Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը համարում է, որ Արցախից ու նախկին ԼՂԻՄ-ից դուրս եկած ադրբեջանցիները փախստականներ են, ուրեմն ճանաչում է Արցախի անկախությունը»․ Գրիգորի Այվազյան

Հուլիս 20,2023 17:54

«Առավոտի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցն օրակարգ բերելու քաղաքականությունը։ Դրան համարժեք ի՞նչ հարց պետք է հայկական կողմը բանակցային սեղանին։

-Առնվազն վաղուց պետք է դրված լիներ այդ հարցը՝ ադրբեջանահայության իրավունքների հարցը։ Պետական մակարդակով այդ հարցը չի դրվել եւ չի դրվում, հասարակական մակարդակով դա բազմիցս արվել է, ես ինքս բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ։ Բայց ինչքա՞ն կարելի է, հո Դոն Կիխոտը չենք։ Հիմա ձեւականություն կա, թե իբր հիշում են, բայց հիշելու քիչ բան կա, որովհետեւ ադրբեջանցիները եւ գույքագրել են, եւ վերահաշվարկել։ Մեզ մոտ գնալով այդ ամենը փոշիացվել է, ցավոք սրտի, եւ այլեւս հասարակական մակարդակով այդ հարցը բարձրացնել հնարավոր չէ։ Պետական մակարդակով հետեւողականություն պետք է լինի, ինչը մենք չենք տեսել ու չենք էլ տեսնում։ Այսպես կոչված փախստականները միանգամից Ադրբեջանի քաղաքացիություն են ընդունել, եւ Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներից դուրս եկողները չեն կարող համարվել փախստականներ, եթե չեն ճանաչում Արցախի անկախությունը։ Բայց ի՞նչ ենք տեսնում մենք, տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է այդ հարցը, իսկ հայկական կողմից միայն փորձում են արձագանքել։ Մի օր կգա, երբ արդեն արձագանքելու ոչ միայն ցանկություն, այլեւ հնարավորություն էլ չի լինելու։

Ես կարծում եմ, որ մենք պետք է վերակենդանացնենք ադրբեջանահայերի օրինական իրավունքների հարցը ու դնենք որպես հակակշիռ։ Որոշ մարդիկ արձագանքում են, թե՝ թուրքերը կգան Երեւանում ապրելու, բայց հայերը չեն գնա Ադրբեջան։ Հայերը չեն էլ պատրաստվում որեւէ տեղ գնալ ապրելու, բայց այս վիճակում գոնե ընդդեմ այդ քարոզչության գործողություններ պետք է անել։ Շառլ Միշելի հայտարարությունը, թե Աղդամով էլ պետք է բացվի ճանապարհը, բոլորս լսել ենք, տեսեք ո՞ւր է տանում այդ ամենը։

-Բանակցային գործընթացում դնել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների հարցը, ի՞նչ է նշանակում դա Հայաստանի համար։

– Նայած թե ով է դնում այդ հարցը։ Եթե Ադրբեջանն է դնում, ըստ իրենց քաղաքականության՝ դա ճիշտ է, իրենք միշտ էլ դրել են այդ հարցը, երբեք իրենց օրակարգից դուրս չի եկել։ Իսկ մեզ համար կործանարար է, մանավանդ, եթե հակակշիռը չկա, մանավանդ եթե ձեւական քայլեր ենք փորձում անել։ Մի քանի անգամ հասարակական կազմակերպություններն այդ հարցն իրենց ձեռքն են վերցրել, բայց պարզ է, որ ադրբեջանական պետական մեքենայի դեմ դժվար է հասարակական մակարդակում պայքարել։ Հուսով եմ, որ գոնե այս անգամ կհասկանան, բայց միայն հուսով եմ։ Ադրբեջանցիները հետեւողական են այդ հարցում, նրանք արդեն ծրագրեր են մշակել, արդեն ասում են, որ Սյունիքում, Արարատի մարզում, Սեւանի ավազանում ծրագրեր կան։ Արարատի մարզում միայն Տիգրանաշենի հարցը չէ, որը իշխանությունը «Քյարքի» է ճանաչում, չնայած ձեզ ոչ ոք իրավունք չի տվել, որ «Քյարքի» ճանաչեք։

Հայ փախստականները գնալով նվազում են, իսկ ադրբեջանցիները գնալով բազմանում են՝ ոչ թե իրական թվերով, այլ վերագրելով։ Իհարկե, նրանք չունեն փախստականներ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ եթե Ադրբեջանը համարում է, որ Արցախից ու նախկին ԼՂԻՄ-ից դուրս եկած մարդիկ փախստականներ են, ուրեմն ինքը ճանաչում է Արցախի անկախությունը։ Հակառակ դեպքում՝ նրանք ներքին տեղահանվածներ են, փախստականներ չեն։ Եթե նրանք նախկին ԼՂԻՄ տարածքը չեն համարում ադրբեջանական տարածք, լավ է, ուրեմն ճանաչում են Արցախի անկախությունը, շնորհավորում եմ մեր արցախցիներին, որոնք երկար ժամանակ է՝ գտնվում են զրկանքների մեջ։ Եթե նրանք ասում են, որ Հայաստանից փախստականներ են եղել, սուտ են ասում։ 1992 թվականին Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքով Հայաստանից փոխհատուցում ստանալով գնացածները բոլորը միանգամից համարվեցին Ադրբեջանի քաղաքացիներ։ Ըստ օրենքի ուժի՝ իրենք երբեք փախստականի կարգավիճակ չեն ունեցել։ Եթե նրանք չեղարկում են Ադրբեջանի Հանրապետության 1992 թվականի օրենքը, դա երեսպաշտություն է։

Ես համոզված եմ, որ եթե ճիշտ ուղղությամբ աշխատենք, եւ Արցախի հարցով է ամեն ինչ լավ լինելու, եւ այնպիսի վտանգ մեր գլխին նորից չի կախվելու, որ թուրքը գա Արարատի շրջան, Սեւանի շրջան եւ այլն։ Եթե մենք ճիշտ խաղարկենք մեր ունեցած խաղաքարտերը, հնարավոր է դա կանխել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31