Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով Ադրբեջանի հռետորաբանությունից՝ Ադրբեջանն ավելի շատ հակված է ուժային լուծումների. Արմեն Բաղդասարյան

Հոկտեմբեր 11,2023 16:08

Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին երեկ մեղադրել է տարածքային «չհիմնավորված ու անօրինական հավակնություններ» ունենալու մեջ: Այս հայտարարությունների նպատակը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ծրագրած նոր ագրեսիան է ընդդեմ Հայաստանի:

«Որպես իրադարձությունների զարգացման հիմնական նոր սցենար՝ Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան՝ անկլավների, Սյունիքի ուղղությամբ: Դրա համար, բնականաբար, պիտի քարոզչական նախապատրաստություն իրականացնի, քարոզչական հող ստեղծի: Դա ամենահավանական տարբերակն է, առավել եւս, որ այն, ինչ կատարվեց Արցախում՝ էթնիկ զտումները, միջազգային հարթակներում բավականին լուրջ աղմուկ են բարձրացրել ու վնասել Ադրբեջանի իմիջը, հիմա ադրբեջանցիները պետք է փորձեն ներկայացնել իրավիճակը որպես հայկական կողմի ագրեսիվ պահվածքի արդյունք»,- Aravot.am-ին ասաց Արմեն Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ սահմանին այս պահին զորքերի որեւէ կուտակում չունենք, էսկալացիայի շատ փոքր, գրեթե զրոյական մակարդակ է, քաղաքագետը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նաեւ ասաց, որ այդ էսկալացիան այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում ժամերի հարց է, այսինքն՝ նրա ասածը փաստացի որեւէ բան չէր հերքում: Նա հակառակն ասաց, որ առաջիկայում պարզ կլինի՝ Ադրբեջանը խաղաղությո՞ւն է ուզում, թե ՞ պատերազմ: Դատելով Ադրբեջանի հռետորաբանությունից՝ Ադրբեջանն ավելի շատ հակված է ուժային լուծումների: Այնպես որ չեմ կարծում, որ Փաշինյանի այդ հայտարարությունը որեւէ էական նշանակություն ունի»:

Արցախի դեմ վերջին պատերազմից ու արցախցիների բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցին հակասական հայտարարություններ, մեկ՝ թե ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններ չունեն, ապա նաեւ ՀՀ կողմից օկուպացված 8 գյուղերի ազատագրման եւ Արեւմտյան Զանգեզուրի մասին հայտարարություններ եղան: Քաղաքագետը հռետորաբանության փոփոխություն է արձանագրում. «Հռետորաբանության փոփոխություն է, բայց նպատակների փոփոխություն չէ: Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, միաժամանակ չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզներով է պետք իրականացնել սահմանազատումը, այդ դեպքում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը գրոշի արժեք չունի, որովհետեւ հայտնի չէ՝ ինչ տարածքի վրա է ճանաչում: Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններին՝ օրինակ, Սյունիքի, Սեւանի ավազանի որոշ հատվածի նկատմամբ, ապա Ադրբեջանը, իմ խորին համոզմամբ, ունի մի քանի սցենար եւ կարող է հավակնել այդ տարածքներին, բայց փախստականների վերադարձի միջոցով, հետագայում նրանց անվտանգությունը ապահովելու պատրվակով այնտեղ զորքեր մտցնելու միջոցով: Այսինքն՝ այնպես, որ թղթի վրա ինքը որեւէ հավակնություններ չունենա, բայց փաստացի վերահսկի այդ տարածքները: Սա կարող է լինել սցենարներից մեկը, դրա համար էլ ասում եմ՝ բացարձակապես պետք չէ Ադրբեջանի այդ հայտարարությունները լուրջ ընդունել, առավել եւս, որ մինչեւ հիմա նրանք որեւէ խոստում, պարտավորություն չեն կատարել, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները»:

Քաղաքագետի համոզմամբ՝ միջազգային հանրության համար բացարձակապես միեւնույնն է, թե ում կպատկանի Սյունիքը, նրանց համար էական է, որ ամբողջ Հարավային Կովկասը գտնվի անվտանգային նույն համակարգում, իսկ այդ համակարգը արեւմտյան անվտանգային համակարգն է՝ ՆԱՏՕ-ն. «Այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են, որ պետք է ընդհանուր անվտանգային համակարգ: Այդ համակարգում, թե ում կպատկանի այդ տարածքը, նրանց բացարձակապես չի հետաքրքրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031