Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր գրոհի մեկնարկը տրված է

Սեպտեմբեր 28,2023 12:00

Հարաբերությունների նորմալացման «նոր պատուհան», «խաղաղության մեկնած ձեռք», այսպիսի ձեւակերպումներով Անկարան ու Բաքուն ընդդեմ Հայաստանի նոր հարձակում են նախապատրաստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 25-ին մեկօրյա պաշտոնական այցով Նախիջեւանում էր։ Այցի նախօրեին թուրքական մամուլը հայտնում էր, թե որ հարցերն է Թուրքիայի նախագան իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկելու. «անջատողական հայերի զինաթափման գործընթացը», «Զանգեզուրի միջանցքը, որը պետք է «ապահովի ադրբեջանական հողերի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապը»։

Հիշեցնենք, որ Էրդողանն այս այցից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նշեց. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, եւ խոստումներն արագ իրականություն կդառնան, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ»։

Էրդողան-Ալիեւ օրակարգում նախանշված էր Անկարայի առաջարկած, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը։ Էրդողանը վերջերս հայտնել էր, թե առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ, սակայն Անկարան դեռ պատասխան չի ստացել այդ առաջարկին։

Ահա, Նախիջեւանից Էրդողանը դիմեց Հայաստանի իշխանություններին: «Վերջին հաղթանակը տարածաշրջանում իրավիճակի համապարփակ նորմալացման նոր պատուհան է բացել, եւ այդ հնարավորությունն անհրաժեշտ է գնահատել… Ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին եւ անկեղծ քայլեր կձեռնարկի։ Ես ինչպես միշտ նշել եմ՝ որտեղ կա խաղաղություն, այնտեղ պարտվածներ չկան»,- ասել է Ռեջեփ Էրդողանը, հավելելով, թե տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը «մեր պարտքն է մեր ժողովուրդների առաջ»։ «Մենք լի ենք վճռականությամբ կատարելու այդ պարտքը, մենք անկեղծ ենք։ Ցանկանում ենք, որ հակառակ կողմը եւս այդպիսի անկեղծություն ցուցաբերի»,- Նախիջեւանում նշեց Թուրքիայի նախագահը:

Ինչպես միշտ, Բաքվի վերջին գործողություններն Արցախում արդարացնելու նպատակով, Էրդողանը նշեց` «Ադրբեջանին այլ բան չէր մնում», քան ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում, քանի որ, ինչպես ինքն է նշել` «Ադրբեջանի արդարացի պահանջները շարունակաբար անտեսվում էին»։

«Տարածաշրջանում նորմալացման նոր պատուհան է բացվել, «ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին», այսօրինակ «խաղաղասիրական» հայտարարություններով իրականում Անկարան ու Բաքուն լծվել են ընդդեմ Հայաստանի գործողությունների եւ գործադրում են թե՛ հոգեբանական ու քարոզչական ճնշումներ, թե՛ գործնականում իրենց քաղաքական-դիվանագիտական քայլերն են առաջ տանում:

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները չշրջանցեցին նաեւ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թեեւ Ալիեւն ու Էրդողանն այդ եզրույթի կիրառումից խուսափեցին այդ օրը, այնուամենայնիվ, նրանց հայտարարությունների ենթատեքստը հստակ էր՝ Անկարան եւ Բաքուն շարունակում են այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ «Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջողությամբ շարունակվում է։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի տարածքում ընթացող աշխատանքները ավարտին կհասցվեն արդեն գալիք տարվա վերջին», – շեշտեց Ալիեւը՝ մեկ անգամ եւս հայտարարելով, թե Նախիջեւանի եւ բուն Ադրբեջանի միջեւ ցամաքային կապը 100 տարի առաջ արհեստականորեն է խզվել։ «Նախիջեւանը Ադրբեջանի հնագույն տարածաշրջանն է։ Ցավոք սրտի, 1920թ. խորհրդային իշխանությունները Արեւմտյան Զանգեզուրը արհեստականորեն անջատեցին՝ խզելով աշխարհագրական կապը Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ», – պնդեց նա։

