Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «ուժը» միայն Հայաստանի վրա է պատում

Նոյեմբեր 01,2023 12:00

Հայաստանին թշնամաբար վերաբերվող երկրների զայրույթն առաջացնողը, պարզվում է, հայաստանյան ընդդիմադիրների «պատկերացմամբ» ավելի բացասական կերպար է, քան այն պետության առաջնորդը, որի երկիրը Արցախում դիտորդի կարգավիճակում էր:

Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Արեւմուտքի ու Ռուսաստանի ունեցած վերաբերմունքի ու գնահատականների տարբերություններն ավելի ու ավելի ցցուն են դառնում: Թեեւ հայաստանյան քաղաքական դաշտում նախընտրում են չնկատելու տալ բազմաթիվ ակնառու փաստեր:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն օրերս ուշագրավ գնահատական է հնչեցրել, ասելով` «բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության եւ ամրության խորհրդանիշն է»: Ապա դեսպանը հավելել է, որ Եվրոպական Միությունը տարբեր նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը։

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովում Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերն իր հերթին մեկ այլ կարեւոր թեմա է արծարծել: «Մեր ժամանումից հետո միջադեպերի թիվը նվազել է, մարդիկ չեն լքում իրենց տները: Մենք մեծացրել ենք միջազգային ուշադրությունը հակամարտության նկատմամբ, բայց մենք ազատ չենք ասելու, թե ով է սկսել միջադեպը՝ անաչառություն ապահովելու համար։ Մեր առաքելությունը ծառայում է որպես կանխարգելիչ գործոն: Մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում։ Մեզ համար կարեւոր է շփվել խաղաղ բնակչության հետ եւ հասկանալ նրանց տրամադրությունները։ Բայց լուրջ հակամարտության դեպքում մենք պետք է լքենք մարտական գոտին»: Մարկուս Ռիտերն այնուամենայնիվ ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. «Դա է նպատակը: Իրավիճակը կայուն է, ամրացման աշխատանքներ են իրականացվում»:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը սվիններով ընդունեցին` Ադրբեջանը, Ռուսաստանը եւ հայաստանյան ընդդիմությունը: Նրանց անհաշտ պայքարն ընդդեմ այդ առաքելության դեռ շարունակվում է:

Ի՞նչ է հարկավոր Հայաստանին այս ծանր ու բարդ շրջանում… Որպեսզի մեր պետությունն իր տարածքային ամբողջականությունը սատարող գործընկերներ ունենա, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները Հայաստանից տարբեր ձեւերով դրսեւորվում են, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից պետությունն ամեն առիթ փնտրում է, որպեսզի մեղավորներ մատնանշելով` չկատարի Հայաստանի հետ իր պայմանագրային պարտավորությունները:

Բայց այս մասին հայաստանյան քաղաքական դաշտի մեծ մասը չի խոսում, նրանց հանձնարարված է խոսել, օրինակ, ընդդեմ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության: Նրանք պատրաստ են «ազգին բացատրել», որ ոչ մի լավ բան չկա նրանում, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու բարձրաձայնում է այդ մասին հրապարակավ` հարուցելով Ադրբեջանի ու Թուրքիայի զայրույթը:

Այսինքն, Հայաստանին թշնամաբար վերաբերվող երկրների զայրույթն առաջացնողը, պարզվում է, հայաստանյան ընդդիմադիրների «պատկերացմամբ» ավելի բացասական կերպար է, քան այն պետության առաջնորդը, որի երկիրը Արցախում դիտորդի կարգավիճակում էր, նրանց աչքի առաջ ադրբեջանական ստորաբաժանումներն առաջանում էին, քաղաքացիական անձանց էին սպանվում, ի վերջո, չեզոքություն դրսեւորեցին ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ եւ Բաքվի հետ միասին` «լուծեցին Ղարաբաղի խնդիրը»:

Ռուսաստանի մեղքերը «փակելու» ճանապարհին հայաստանյան «ընդդիմադիրների» տեքստերն ու ելույթներն արդեն աբսուրդի են հասել: Նրանք ոչ թե ողջունում են Հայաստանի պետականության, տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ միջուկային երկիր հանդիսացող պետության` Ֆրանսիայի առաջնորդի հայտարարությունը, այլ ջանք ու եռանդ չեն խնայում փրկել Ռուսաստանին` հեղինակության կորստից ու նրա արձանագրած ձախողումներից հետո:

