Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կանենք, որ ձեզ միայնակ չզգաք»․ աշխատանքի տոնավաճառ Գյումրիում՝ արցախցիների համար

Հոկտեմբեր 12,2023 20:50

Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Մանթաշյանց գործարարների միության մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ու Գյումրու հայորդաց տունը կազմակերպել էին աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Տոնավաճառին մասնակցում էին մոտ 20 գործատուներ՝ առաջարկելով 100-ից ավելի թափուր աշխատեղեր։

Առաջարկվող աշխատատեղերը տարբեր էին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ու հաշվապահությունից մինչև հյուրատներում մաքրուհիներ, ադմինստրատորներ, լվացքատան աշխատակիցներ, մենեջերներ։

Օրինակ՝ Գյումրու Տեխնո-կրթական ակադեմիան մի քանի թափուր աշխատեղեր ունի, փնտրում է ինչպես ծրագրավորման լեզուներ դասավանդող դասախոսների, այնպես էլ վաճառքի մասնագետների։

Գյումրու Տեխնո-կրթական ակադեմիայի և «Ghost Services LLC»-ի ղեկավար Կարեն Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփանակերտում եղել են IT ոլորտի մասնագետներ, եթե տեղափոխված լինեն Գյումրին, հաստատ կգտնեն նրանց։

Հետաքրքիրն այն է, որ գործատուները պատրաստ են նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Արցախի մեր հայրենակիցների համար թե՛ հաշվապահական-հաշվառման ոլորտում և թե՛ հյուրանոցային բիզնեսում։

Տոնավաճառի առաջարկով հետաքրքրված արցախցիները բավական շատ էին․ շատերը եկել էին մանկահասակ երեխաների հետ։

Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արտակ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ իր ներկայացրած ընկերությունն այս պահին Գյումրիում ունի 70 թափուր աշխատատեղ, սակայն ցանկալի է, որ Արցախի մեր հայրենակիցները ևս մոտենան և առաջարկեն, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենք սկսեն այդ ուղղությամբ ևս մտածել։

«Մենք ամեն ինչ կանենք, որ դուք ձեզ միայնակ չզգաք և աշխատաշուկայում շատ արագ ինտեգրվեք», -ասաց բանախոսը։

Արտակ Գևորգյանը նաև թվարկեց Գյումրիի առավելությունները, ասաց, որ բիզնեսներ ունի թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում, սակայն ապրում է Գյումրիում, քանի որ այստեղ լավ պայմաններ կան՝ տեխնոլոգիապես ավելի հեշտ է, երեխաներին Գյումրիում կրթություն տալն ունի իր առավելությունները․ քաղաքը փոքր է, ենթակառուցվածքները երբեմն ավելի հարմարավետ։

Արցախի մեր հայրենակիցները տարբեր աշխատանքներ էին փնտրում․ մեկը Ստեփանակերտում ավագ գրադարանավար է եղել, մյուսը՝ ռուսերենի ուսուցչուհի, բուժակ։

Մեզ հետ զրույցում արցախցիներից շատերը նեղված էին տան վարձերի անչափ թանկ լինելուց, նրանք նշում են՝ գուցե մշտապես հաստատվեն Գյումրիում, եթե աշխատանք գտնեն։

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից 5 հոգանոց ընտանիքով, մանկահասակ երեխաների հետ Գյումրի տեղափոխված երիտասարդ մի կին ասաց․ «Գործատուներից վերցրեցի թղթերը, տեսնեմ աշխատանքի ինչ առաջարկ կա, միջնակարգ կրթություն ունեմ, բայց օպերատորի էլ, խոհարարի էլ վերապատրաստում ունեմ, ինչ աշխատանք էլ լինի, կուզեմ։

Գյումրիում տան վարձը շատ թանկ է, 140 հազար դրամ ենք վճարում ամսական, չգիտենք էլ կմնա՞նք Գյումրիում, թե՞ չէ, կախված է աշխատանք գտնելուց, աշխատանք լինի, որ կարողանանք հարմար վարկով տուն գնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում ՓԲԸ-ներից մեկում որպես վարորդ աշխատած տարեց մի տղամարդ էլ ասաց․ «Հուսով եմ մի աշխատանք կգտնեմ, հո տանը չենք նստի, վերջը մի բանով պիտի զբաղվենք չէ, որ կարողանանք ապրել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031