Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կողմ քվեարկեց Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին բանաձևին, որում քննադատվում են Իսրայելի գործողությունները խաղաղ բնակչության հանդեպ

Հոկտեմբեր 28,2023 13:35

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ 120 կողմ, 14 դեմ և 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հորդանանի կողմից ներկայացված և մի քանի տասնյակ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի, կողմից հովանավորված բանաձևը, որով պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերին կոչ է արվում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել, չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ազատ արձակել պատանդներին, հարգել Գազայում ապրողների բոլոր իրավունքներն, ապահովել նրանց պաշտպանվածությունը, ինչպես նաև հումանիտար օգնություն մատակարարել նրանց:

Իսրայելին մասնավորապես կոչ է արվում հետ կանգնել Գազայի բնակիչների տարհանման և վերատեղաբաշխման որոշումից՝ դա համարելով բռնի տրանսֆերներ իրականացնելու փորձ: Բանաձևում Իսրայելին «օկուպացիոն ուժ» են անվանում:

Բանաձևի ընդունումն Ասամբլեան ողջունեց ծափահարություններով:

Հայաստանը կողմ է քվեարկել: Կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, ՀԱՊԿ բոլոր անդամները, Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն:

Դեմ քվեարկող 14 երկրներից են ԱՄՆ-ն և Իսրայելը:

Վրաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Հունաստանը և Հնդկաստանը որոշեցին ձեռնպահ մնալ:

Նախքան բանաձևի ընդունումը, կանադական պատվիրակությունը առաջարկեց դրույթ ավելացնել՝  Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը դատապարտելու մասին: Արձագանքելով Կանադայի առաջարկին՝ Պակիստանը պնդեց, որ այդ դեպքում անհրաժեշտ է նաև դատապարտել իսրայելական գործողությունները, «քանի որ կոնֆլիկտի իրական պատճառը 50 տարի շարունակվող իսրայելական օկուպացիան և անպատժելիության մթնոլորտում պաղեստինցիների սպանություններն են»:

88 կողմ, 55 դեմ և 23 ձեռնպահ ձայներով, կանադական առաջարկությունը մերժվեց, ինչն Ասամբլեայի մի մասի կողմից ողջունվեց ծափահարություններով:

Հայաստանը կողմ քվեարկող պետություններից էր: Կողմ էին նաև ԱՄՆ-ն, Իսրայելը, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը և Հնդկաստանը:

Դեմ քվեարկեցին Թուրքիան, Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, Իրանը, Չինաստանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Պաղեստինին հավատարիմ արաբական երկրները:

Ադրբեջանն այս քվեարկությանը չմասնակցեց:

Գլխավոր ասամբլեայի բանաձևն ընդունվեց երկօրյա բուռն քննարկումից հետո: Գլխավոր ասամբլեա հարցի տեղափոխումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ից ի վեր ՄԱԿ Անվտանգության խորհրդին չէր հաջողվում համաձայնության գալ հակամարտության սրման մասին բանաձև ընդունելու հետ կապված:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031