Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա նյութն ամենածանր հանցագործությունը չէր, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ երեխայի նկատմամբ՝  փորձագետը երեխայի նկատմամբ սարսափազդու բռնության դեպքի մասին

Օգոստոս 19,2023 14:29

Այս դեպքը միակը և բացառիկը չէ, պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի արձանագրվել է 545 քրեական գործ, որոնք վերաբերվում են երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, 2021թ. արձանագրվել է 340 քրեական գործ, այսինքն մեկ տարվա կտրվածքով քրեական գործերը 105-ով ավելացել են: Սա նշանակում է, որ մեզ մոտ, և՛ նման դեպքերն են ավելացել, և՛ դեպքերի բացահայտումներն են ավելացել: Այս մասին այսօր ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը «Հոդված 3» ակումբում կայացած  «Սարսափազդու բռնություն, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ  նախորդ օրը համացանցում տարածվել էր աղմկահարույց տեսանյութ, որտեղ մայրը՝ Աննա Արեւշատյանը, ծեծում է անչափահաս երեխային, սեռական, ֆիզիկական, հոգեբանական բռնության ենթարկում։ Ընտանիքը բնակվել է Գավառ համայնքում։ Երեխայի հայրը դստերը սեռական բռնության էր ենթարկել։

Թումասյանի հավաստմամբ,  մարդիկ ներկայումս ավելի շատ են իրազեկված իրենց իրավունքներից, ուստի իրենց իրավունքների ոտնահարման հարցերով ավելի շատ են դիմում իրավապահ մարմիններին, ընդ որում՝ սկսել են նմանատիպ հարցերով դիմել հենց երեխաները:

«Երեկվա նյութն ամենածանր հանցագործությունը չէր, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ երեխայի նկատմամբ, պարզապես այդ նյութը տեսանելի է և զգացմունքային շատ մեծ ազդեցություն ունեցավ , որովհետև մեկ այլ բան է, երբ որևէ  հաղորդագրությամբ կարդում ես, թե տեղի է ունեցել սեռական հանցագործություն երեխայի նկատմամբ, կամ երեխայի վրա բնական կարիքներ են հոգացել, այլ բան է, երբ դու դա տեսնում ես: Այսինքն այդ նյութը տարածելը շատ մեծ ազդեցություն ունեցավ  մարդկանց հոգեբանական  վիճակի վրա և հիմնական արձագանքները հոգեհուզական էին:  Ազգաբնակչությունը շատ ծանր տարավ, որ իրենք ականատես եղան  այդ ամենին: Եթե մենք քննարկենք, առհասարակ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, այո՛ այնտեղ կան ահավոր դեպքեր , որոնք որևէ մեկը չի պատկերացնի  և տասնյակ անգամ ավելի ծանր են, քան այս դեպքը»,-նշեց բանախոսը:

Ի պատասխան այն հարցի, թե պետական-համայնքային, հասարակական ո՞ր մարմինների  աշխատանքի թերացման հետևանքով է 2021թ.-ի համեմատ 2022թ.-ի բռնության դեպքերի թիվ ավելացել՝ Դավիթ Թումասյանը նշեց. «545 դեպքի առկայությունը իրական պատկերը չէ, որովհետև  բռնության ոչ բոլոր դրսևորումներն են հանդիսանում հանցավոր և մենք ունենք  բավականին շատ բռնության դեպքեր, որոնք  հանցագործություն չեն համարվում և քրեական օրենսգրքում ամրագրված չեն: Երկրորդ, շատ հաճախ բռնության մասին չի բարձրաձայնվում, մասնավորապես, եթե այդ բռնությունը տեղի է ունեցել դպրոցում, եթե բռնությունն իրականացվել է ընտանիքում, ընտանիքի անդամի կամ ընտանիքի ընկերոջ կողմից կամ դա իրականացվել է փոքր համայնքում, որտեղ հնարավորություն կա երեխային պիտակավորելու կամ ամոթի զգացումից ելնելով՝ այդ տեղեկատվությունը չբարձրաձայնելու: Մենք դեպքեր ունենք, երբ պարզապես չեն հայտնում, այսինքն նույն բռնության ենթարկված ընտանիքը նախընտրում է փոխել բնակության վայրը, կոծկել դեպքը կամ ինչ-որ հաշտության տարբերակ գտնել, պարզապես որպեսզի չխայտառակվեն:

Ինչ վերաբերվում է բացահայտումներին, այո՛ առաջին հերթին պարտականությունների հստակեցումն է և անտարբերության բացառումը: Ցավոք, միայն առողջապահության ոլորտի վրա է դրված պարտականություն, որ հանցագործության ենթադրյալ հատկանիշների դեպքում՝ պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը»:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ  Գարանֆիլյանը ևս վերահաստատեց, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազում չի նկատվում: Նա  առաջարկեց քննարկման առարկա դարձնել ոչ թե կոնկրետ, այլս դեպքը, այլ առհասարակ այն երևույթը, թե ինչի հետևանք է մեր  հասարակությունում բռնության դեպքերի ավելացումը և ինչպիսի քայլեր պետք է կատարել՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կոնկրետ գործողություններ՝ նմանատիպ դեպքերից խուսափելու համար:  «Բայց կուզենայի ասել, որ անգամ լավագույն օրենքների, մեխանիզմների, գործիքակազմի ներդրման դեպքում, եթե հասարակությունը անտարբեր է գտնվում բռնության երևույթների հանդեպ , եթե չի բարձրաձայնում և եթե շատ անգամ բռնությունը համարվում է նորմ՝ երեխային դաստիարակելու տարբերակներից մեկը, չեմ կարծում, թե մենք արդյունք ունենանք»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031