աբրահամյանը եւ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

«Այս անգամ բաց դասախոսությանը գրանցվել է շուրջ 400 հոգի: Այս ցուցանիշը նախեւառաջ վկայում է, թե իրականում որքան մեծ է պահանջը եւ կարիքը նորը սովորելու և, ընդհանուր առմամբ, իրական որակյալ կրթության նկատմամբ: Ուրախալի է, որ դասախոսությանը գրանցվել են տնտեսության գրեթե բոլոր բնագավառներից՝ բազմաթիվ հիմնադիրներից, տնօրեններից եւ կառավարիչներից մինչև համապատասխան մասնագիտությունների ուսանողներ»,- նշեց «Մատենայի» տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

«Այսօրվա դասախոսության թեման են ռազմավարության եւ փոփոխության ուժ հանդիսացող առաջնորդները…Առաջնորդների դերի կարեւորության մասին խոսելը շատ դժվար է: Մենք Հայաստանում երկար ու մեծ պատմություն ունենք չտեսնված մասնագետների: Այսօրվա մեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը ցույց է տալիս, թե ինչքան առաջադեմ ու փայլուն մասնագետներ ունենք: Ու որպեսզի հասնենք ավելի բարձր մակարդակի, հաջողությունների, մեզ պետք են մարդիկ, որոնց գիտական, ինժեներական, մասնագիտական տաղանդը իրենց առաջնորդության միջոցով բազմապատկեն»,-ասաց Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանի ձեւակերպմամբ. «Այս պահին առաջնորդության համակարգը Հայաստանում գտնվում է ավելի շատ ինքնուս, բացառիկ տաղանդների մակարդակի վրա, ու որպեսզի այդ ամենը ստանա համակարգային տեսակ, մենք դպրոցի անհրաժեշտություն ունենք: Իսկ, այն ինչ տեղի է ունենում «Մատենայում» , չափազանց կարեւոր է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որ ոչ միայն բնածին մեծ տաղանդ ունեցող մարդիկ են հաջողության հասնում կամ նրանց ընկերություններն ու ստարտափերը, այլեւ այդ համակարգի միջոցով արտադրում ենք ապագա առաջնորդներ, որոնք մեր հայկական բիզնեսները մի այլ մակարդակի կբարձրացնեն»:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով, առաջնորդության ու ռազմավարության թեմաներն այնքան անսահմանափակ են, որ դրանց մասին կարելի է բավականին երկար խոսել. «Այս առումով, թերեւս մեզ համար նոր մարտահրավեր է, որպեսզի հասկանանք, թե սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում ինչ ենք խոսելու, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ դուք այսօրվա դասախոսության ավարտից հետո սկսեք նոր ուղղություններով մտածել: Կա մի հստակ հասկացություն, որը այսօրվա թեմայի առանցքային կապող օղակներից մեկն է, այդ հասկացությունը կոչվում է առաքելություն: Եթե ձեզ հարցնեն, թե ինչ բառի հետ եք ասոցացնում առաքելություն հասկացությունը, երեւի շատերդ տարբեր ուղղություններով կմտածեք, քանի որ մեծ փորձ ունեք, նաեւ կառավարման բնագավառում, բայց առաքելությունն այն հասկացությունն է, որը լավագույնս է կապում առաջնորդությունը ռազմավարության հետ: Առաքելությունն այն է, ինչ առաջնորդը պետք է կրի, եւ այն է, ինչ ցանկացած ռազմավարական պլանավորման գործընթացի գագաթում է կանգնած»:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով, ռազմավարությունը ցանկացած առաջնորդի համար պետք է լինի Աստվածաշնչի նման մի բան. «Եթե կա առաջնորդ, եթե մարդն իրեն համարում է առաջնորդ, կամ զբաղվում է գործունեությամբ, որը կարելի է կոչել առաջնորդություն, ապա առանց ռազմավարության՝ այդ գործընթացն անօգուտ է, անհնար է»:

«Արարատ» բանկի Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Անուշիկ Դոլինյանն ի թիվս այլոց մասնակցում էր «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կազմակերպած բաց դասախոսությանը: Նա նշեց, որ սկզբում զուտ հետաքրքրությունից է եկել՝ պարզելու համար, թե ինչ որակ կարող է ապահովել «Մատենան» եւ ինչ նոր բան կարող է տալ իրեն:

Իսկ այսօր գիտակցված է եկել բաց դասախոսությանը, քանի որ արդեն անցել է «Մատենայի» եռամսյա՝ տվյալների վրա հիմնված ռազմավարության դասընթացը եւ կարող է վստահաբար խոսել որակի ու այն բոլոր ձեռքբերումների մասին, որ իրեն տվել է «Մատենան» այս ծրագրի շրջանակում: «Այսօր եկել եմ լրացնելու այն բոլոր բացերը, որոնք մնացել են ինձ մոտ: Վստահ եմ, որ Արա Աբրահամյանի եւ Ռուբեն Հայրապետյանի վարպետության դասերը շատ կարեւոր են լինելու»,-հավելեց մասնակիցը:

Ինչ վերաբերվում է առաջնորդության վերաբերյալ դասընթացների կարեւորությանը, այդ մասին էլ Անուշիկ Դոլինյանը նշեց. « Թեպետ այստեղ առանձնացված են ծրագրերն՝ ըստ մասնագիտությունների, նախասիրությունների, բայց հիմնարար մոտեցումները, որ այսօրվա ղեկավարների համար կարեւոր են, «Մատենայի» բոլոր ծրագրերում առկա են: Բոլոր նրբությունները, որ այսօրվա իրականությունում անհրաժեշտ են լավ ղեկավար լինելու համար, մասնակիցները կարող են գտնել «Մատենայի» յուրաքանչյուր ծրագրում, որովհետեւ այստեղ կա սրտացավ մոտեցում, յուրաքանչյուր դետալ մտածված է, նյութը շատ լավ է հրամցվում բոլոր մասնակիցներին» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930