Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիանալի երեխաներ կան, նրանց հետ պետք է աշխատել առանց զլանալու». հայ մարզիկներն ԱՄՆ-ում փայլուն են հանդես եկել

Հուլիս 18,2023 16:23

Հայ մարզիկները փայլուն են հանդես եկել ԱՄՆ-ի կարատեի մրցաշարում՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Հուլիսի 13-19-ը ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ WKF վարկածով կարատեի ազգային առաջնությունը, որին մասնակցելու հրավեր են ստացել նաև «Գևորգյան» մարտարվեստների ակադեմիայի սաները։

Ակադեմիայի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Գևորգյանը կիսվել է նվաճումներով․ «Մենք ունեցել ենք 6 մասնակից, ընդ որում՝ գործող մարզիչ Էրիկ Գևորգյանն էլ է հավաքականի կազմում եղել։ Նա անձամբ մրցելույթ ունեցավ, ինչպես նաև՝ ղեկավարեց բոլոր սաների ելույթները։ Նրա պատրաստած սաները, որոնք Հայաստանը ներկայացնող մեր մարզիկներն են, հաջող հանդես եկան․ Էրիկ Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Լյուսիեն և Անաբել Մարկոսյան քույրերը նվաճեցին 2-րդ մրցանակային տեղերը, որը շատ բարձր տեղ է այսպիսի մրցումներում։ Ունեցանք 2-րդ և 3-րդ տեղերը նվաճած այլ սաներ ևս»։

Փորձառու մարզիչը մարզիկների ելույթները գնահատում է լավ՝ հաշվի առնելով, որ նրանք շատ քիչ ժամանակ է, ինչ զբաղվում են կարատե մարզաձևով և հիանալի արդյունքներ են գրանցել։ «Պարզապես նրանց խելացիության և մարզչի լավ մոտեցման շնորհիվ է, որ մենք կարողացանք այս արդյունքին հասնել, այլապես մենք հնարավորություն չէինք ունենա։ Ես կարող եմ բերել մեկ օրինակ՝ մեր Լուսիենը, որը 1 տարի ու կես է պարապում է կումիտե մրցաձևով, եզրափակիչ մրցամարտում մրցեց 6-7 տարի պարապած մարզուհու հետ, իհարկե դժվար մենամարտ էր, Լուսիենը նվաճեց արծաթե մեդալ, բայց ես համեմատական եմ տանում, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին էր մեր մրցելույթը»,- ասել է նա։

Նշենք, որ Վարդան Գևորգյանը կարատեի մարզչական գործունեությունը սկսել է իրականացնել 1985 թվականից։ 1985-89թթ․ աշխատել է ՆԳՆ ձեռնամարտի կենտրոնում որպես մարտական ինքնապաշտպանության և ձեռնամարտի մարզիչ և այդ տարիներին ընդգրկվել է ԽՍՀՄ 15 լավագույն մարզիչների ցանկում։ Վերջինիս կողմից ՀՀ ներմուծել է կարատեի նոր ոճ, և նա դարձել է Հայաստանի ձյոսինմոն սյորինրյու կարատե-դոյի ազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ։ Այդ ընթացքում աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում որպես դասախոս, այնուհետև՝ որպես ամբիոնի դոցենտ, պաշտպանել է ատենախոսություն, դարձել է մանկավարժական գիտությունների թեկնածու, 2 տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում։ 1999թ․-ին կարատե մարզաձևում Հայաստանում 1-ինը ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում։

Վարդան Գևորգյանը վերհիշում է՝ ասելով․ «Յուրաքանչյուր տարի մենք 5-6 անգամ դուրս էինք գալիս Հայաստանից և պարտադիր վերադառնում մեդալներով։ Երբևիցե չի եղել, որ ես առանց մեդալ վերադառնամ Հայաստան»։

2017թ․-ին Գևորգյաններն ընտանիքով մեկնել են ԱՄՆ և փորձել իրենց տեղը գտնել այնտեղ։ «Այդ ընթացքում մենք Լոս Անջելես քաղաքում ստեղծել ենք Գևորգյան կարատեի ակադեմիա կոչվող դպրոցը, որն արդեն 2 տարուց ավելի գործում է և այդ տարիների ընթացքում մեր սաները բազմաթիվ հաջողությունների են հասել։ Մարզական ուղղվածությունը ղեկավարում է իմ տղան՝ Էրիկ Գևորգյանը։ Նա Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ է, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից և Եվրոպայում բազում մրցումների հաղթող։ 2014թ․-ին կումիտե ոճում Տոկիոյում 16-18 տարական ավագ պատանեկան տարիքում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի WKF ներկայիս օլիմպիական ծրագրի մեջ մտած կարատե մարզաձևի ուղղությամբ դարձել է Եվրոպայի ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր»,- պատմել է փորձառու մարզիչը՝ հետևյալ կերպ եզրափակելով խոսքը,- «Լոս Անջելեսում ուզում ենք կերտել գրագետ, խելացի, կրթված, մարզված, հայրենասեր, հայախոս, հայեցի մտածող գեղեցիկ սերունդ ու դա մեզ անպայման կհաջողի, որովհետև այստեղ հիանալի երեխաներ կան, ուղղակի նրանց հետ պետք է աշխատել, առանց զլանալու»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31