Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերքներ, որոնք նպաստում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը

Հոկտեմբեր 24,2023 09:30

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, հենց այս փաստն էլ հաշվի առնելով` «Առողջ առավոտի» մի քանի հրապարակումներն այս ամիս նվիրված կլինեն կրծքագեղձի առողջությանը վերաբերող թեմաներին։

Կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է կանանց շրջանում, թեև այն կարող է ախտահարել նաև տղամարդկանց։ Ռիսկի որոշ գործոններ մեծացնում են այս հիվանդության զարգացման հավանականությունը, և թեև դրանց առկայությունըլ դեռ չի նշանակում, որ մարդը հաստատ կհիվանդանա կրծքագեղձի քաղցկեղով, այնուամենայնիվ, վտանգների մասին իմացությունը թույլ կտա ավելի լավ պաշտպանվել այդ հիվանդությունից և ավելի շուտ ախտորոշել խնդիրը՝ հետագա բարենպաստ ելքն ապահովելու համար։

Իգական սեռն ու տարիքը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի առաջնային գործոններից են, դրանց թվին են պատկանում նաև ԴՆԹ-ի վնասվածքները, ժառանգականությունը, BRCA1 և BRCA2 գեների մուտացիաները, ճարպակալումը, էստրոգենի ազդեցությունը և այլն։

Կենսակերպը ևս կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի մեծացմանը․ հետազոտողները առանձնացնում են ծխելու, ալկոհոլի չարաշահման գործոնները, ինչպես նաև սննդակարգը, որում գերակշռում են վերամշակված մթերքները, ֆասթ ֆուդը, տապակած կերակուրները, շաքարն ու ռաֆինացված ածխաջրերը։

Վերոհիշյալ ռիսկի գործոններից շատերի վրա մարդն ազդելու հնարավորություն, ըստ էության, չունի, սակայն կենսակերպում և սննդակարգում փոփոխություններ նա կարող է անել՝ ի նպաստ իր առողջության։

Առողջ ապրելակերպը, կանոնավոր ինքնազննումն ու սքրինինգային հետազոտությունները ժամանակին անցնելը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը նպաստող կարևոր քայլերից են։

Դիտարկենք այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։

Մթերքներ, որոնք նպաստում են կրծքագեղձի առողջության պահպանմանն ու նվազեցնում քաղցկեղի զարգացման վտանգը

1․ Քեյլ կաղամբ, ռուկոլա, սպանախ, մանգոլդ և այլնկանաչ տերևավոր բանջարեղենի այս տեսակներն ունեն հակաքաղցկեղային ազդեցություն, քանի որ պարունակում են հակաօքսիդանտային ազդեցություն ունեցող կարոտինոիդներ՝ բետա-կարոտին, լյուտեին, զեաքսանտին։ Արյան մեջ այս հակաօքսիդանտների առկայությունը կապվում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգի նվազեցման հետ։

2. Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենը՝ կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկոլին նույնպես ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։
Այս տեսակները պարունակում են գլյուկոզինոլատի միացություններ, որոնք օրգանիզմի կողմից վերածվում են հակաքաղցկեղային պոտենցիալ ունեցող մոլեկուլների՝ իզոտիոցիանատների։

3․ Սոխը, սխտորը, սավզին շատ սննդանյութեր են պարունակում, այդ թվում՝ ծծմբային միացություններ, ֆլավոնոիդներ ու հակաօքսիդանտներ, որոնք էլ դրսևորում են հակաքաղցկեղային ազդեցությամբ։

4. Ցիտրուսայինները՝ նարինջը, թուրինջը, կիտրոնը, լայմն ու մանդարինը պարունակում են այնպիսի միացություններ, որոնք պաշտպանում են կրծքագեղձի քաղցկեղից․ դրանք են՝ ֆոլաթթուն, վիտամին C-ն, կարոտինոիդները՝ բետա-կրիպտոքսանտինն ու բետա-կարոտինը, ֆլավոնոիդային հակաօքսիդանտները՝ կվերցետինը, նարինգենինը և այլն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցիտրուսայինները պաշտպանում են ոչ միայն կրծքագեղձի, այլ քաղցկեղի շատ այլ տեսակներից։

5. Հատապտուղներ․ պարզվել է, որ հատապտուղներում պարունակվող հակաօքսիդանտները՝ ֆլավոնոիդներն ու անտոցիանները պաշտպանում են բջիջների վնասվածքներից, կանխում քաղցկեղի բջիջների բազմացումն ու զարգացումը։ Հատապտուղների, մասնավորապես հապալասի կանոնավոր օգտագործումը բարենպաստ է անդրադառնում կրծքագեղձի առողջության վրա։

6․ Մրգերից հակաքաղցկեղիայի պոտենցիալ են դրսևորել հատկապես դեղձը, խնձորը, տանձն ու խաղողը։ Օրինակ՝ 2014 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ դեղձի կազմում առկա հակաօքսիդանտներ-պոլիֆենոլները արգելակում են քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը։

7. Յուղոտ ձուկ․ յուղոտ ձկնատեսակները հայտնի են առողջության համար նպաստավոր հատկություններով։ Օմեգա- 3 ճարպաթթուները, սելենը և հակաօքսիդանտներն ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։

8․ Ֆերմենտացված մթերքները, ինչպիսիք են յոգուրտը, կիմչին, թթվեցրած կաղամբը, պարունակում են պրոբիոտիկներ և այլ սննդանյութեր, որոնք կարող են պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից։

9. Կանաչեղենն և համեմունքները բուսական միացություններ են պարունակում, որոնք հայտնի են հակաքաղցկեղային ազդեցությամբ։ Օրինակ՝ օրեգանոն պարունակում է կարվակրոլ հակաօքսիդանտը, քրքումը՝ կուրկումին, մաղադանոսը՝ ապիգենին, որոնք բոլորն էլ հակաքաղցկեղային ակտիվությամբ են օժտված։

10․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը նպաստող մթերքների թվին են պատկանում ամբողջահատիկ մթերքները՝ ցորենը, դարչնագույն բրինձը, քինոան, տարեկանը, գարին, ընկույզը. լոբազգիները և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031