Բրյուսելում օրերս կայացած ԵՄ առաջնորդների նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատեց Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությունները եւ վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը: «Ես վերադարձա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տիրող իրավիճակին՝ վերահաստատելու մեր մեծ զգոնությունն ու մտահոգությունը։ Մենք ցանկանում ենք շարունակել միջնորդական աշխատանքն այս երկու երկրների միջեւ։ Բայց պետք է լինի հստակ եւ միանշանակ աջակցության ուղերձ Հայաստանին եւ մասնավորապես նրա տարածքային ամբողջականությանը: Նախագահ Ալիեւի վերջին հայտարարությունները եւ ուղարկված ազդանշանները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում»,- ասել է նա: Մակրոնի խոսքով` Ֆրանսիան զգոն կլինի. «Պետք է ապահովել, որ 1991-ին ճանաչված սահմանները, որոնք կրկնվել են Պրահայի հռչակագրում, հարգվեն բանակցող բոլոր երկրների կողմից եւ ես ուզում եմ այստեղ վերահաստատել մեր մեծ զգոնությունը»։

Բաքուն անմիջապես քննադատեց Մակրոնի վերոնշյալ հայտարարությունները: «Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է եւ անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա եւ խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում: Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր», – նշել է ԱԳՆ-ն: Ըստ գերատեսչության` Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»:
Արեւմուտքից դժգոհ է նաեւ հայաստանյան ընդդիմությունը: Ահա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վերջերս արտահայտած մտքերից մեկը. «Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետեւ Ալիեւը չի ցանկացել մեկնել: Այն, ինչ անհրաժեշտ էր ստանալու այս բանակցային գործընթացում առաջին հերթին Արեւմուտքից, ինքն արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում Արցախից: Ինքը իր նպատակին հասել է, հետագա իր գործընթացներում շեշտը դնելու է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակը ՀՀ-ի նկատմամբ ճնշումների շարունակությունն է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների շրջափակման շրջանակներում»: Հայաստանի ընդդիմադիրները ռուս պաշտոնյաների ամենշաբաթյա հայտարարությունները` տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ չեն լսո՞ւմ, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման անհրաժեշտության մասին նրանց հորդորները չեն նկատո՞ւմ:

Ադրբեջանի արձագանքը, մինչդեռ, միանգամայն սպասելի է, զարմանալու ոչինչ չկա: Բաքվում դեռ չեն մարսել Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին իրադարձությունները: Երեւանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքով՝ Փարիզը Երեւանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ըստ պաշտոնյաների՝ ֆրանսիական կողմը կօգնի Հայաստանին նաեւ Զինված ուժերի բարեփոխումների հարցում: Պաշտոնական Փարիզը հստակ ընդգծում է, որ ռազմական մատակարարումների պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։ Ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ այս համագործակցությունը կամրապնդի նաեւ սահմանների պաշտպանությունը: Ավելի վաղ Սենատի հանձնաժողովում կայացած 2024թ. բյուջեի քննարկման ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն պարզաբանել էր` Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։

Բաքվի ջղաձգումներին զուգահեռ դժգոհ է նաեւ Մոսկվան: Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ից քննադատության հերթական չափաբաժինն էր, դարձյալ` Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ: ՀՀ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե` «Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելությունն իրականում զբաղված է Ռուսաստանի եւ Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»: «ՀԱՊԿ-ի արդյունավետությունը համոզիչ կերպով դրսեւորվեց 2022թ. հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ փոխարենը Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի եւ Իրանի դեմ՝ համապատասխան տեղեկությունները զեկուցելով Բրյուսելին:

