Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Որ հարցնում ենք, թե ինչի կորցրինք Արցախը, ինչի է Սյունիքը վտանգի տակ, ինչի են մեր սահմանները մինչեւ այսօր գնդակոծվում, մեր տարածքների որոշ մասն օկուպացված է, դա հետեւանք է այս իշխանության վարած քաղաքականության»

Հոկտեմբեր 19,2023 20:15

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում վերլուծելով մեր տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, ՀՀ-ի դեմ ահագնացող նոր մարտահրավերները, սպառնալիքները եւ դրանց պատճառները՝ ասաց. «Իրականում ապրում ենք շատ ծանր եւ դժվարին ժամանակներ։ Աշխարհում յուրաքանչյուր փոքր եւ միջին պետություն ունի անվտանգության եւ արտաքին քաղաքականության ճգնաժամ: Այդ պետությունները գլոբալ անվտանգության ապահովման եւ աշխարհակարգի տեսանկյունից հանդես են գալիս որպես անվտանգության սպառողներ եւ ոչ թե անվտանգություն ստեղծողներ:

Անվտանգություն ստեղծող պետությունները այսօր գլոբալ աշխարհում շատ քիչ են, բայց նրանց հակադրություններն էլ ստեղծել են նոր մարտահրավերներ, նոր բարդություններ, որոնք բազմաշերտ են: Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունը Ուկրաինայում միայն Ուկրաինայի պրոբլեմը չէ: Այն շղթայական էֆեկտով անդրադառնում է տարբեր տարածաշրջանների վրա: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը  միայն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պրոբլեմը չէ եւ կարող է շղթայական ռեակցիայով անդրադառնալ տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի վրա: Եվ այս փխրուն բալանսների խախտման պարագայում շատ ու շատ կարեւոր է արտաքին քաղաքականությունը:

Հիմա անդրադառնանք մեր երկրի ամրագրած արտաքին քաղաքականությանը եւ  կառավարություն կոչվածի իրականացվող գործողություններին: Վերջին շրջանում մենք եւ քաղաքական շատ ու շատ գործիչներ, ճանաչված եւ լավ պատրաստված փորձագետներ անընդհատ ասում են, որ կառավարությունը ձախողել է: Իրականում դա այդպես է»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Եվ որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչն է ձախողել կառավարությունը եւ թե որքանով է կարեւոր հասկանալ, որ դրանք ուղիղ անդրադառնալու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագայի, ֆիզիկական, կենսաբանական, բարոյահոգեբանական անվտանգության վրա, ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ Արցախի կորուստը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի վրա, ցավոք, ուղիղ բացասական ազդեցություն է ունենալու:  Հետեւաբար, ստեղծված այս իրավիճակում անհրաժեշտ է որպեսզի ձեռք առնվեն համապատասխան միջոցներ ՀՀ արտաքին քաղաքականությունը հաշվարկելի, հիմնավորված, փաստարկված, բոլոր տիպի էմոցիաներից հեռու, բացառապես մտքի եւ երեւույթները ճիշտ հասկանալու, դրանց ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները տեսնելու, գնահատելու եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի եւ անվտանգության ուղիղ պատասխանատվություն կրելու համար:

«Հիմա եկեք տեսնենք, թե  2021 թվականին այս կապիտուլյանտ իշխանությունները ինչպես խաբեցին ՀՀ քաղաքացուն, կորզեցին նրա 680 հազար ձայները եւ ինչպես կործանեցին Հայաստանի անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը: Ես դուրսգրումներ եմ արել ՀՀ կառավարության 2021/2026 թվականների ծրագրից, որն, ըստ էության, քաղաքական փաստաթուղթ է, հաստատվել է ԱԺ կողմից եւ որպես փաստաթուղթ պետք է հանդիսանա կառավարության գործունեության գնահատական»,-ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը եւ ընթերցելով կառավարության ծրագրի դրույթները՝ գնահատելով 2,5 տարվա արվածը։ Նա անդրադարձավ միայն ամենակարեւոր հարցերին՝ շրջանցելով սոցիալական, տնտեսական, ներդրումային, մշակութային, սփյուռքի հետ աշխատանքների ձախողումները:

Արտակ Զաքարյանը ներկայացրեց կառավարության ծրագրի առանցքային դրույթներով ժողովրդին տված խոստումներից եւ դրանց տրամագծորեն հակառակը կատարած քայլերից մի քանիսը:

Մասնավորապես, ՀԱՊԿ-ին անդամակցելուն նվիրված բաժինը, որտեղ կառավարությունը նշել էր կազմակերպության կառուցակարգերը ամրապնդելու, ՀԱՊԿ-ը որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւորագույն օղակ դիտարկելու, կազմակերպության միջազգային հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, բազմաթիվ այլ խոստումներ: «Իսկ թե ինչ է արել կառավարությունը ՀԱՊԿ-ի հետ, բոլորիս պարզ է։ Իր իսկ գրած ծրագրին հակառակ գործողություններ»,-ասաց բանախոսը՝ հատուկ շեշտելով, որ իր այս ասածները ամենեւին էլ ՀԱՊԿ-ի գործողությունների արդարացում չեն, այլ Հայաստանի կառավարության սխալ քաղաքականության արձանագրում, ինչը ստեղծել է երկկողմ բազմակողմանի անվստահության մթնոլորտ։

Հաջորդ մեջբերումը վերաբերում էր թշնամության մթնոլորտի հաղթահարմանը, ինչը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին օրակարգի հարց: «Այո, դա այդպես է։ Բայց եկեք նայենք, թե ինչպես է մեր հարգելի, մյուսի համար՝ սիրելի, մեկ ուրիշի համար՝ ատելի կառավարությունը վերաբերվում թշնամանքի խնդիրներին։ Ներքին քաղաքականության մեջ թշնամանք եւ ատելություն տարածող իշխանություններն իրենց սատելիտներով, մինչեւ այսօր բաժանումներ, պառակտումներ տարածող կառավարությունը կարո՞ղ է արտաքին անվտանգային միջավայրում թշնամանքի դեմ պայքարելը դարձնի կառավարության ծրագիր եւ առաջնահերթություն։

Ո՞վ կհավատա։ Թշնամանք եւ հակամարտություններ են տարածում նաեւ մեր շուրջը։ Հայ-ռուսական հարաբերությունները վերածվում են թշնամականի, ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չի լինի հայ-իրանական, Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում։ Սրանց համար մեկ օրվա խնդիր է բարեկամին թշնամի դարձնելը։ Այդպես չի լինում։ Դա անվտանգային բոլոր կանոններին դեմ է։ Ու որ հարցնում ենք, թե ինչի կորցրինք Արցախը, ինչի է այսօր Սյունիքը վտանգի տակ, ինչի են մեր սահմանները մինչեւ այսօր գնդակոծվում, ինչի է մեր տարածքների որոշ մասն օկուպացված, դա արդյունք է, հետեւանք այս իշխանության վարած քաղաքականության»,- նշեց Արտակ Զաքարյանը ու հիշեցրեց նաեւ Մինսկի խմբի համանախագահությունը, ՀՀ պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը ու տրված այլ խոստումներ եւս։

Արտակ Զաքարյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր տեսնում է, սակայն դրա համար ըստ նրա անհրաժեշտ է պրոֆեսիոնալ, լավ պատրաստված, պատասխանատու, հետեւողական կառավարություն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031