Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր կոչերն արդյունք չտվեցին, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է արդեն պարտադրող որոշումներ ընդունի»․ Անդրիաս Ղուկասյան

Օգոստոս 16,2023 15:17

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից գլխավոր ակնկալիքն այն է, որ անվտանգության խորհուրդը որոշում կայացնի Լաչինի միջանցքի բացման համար միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօր հրավիրված նիստին ։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է հարկադրանքի միջոցներ կիրառվեն։ «Բոլոր կոչերը բազմաթիվ անգամ հնչեցին, ոչ մի արդյունք դա չտվեց։ Ուստի, հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է արդեն պարտադրող որոշումներ ընդունի։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսվում է լայն մեխանիզմների շրջանակ՝ ռազմական միջամտությունից, որը միջամտության ամենաբարձր մակարդակն է, մինչեւ ցանկացած այլ միջոցներով իրավիճակի վրա ազդելու մեխանիզմ։ Գլխավոր դիսկուրսը, որը Եվրոպայում ծավալվում է, այն է, որ բազմաթիվ անգամ եղել է արձանագրություն, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս պետությունների, ուշացումով է արձագանքում հումանիտար ճգնաժամներին, ցեղասպանություններին։ Հիմա կարծես կա հարցադրում՝ արդյոք պետք է սպասել, որ մարդիկ սկսեն Արցախում սովից մահանալ, թե՞ հարկավոր է միջամտել արդեն հիմա եւ չսպասել, որ իրավիճակը հասնի ծայրահեղ վատ դրության, եւ մարդիկ սկսեն մահանալ։ Կարծում եմ՝ այդ քննարկումն այդ ընկալման մթնոլորտում է անցնելու։ Վերջիվերջո Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան ենթադրում է հենց կանխարգելիչ գործողություններ՝ նման հանցագործություններ թույլ չտալու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է Արցախի ժողովրդի հետ, ակնհայտ է, որ դա պլանավորված հանցագործություն է»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031