Ալիեւը Ադրբեջանի հաղթանակների թեման գովազդեց… «Հինգ օր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը: Եթե երեք տարի առաջ՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում, մենք վերջ տվեցինք օկուպացիային, ապրիլի 23-ին՝ ադրբեջանա-հայկական սահմանի Լաչինի հատվածում անցակետ տեղադրելով, ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ապա հինգ օր առաջ, մենք ամբողջությամբ ապահովեցինք, վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ 24 ժամից էլ քիչ շարունակված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Ադրբեջանի տարածքում անօրինականորեն գտնվող Հայաստանի բանակային ստորաբաժանումներն ընդունեցին մեր պայմանները, եւ այդպիսով Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը»։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ սեպտեմբերի 19-20-ը ձեռնարկված ռազմական գործողություններից հետո Ղարաբաղում «մեկնարկել է տեղի հայերի ինտեգրումը», որն, ըստ նրա, «հաջող է ընթանում»։ Մինչդեռ Արցախից հայ բնակչության բռնի եւ զանգվածային տեղահանման փաստին Էրդողանն ու Ալիեւը հարկ էլ չհամարեցին անդրադառնալ։

Էրդողանն ու Ալիեւը մասնակցել են Իգդիր-Նախիջեւան գազատարի հիմնարկեքի արարողությանը, որը կայացավ Նախիջեւանի կենտրոնում գտնվող ընդունելությունների տանը, որտեղ էլ նրանք պարզապես երկու խորհրդանշական կոճակ սեղմեցին։ Էրդողանն ու Ալիեւը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի կապն ամրապնդող եւս մեկ ծրագրի մեկնարկ ազդարարեցին՝ ստորագրելով Կարս-Նախիջեւան երկաթուղու շինարարության վերաբերյալ մտադրությունների հուշագիրը։ Նրանք դա պատմական իրադարձություն անվանեցին։ Էրդողանն ու Ալիեւը մասնակցեցին նաեւ Ինքնավար Հանրապետության տարածքում ստեղծված վերականգնողական-ռազմական համալիրի բացմանը։

Հայաստանին ուղղված «խաղաղության ձեռքի» մասին մերթընդմերթ հիշատակելով, օրերս թուրք մեկ այլ պաշտոնյա ուղղակի սպառնաց Հայաստանին: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանելով Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ, պնդել է, թե Ադրբեջանը ստիպված է գնացել նման օպերացիայի՝ որի նպատակն է եղել՝ պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը։ Ըստ Ֆիդանի՝ Ադրբեջանի վերջին գործողությունը Հարավային Կովկասում կայունության եւ կարգավորման համար մի նոր հնարավորության պատուհան է բացել։ «Քանի դեռ ժամանակ կա, Հայաստանը թող ավելի լավ արժեւորի այս հնարավորությունը»,- սպառնացել է Ֆիդանը։ Նա նաեւ կոչ է արել Արեւմուտքին Հայաստանին ուղղված իրենց ուղղորդումներում ավելի տեղին խորհուրդներ տան. «Հակառակ դեպքում տարածաշրջանի իրականության հետ կապ չունեցող խորհուրդները եւ աջակցությունը խնդրի լուծման փոխարեն Հայաստանին ավելի շատ քաոս ու արցունքներ կբերեն»։

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ վերջին ճեպազրույցում հարց էր հնչել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Նախիջեւան կատարած այցի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ ունենալու հեռանկարների ու այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրեց, որ այս հարցերը քննարկվել են վերջերս ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջեւ Նյու Յորքում: «Ես չեմ պատրաստվում ասել ավելին, քան, որ մենք այս հարցով զբաղվել ենք Թուրքիայի կառավարության հետ: Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինքենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ օրը Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կարող են կառուցողական դեր խաղալ տեւական համաձայնության հասնելու գործում, եւ դա, իհարկե, կներառի Թուրքիան»,- ասել է Միլերը` այլ մանրամասներ չհայտնելով:

Միեւնույն ժամանակ թուրքական մամուլը «հայտնում» է, թե իբր` «հայկական ուժերը Ղարաբաղից տեղափոխվել են Զանգեզուրի միջանցք, որտեղ հայ-ադրբեջանական խոշոր պատերազմ է սպասվում»։ Թուրքական հրապարկումների հեղինակները հղում անելով ադրբեջանական կողմին, պնդում են, թե իբր «հայկական զորքերն իրենց ուժերը տեղակայում են «Զանգեզուրի» շրջակայքի շփման գծում», հիշեցնում են, թե իբր` «հայերը պարտավորվել են ե՛ւ բոլոր զինված ուժերը դուրս բերել Ղարաբաղից, ե՛ւ բացել Զանգեզուրը», հետեւաբար` «այսուհետ հիմնական պայքարը լինելու է Զանգեզուրում»:

Ահա, ընդդեմ Հայաստանի Հանրապետության թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-դիվանագիտական-քարոզչական հարձակման նոր փուլը` գործողության մեջ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930