Ալիեւին հավատարիմ ընկերներից ու բարեկամներից կազմված կառույցին «դիտորդական առաքելության» տեսքով Հայաստանում տեսնելն, իհարկե, զավեշտի ժանրից կլիներ: Սակայն այստեղ առավել ուշագրավ է, թե ինչպես է Մոսկվան կարողանում «կապել» միմյանց թեմաներ, որոնց վերաբերյալ գոյություն ունեն պարզ ու հստակ բացատրություններ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում տեղակայվեն մի կառույցի դիտորդները, եթե այդ կառույցի որեւէ անդամ չի ճանաչում իր դաշնակից մյուս երկրի տարածքային ամբողջականությունը, ավելին` ընդգծված Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ են զբաղված:

Ու Մոսկվայի ուժը, ինչպես ասում են, միայն Հայաստանի վրա է պատում: Թոււրքերը ռուսական ռազմական ինքնաթիռ խոցեցին, Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանեցին, ռուսական ուղղաթիռ են խոցել` թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, Արցախում սեպտեմբերյան ռազմական օպերացիայի ժամանակ ռուս զինվորականներ սպանվեցին: Այս դեպքերում, սակայն, Մոսկվան բավարարվել է թուրքական եւ ադրբեջանական կողմերից հրապարակային «ներողություններ» ընդունելով, իսկ այդ թեմաները մոռացվել, փակվել են: Մինչդեռ Հայաստանի դեպքում ցանկացած առիթ` իսկական թոհուբոհ է առաջացնում Ռուսաստանում:

Անցյալ շաբաթ, պարզվում է, ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնեց Մարիա Զախարովան: «Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների եւ խաղաղապահների հասցեին, որոնք վտանգում եւ զոհում են իրենց կյանքը հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության»,- ճեպազրույցում ասաց Զախարովան։ Նրա խոսքով՝ հայ դիվանագետին մատնանշվել է «հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների եւ Telegram ալիքներում շարունակվող հակառուսական արշավի անընդունելիությունը»:

Զախարովան նաեւ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել էր The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են արեւմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստած պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Ցավոք, նման սադրանքները հայկական իրականությունում գործում են, մեզ էլ են հաճախ հարցնում, սադրիչ հարցեր էլ են տալիս, մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ շփումներում», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հարցազրույցում փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապի նշանակությունը, նսեմացնել Հայաստանի եւ հայաստանցիների անվտանգությունն ապահովելու հարցում ռուս զինվորականների եւ սահմանապահների դերը։ Ապա անդրադառնալով 90-ական թվականներից Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը՝ Զախարովան ասել է, որ ռուս սահմանապահների առկայությունը պահանջված է եղել՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակը եւ Երեւանի չկարգավորված հարաբերությունները հարեւան երկրների հետ: Զախարովան նշել է նաեւ, որ ռուս սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում են հայ-իրանական սահմանին մաքսանենգության փորձերը, իսկ 2020թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին:

Փաստորեն, ռուս սահմանապահները ՀՀ տարածքում զբաղված են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերը կանխելով: Ահա, թե ինչու Մոսկվան մի քանի տարի է, ինչ չի «նկատում» ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումները ու դրանց վերաբերյալ գնահատական չունի:
Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին… Ահա, նոր թեմա` ցույց տալու, թե որքան «պահանջկոտ» է Ռուսաստանը դաշնակիցների նկատմամբ: Եվ որպեսզի ապահովվի ռուսական գնահատականների «ճշմարտացիությունը»՝ Մոսկվային օգնության են հասնում հայաստանյան ընդդիմադիրները, որոնք «Ռուսաստանին Հայաստանից դուրս քշելու» Արեւմուտքի «հեռահար նպատակների» թեման են կրկին ծամում` տարբեր դիտանկյուններից, առանց ուշադրություն դարձնելու նշյալ հարցազրույցում հնչած այս հարցին` «…պլանավորո՞ւմ եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից», եւ Փաշինյանի հետեւյալ պատասխանը. «Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, եւ, իհարկե, նաեւ կարծում եմ՝ սա Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջեւ աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

Հայաստանում Ռուսաստանի դեմ հակաքարոզչության հիմքերը Կրեմլի քաղաքականության մեջ են, դրանք պայմանավորված են այսօրվա Ռուսաստանի վարած քաղաքականությամբ: Այդ գիծն ընթանում է վաղուց, այն օրվանից, երբ Մոսկվան քաղաքական որոշում կայացրեց` զինել Հայաստանի թշնամի պետությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930